«Ես երկար կարող եմ խոսել իմ այսօրվա իրավիճակի մասին, կարող եմ պատմել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս և այն ամենը, ինչի միջով անցել եմ 3 տարի և 5 ամիս, բոլոր այն իրավական և քաղաքական որոշումների մասին, որոնք կայացվել են միայն իմ հանդեպ և իմ գործի վերաբերյալ:
Մի ամբողջ պետական անիվ ամեն օր և ամեն վայրկյան փորձել է ճզմել ինձ, թե ինչպես էին հաճախ ինձ ասում և նույնիսկ չէին էլ թաքցնում։ Մեկ նախադասություն էր հնչում ամեն օր թե՝ ո՞վ եմ ես, որ ռիսկ եմ արել դուրս գալ իշխանությունների դեմ։
Կարևոր չէին իմ բոլոր այն պատասխանները, որ տալիս էի։ Ասես գլխով պատին հարվածեի: Ժամանակի ընթացքում հասկացա, որ իզուր եմ փորձում խոսել ճշմարտությունից, արդարությունից, հայրենասիրությունից: Նրանց համար այդ ամենը լոկ խոսքեր էին: Ես դադարեցի բացատրել, որ 1+1=2։ Հասկացա, որ որոշ մարդիկ գերադասում են անձնական շահը՝ ազգային և պետական շահից։ Նրանք պատրաստ են զոհաբերել ամենքին և ամեն ինչ՝ հանուն իրենց շահերի: Չեմ կարող չասել, որ սրտի ցավով եմ նայել իմ երկրի ամեն մի ձախողմանը. կարծես այդ ձախողումները դիտավորյալ լինեն։
Երբ հեղափոխություն տեղի ունեցավ, բոլորս ուրախացանք: Վերջապես հնարավորություն կար՝ ազատ և արդար երկիր ունենալու։ Չեմ թաքցնում, որ հավատում էի, որ բոլոր քաղբանտատկյալներն ազատ կարձակվեին։ Ուրախ էինք, որ ոչ միայն հայ ազգն ազատության ձեռք բերեց, այլ նաև այն մարդիկ, որ բանտում էին հայտնվել հանուն հայ ազգի՝ ընդդեմ մի ռեժիմի, որը, ինչպես հիմա բոլորս ենք տեսնում, և ինչպես այսօրվա մեր իշխանություններն են ասում՝ լկտիաբար 2008-ից բռնազավթել և թալանել են ամեքին և ամեն ինչ: Վերջապես տանջանքները, մեկուսացումը, տառապանքները վերջ կունենային, և ոչ միայն բանտում գտնվողների մասին է խոսքս, այլ նաև ամբողջ մեր ժողովրդի ։
Րոպեները դարձան ժամեր, ժամերը՝ օրեր, և այսպես արդեն համարյա մեկ տարի է ինչ ունեցել ենք հեղափոխություն և ես դեռ կալանքի տակ եմ, իսկ քրեական գործը, դատավարությունը դեռ շարունակվում է, չնայած որ ամեն անգամ դատական նիստերը հետաձգվում են։ Ես բանտում ապրեցի բոլոր դժվարությունները, ընդհուպ` մինչև կիսամեռ վիճակում հայտնվելը: Պատիժ և վրեժխնդրություն, ահա թե ինչ եմ զգացել իմ կաշվի վրա ամեն օր և ամեն վայրկյան, բայց թե ինչո՞ւ է դեռ շարունակվում, դա ինձ համար հարցական է:
Երբեմն մտածում եմ, միգուցե ես չեմ հասկացել հեղափոխության սկզբունքները և նպատակները: Արդարադատության հետքն անգամ չկա, իսկ առանց արդարադատության՝ մենք երբեք չենք կարող դառնալ իրավական պետություն: Կյանքի իրավունք, պրելու իրավունք, ազատության իրավունք, արդարության իրավունք, ահա թե ինչ չեմ տեսնում և զգում մինչ առ այսօր։ Այսքան անտարբերություն մեր երկրում, երբ ամեն մի մարդ պետք է համարվի գերագույն արժեք։
Չէ՞ որ մենք համարյա պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, չէ՞ որ մեր երկրի ամենամեծ ռեսուրսը մարդն է, ՀՀ քաղաքացին։ Մինչդեռ, մինչ առ այսօր մտրակն ու պատիժը համարվում են իրավական և քաղաքական գործիքներ, անհամարժեք և անհամապատասխան իրավական և քաղաքական որոշումններ, որոնք ինձ համար տրամաբանությունից դուրս են: Շատ ժամանակ մտածում եմ, միգուցե երկարատև ջերմությունից և հիվանդությունից ես չեմ կարողանում տրամաբանորեն մտածել, բայց վերջում համոզվում եմ, որ՝ ոչ ։
Ամեն վայրկյան համոզվում եմ, որ կան ստվերում գտնվող մարդիկ կամ մարդ, որ շահագրգռված է և ամեն ինչ անում են, որպեսզի բավականացնեն իրենց վրեժխնդրության ծարավը։ Ես համոզված եմ, որ նրանք պատրաստ են յուրաքանչյուր քայլի։ Միգուցե նրանք վախենում են կամ իսկապես արյան ծարավ են: Ասեմ ձեզ, որ ինձանից չէ, որ պետք է վախենաք, այլ ժողովրդից, իսկ ձեր ծարավը չեք հագեցնելու։
Մի փոքր հիասթափեցնեմ ստվերում գտնվող և գործող անսկզբունք և բարոյականությունից զուրկ մարդկանց, որ ես չեմ պատրաստվում մեռնել: Իմ երակներում դեռ հոսում է իմ նախնիների արյունը և այն դեռ տաք է։ Հետաքրքիր մի հանգամանք ևս, մեր դատավարության մեղադրող կողմը մինչ առ այսօր չի ընդունում, որ տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ չէ որ յուրաքանչյուր դատախազ համարվում է պետական մարմնի անդամ ։
Զարմանալի է, բայց փաստ է. մեր դատական համակարգը մեծ հեղափոխության կարիք ունի, քանզի առողջ և անկախ դատական համակարգը՝ գրավականն է յուրաքանչյուր իրավական երկրի: Ես ինքս բարձրաձայնելու հնարավորություն չունեմ, չունեմ հնարավորություն մամուլի հետ հանդիպման և ստիպված եմ բառ առ բառ գրել։ Ամեն անգամ, երբ չեմ կարողանում միտքս կամ գաղափարս հանրությանը կամ գոնե ընտանիքիս հասցնել, կամա, թե ակամա հիշում եմ Սովետական Միության ռեժիմը, որտեղ մարդուն մեկուսացնում էին, կալանավորում էին, իսկ հետո վերջում`տանջելուց հետո, սպանում կամ սպասում էին, որ որևէ հիվանդությունից կմահանար։
Վախեցած փաստաբաններ, ուղղորդված դատավորներ, փակ լրատվական միջոցներ, մենաշնորհ քաղաքական դաշտ և ամենայն անտարբերություն այս ամենին։ Վերջերս ուշի-ուշով նայում և հետևում եմ, թե ինչպես մեկը մյուսի հետևից ազատվեցին մարդիկ մի կլորիկ և խոշոր գումարի դիմաց և լքեցին ՀՀ-ում դեմ հեղափոխություն է տեղի ունեցել։ Բանտում մի թևավոր խոսք է ձեւավորվում. «Տերովին տերն է տարել, անտերին` վառանյոկը»: Ահա իրականությունը, որն ունենք այսօր ։
Որոշ ներկայիս քաղաքական գործիչներ նույնիսկ անձամբ ընդունել են, որ չեն ցանկանում աջակցել մեր քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարությանը, որովհետեւ նրանց հրահանգել են չաջակցել և չխառնվել։ Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը՝ զարմանում եմ, որ չեմ զարմանում։ Տարիներ առաջ, երբ փորձում էի բարձրաձայնել Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին, նույն անտարբերությունն էր տիրում։ Նույնիսկ կալանավորված և մեկուսացված աշխարհից, կրկնում էի սպասվելիք պատերազմի մասին։
Արդյունքում ունեցանք 140-ից ավելի զոհ։ Ամեն մի զինվոր, մի տան ճրագ: Նախորդ ռեժիմը ավելի շատ զբաղված էր ինձ խեղդամահ անելով, քանց թե Արցախի և Հայաստանի անվտանգությամբ զբաղվելով: Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ ինքնահաստատվելու կարիք ունեն, բայց ինձանից նրանց մի խորհուրդ, մի’ արեք դա՝ արհամարելով հասարակ մարդկանց, մի; արհամարեք ազատությունն ու արդարությունը, ապրեք հանուն, այլ ոչ թե ընդդեմ, գործեք և աշխատեք հանուն և ոչ թե ի շահ անձնական շահերի։
Հիշեք, որ բոլորս հասարակ մարդիկ ենք, չնայած մեր տարբեր կարգավիճակների, որն ի դեպ փոփոխական է և ժամանակավոր: Ոչինչ հավերժ չէ, դա հենց նախորդ ռեժիմը զգաց իր կաշվի վրա։ Լինի դա հեղափոխություն, թե Քառօրյա պատերազմ, միշտ հասարակ մարդիկ են պայքարում և զոհաբերում իրենց ազատությունը և կյանքը՝ հանուն մեր բոլորիս ապագայի։ Ազատությունը պետք է լինի մեր ազգային, պետական հարստություններից ամենակարևորներից մեկը։
Շատ կցանկանայի հանդիպել որևէ իրավապաշտպանի կամ որևէ պատգամավորի հետ, որն ի դեպ, ևս Խոչընդոտվում է: Այդպիսով գոնե կկարողանայի հասկանալ, թե ինչո՞ւ եմ մեկուսացված և անազատության մեջ։ Ցավոք սրտի այսօր դա անհնար է։
Իրավական տեսակետից, երբ հեղափոխություն է տեղի ունենում, բոլոր քաղբանտատկյալներն ազատ են արձակվում, իսկ նրանց հանդեպ քաղաքական և քրեական հետապնդումները՝ դադարեցվում: Դա տեղի է ունեցել աշխարհում տեղի ունեցած յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ:
Սպասել, որ նախորդ ռեժիմի կողմից ուղղորդված դատական համակարգն արդարադատություն իրականացնի, դա անտրամաբանական է և անհեթեթություն։ Գերադասելի է հեղափոխությունից հետո մեկ զանգով արդարություն իրականացնել, քան թե թողնել, որ անարդարությունն ու անորոշությունը խորտակեն մարդկային կյանքեր։ Չէ՞ որ հեղափոխության նպատակն արդարադատության վերականգնումն է։ Ինչպե՞ս կարող են մարդկանց դատել հեղափոխություն նախապատրաստելու համար, այն դեպքում, երբ հեղափոխություն է տեղի ունեցել ։
Դա նույնն է, թե 2008 թ-ին տեղի ունենար հեղափոխություն և հարյուրավոր մարդիկ, որ ձերբակալվել էին, դատապարտվեին և մնային բանտում: Եթե 2008թ-ին իշխանությունը բռնազավթվեր, ուրեմն ես չէի կարող փորձել բռնազավթել այդ նույն իշխանությունը։ Դա անտրամաբանական է և անհեթեթություն է։ Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը: Ինձ երբեմն ասում են, որ քանի որ ես չեմ պատկանում որևէ կուսակցության կամ գոնե չունեմ ֆինանսական գերհզոր ռեսուրսներ, չեմ կարող ունենալ կամ ստեղծել լայն հանրային պահանջ: Հետաքրքիր է, չէ՞։
Այս ամենն ինձ հասել է հեղափոխությունից հետո և հեղափոխությունից առաջացած իշխանության, պատգամավորների և գործադիր իշխանության նախարարների և այլ անդամների կողմից։ Ինձ երբեմն հորդորում են չմտածել և չխոսել, ինչ-որ մարդկանց դուր չի գալիս իմ մտքերն ու գաղափարները: Այդպես էլ իմ հարցին, թե ովքե՞ր են այդ մարդիկ՝ պատասխան չստացա: Վերջերս նույնիսկ ինձ հասավ, որ կան մարդիկ, որոնք չեն ուզում, որ ես բանտից կենդանի դուրս գամ։
Բայց ես վստահ եմ, որ իմ ժողովուրդը, իմ սուրբ հողն ու ջուրը թույլ չեն տա, որ ես դառնամ հերթական զոհը, ավազակության, ագահության, լկտիության: Ամեն անգամ, երբ լսում եմ մեր վարչապետի խոսքերը , թե ինչպես և ինչքան են թալանել լկտիաբար ու առանց որեւէ խղճի խայթի, և թե ինչ աստիճանի, հասկանում եմ, որ իսկապես հեղափոխության կարիք կար մեր երկրում: Ներկայումս հիվանդանոցում փորձում եմ ոտքի կանգնել մի քանի հիվանդություններից, որոնք կարող են ճակատագրական լինել ինձ համար։ Հիմա ոչ միայն պայքարում եմ հանուն ազատության, այլ նաև որպեսզի կենդանի մնամ։
Հուսով եմ կկարողանամ հաղթանակ տանել այս պայքարներում։ Մի բան ևս կցանկանայի գրել, որ քանի դեռ առյուծներն իրենց պատմաբանը չունեն, որսորդներն են գրում նրանց պատմությունը այնպես, ինչպես ուզենան….սա բոլոր նրանց համար ովքեր խոչընդոտում են իմ ազատությանն իրենց պատմություններով և վարկաբեկումներով և չմոռանանք, որ արծիվը թռչում է մենակ, իսկ ագռավները՝ խմբով:
Աստված մեզ բոլորիս պահապան: Ամեն։
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐԹՈՒՐ ՎԱԼԵՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: