«Քանի որ կրակել են մեր ուղղությամբ, ինքն էլ իր հերթին պատասխանել է. սպանելու միտք չի ունեցել». «Սասնա Ծռեր»-ի գործով հարցաքննվեցին

0
546

«Գնդի ներսում խոսակցություն լսեցի, թե ոնց ա Արեգ Կյուրեղյանը Սմբատին ասում՝ ինչո՞ւ սպանեցիր էդ մարդուն: Ասում էր՝ մենք պայմանավորվել էինք, որ ոչ ոքի չենք սպանելու, ծայրահեղ դեպքում՝ ոտքին ենք կրակելու: Սմբատն էլ պատասխանում էր, քանի որ կրակել են իրենց ուղղությամբ, ինքն էլ իր հերթին պատասխանել է։ Սպանելու միտք չի ունեցել»,- այսօր «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննության ժամանակ հրապարակված նախաքննական ցուցմունքներում պատմել էր գործով տուժող ճանաչված Դավիթ Գևորգյանը:

Ոստիկանն իր մի քանի ցուցմունքներում նշել էր, որ գնդի ներսում տեսել է 37 զինված մարդու, ովքեր պահանջել են հանձնվել: Ըստ նրա, սկզբում կապել են իր ձեռքերը, ապա ուղեկցել սենյակ, ինչից հետո ներս են բերել Վալերիյ Օսիպյանին և Վարդան Եզիաղարյանին՝ կրկին կապված: Ներս է մտել Պավլիկ Մանուկյանը և հանձնարարել քանդել կապերը.

«Մենք սանհանգույցից օգտվում էինք տղաների ուղեկցությամբ, այդ երիտասարդները թույլ էին տալիս մեզ զանգահարել մեր ընտանիքների անդամներին։ Երիտասարդները մեր նկատմամբ ագրեսիվ էին, տարեցները՝ ոչ»,- ասված էր նախաքննական ցուցմունքում:

Դատարանում հարցաքննվեցին նաև տուժողներ` Սարգիս Գրիգորյանը և Գեղամ Խաչատրյանը: Գրիգորյանն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, գործից իրեն հայտնի է այնքան, որքան հայտնի է բոլորին: Նա ասաց, որ պետության կողմից տուժող է ճանաչվել, բայց ինքն իրեն տուժող չի ճանաչում.

«Մեքենաս մնացել էր գնդի տարածքում և այդ տասնհինգ օրերի ընթացքում ընդամենը մեկ կրակոց է եղել մեքենայիս ուղղությամբ, որի համար ես ինձ տուժող չեմ ճանաչում»,- նշեց Գրիգորյանը:

Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանն էլ իր խոսքում նշեց, որ հիմա այլևս ոստիկանական համակարգում չի աշխատում: Նա դատարանին հայտնեց, որ գնդի գրավման ժամանակ տարածքում չի եղել, իրեն զանգահարել են, հայտնել դեպքի մասին, ինչից հետո եկել և սկսել է ծառայությունը.

«3500 ԱՄՆ դոլար, ևս 340 հազար դրամ կար չհրկիզվող պահարանում, որը գոյացել էր մեքենայի վաճառքից, երբ եկա գնդի տարածք այդ գումարը չկար: Հետագայում հայտնաբերվեց գնդի տարածքից»:

Գնդի հրամանատարի մահվան  փաստն ու Յուրի Տեփանոսյանի մահվան մասին իմացել է տղաներից: Վիրավոր Գագիկ Մկրտչյանին տեսել է, մյուսներին՝ ոչ: Միայն իմացել է, որ կրակոցից է զոհվել: Գեղամ Խաչատրյանը մեծամասամբ հարցերին տալիս էր կարճ պատասխան՝ չեմ հիշում։

Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը տուժողից հետաքրքրվեց՝ հիշո՞ւմ է, թե ինչպես էին փողոցներում ծեծում ՀՀ քաղաքացիներին, որին ի պատասխան տուժողն ասաց․

«Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ ձեր ճակատներին կարմիր արյունով գրված է Գագիկ, Յուրիկ, Արթուր»,- ակնարկելով ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններին։

Դատարանը ստիպված եղավ ընդհատել նրանց լեզվակռիվը։

Տուժողների ցուցմունքներից հետո, դիրքորոշում հայտնեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ 2016 թվականի իրադարձությունները ներկայացվում են կոնտեքստից կտրված:

«Մենք ոստիկանություն չենք ունեցել, դա եղել է զինված հրոսակախումբ, որը ծառայել է հանցավոր ռեժիմին, և նրանց ցուցմունքները չեն կարող հիմք լինել արդարադատություն իրականացնելու համար։ Իրականությունը այլ էր, երկրում բեռնապետություն էր, մենք ունեինք դիմադրության իրավունք և այն իրականացրինք: Միակ տարբերակը անցումային արդարադատությունն է»,- ասաց Ավետիսյանը:

Դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի ապրիլի 3-ին:

Հավելենք, որ նիստին զուգահետ դատարանի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում: «Սասնա Ծռեր» համակիրները բողոքում էին դատարանի որոշման դեմ և պահանջում վերանայել այն: Դատարանը, պայմանավորված նախորդ նիստի ժամանակ որոշ համակիրների դրսևորած վարքագծով, որոշում էր կայացրել նիստը շարունակել դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում էր «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Նրանցից 8-ն այս պահին ազատության մեջ են. նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, ստորագրությամն կամ անձնական երաշխավորությամբ: Անազատության մեջ են գտնվում Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Նրանց է վերագրվում ՊՊԾ գնդում 3 ոստիկանների սպանությունը:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here