ԱԱԾ քննչական վարչությունն իր աշխատանքում դաժան, մարդու իրավունքների տեսանկյունից անթուլատրելի մեթոդներ է կիրառում: Մարտի 12-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են ծանր հիվանդ, ինսուլինակախյալ շաքարային դիաբեթով տառապող, գրեթե կույր, սայլակով տեղաշարժվող Կոնստանտին Հովհաննիսյանի տուն և ձերբակալել են նրան:

Այս մասին Forrights.am-ին ահազանգեց Հովհաննիսյանի կինը՝ Շաքե Ղազարյանը: «Նա տանը պառկած էր, քայլել չի կարող, միամիտ դուռը ծեծում են՝ թե ԱԱԾ-ից ենք, եկել ենք Կոնստանտինին տանենք քննության», — պատմում է կինը:

ԱԱԾ աշխատակիցները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որոշում ձերբակալության մասին, հնարավորություն չեն տվել փաստաբան ներգրավելու:

«Մենք խառնվեցինք իրար, ախր, դեղերը հետը չի, ժամեր ունի, որ պետք է դեղեր խմի, առանց որոնց երիկամի արտազատում կլինի», — պատմում է ընտանիքի բարեկամ Ինեսա Պետրոսյանը:

Ավելի ուշ, արդեն փաստաբան ներգրավելուց հետո, Կոնստանտինի հարազատներն իմացել են, որ նրան մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեջ /քրեական օրենսգրքի 178-րդ և 325-րդ մաս/: Նրա դեմ ցուցմունք կա, թե նա, իբր, նոտարի կնիքներ է պատվիրել: Խուզարկության ժամանակ նրա բնակարանից հայտնաբերել են զենք-զինամթերք, որոնք, սակայն նրան չեն ներկայացրել ճանաչման:

Կոնստանտին Հովհաննիսյանին ԱԱԾ են տարել վիրակապով, ոտաբոբիկ, ձեռնափայտով: Նա հունիսին երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տարել, ձերբակալման պահին գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ:

Նա տառապում է կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդություններով՝ դիաբետիկ ռետինոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Դիալիզի հետևանքով նրա ձախ աչքը չի տեսնում, իսկ աջի տեսողությունը 10 տոկոս է: Մշտապես ընդունում է իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ, քանի որ ամեն րոպե երիկամի արտազատման վտանգ կա:

Օրական ընդունում է 120-ից մինչև 270 միավոր ինսուլին, այն դեպքում, երբ օրական ընդունած 60-ից բարձր միավոր ինսուլինի դեղաչափը բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու համար, քանի որ 60 միավորից բարձր ստացողների համար կալանքը օրենքով անթուլատրելի է: Նրա ոտնաթաթը ախտահարված է, ճկույթի ու չորրորդ մատի արանքում փոքր վերք ուներ, որը անազատության մեջ պահվելու օրերին՝ մարտի 12-ից մինչ օրս ահռելի չափերի է հասել: Բոլոր փաստաթղթերը Հովհաննիսյանի հարազատները ներկայացրել են քննիչին:

«Նրան զգուշացրել ենք, որ ինքը օգտագործում է իմունոդեպրեսանտներ, որոնք ժամ առ ժամ ընդունում է, որ թե չէ, կարող է փոխպատվաստված երիկամի արտազատում լինել: Ոչինչ չօգնեց», — ներկայացնում է Շաքե Ղազարյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը, ով առանց այդ ամենին ուշադրություն դարձնելու բավարարել է ԱԱԾ քննիչների միջնորդությունը և կալանքի կիրառման մասին ապօրինի, անմարդկային որոշում է կարդացել:

Այնքան ծանր է եղել Հովհաննիսյանի վիճակը, որ նրա բժշկական փաստաթղթերին ծանոթանալով, ոչ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, ոչ «Դատապարտյալների հիվանդանոցը» նրան չեն ընդունել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես հրաժարվել են Հովհաննիսյանից: Վերջապես ԱԱԾ աշխատակիցները կարողացել են նրան տեղավորել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ նա այս պահին գտնվում է:

Սակայն հիվանդանոցում նա պատշաճ բուժում չի ստանում: Վիրաբույժը ընդամենը առաջարկել է ամպուտացիայի ենթարկել ոտքի մատները:

«Նա օր օրի վատանում է: Հիվանդանոցում հենց մտած վարկյանից առաջարկում են մատները կտրել: Ոչ մի անգամ բժիշկները նախկինում նման բան չեն առաջարկել մեզ: Մենք նրա ոտքի նկարները պահում ենք, թե մինչև մարտի 12-ը ինչ էր, ու ձերբակալությունից հետո ինչ դարձավ», — գանգատվում է Կոնստանտին Հովհաննիսյանի կինը՝ Շաքե Ղազարյանը: Իր ամուսնու կալանքը նա համարում է յուրատեսակ խոշտանգում, «մարդու իրավունքների խախտման գագաթնակետը»:

Կոնստանտին Հովհաննիսյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց՝ իր պաշտպանյալի դեմ նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ:

«Իրեն չեն տեղեկացրել, թե ինչի համար են տանում: Բերման են ենթարկել, այնուհետև քննիչի սենյակում բերման ենթարկելու մասին արձանագրություն են կազմել: Խուզարկության մասին իրեն չեն տեղեկացրել, քանի որ նա անկողնային հիվանդ է, բնականաբար, նա ականատես չի եղել, թե ինչ են առգրավում: Զենք- զինամթերքն իրեն չեն ներկայացվել ճանաչման»:

Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավոր Դավիթ Հարությունյանի որոշման դեմ, նաև դիմել է առաջին ատյանի դատարան կալանքը գրավոր փոխարինելու միջնորդությամբ:

«Մարդը փաստացի հնարավորություն չունի խուսափելու քննությունից: Ո՞ւր պետք է գնա մարդը, որն առանց բժշկի ու դեղորայքի կյանք չունի», — հարցնում է փաստաբանը: Կալանքը գրավով փոխարինելու մասին նրա միջնորդության վերաբերյալ որոշումը Երևանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակելու է երկուշաբթի՝ մարտի 25-ին, ժամը 10.30: Արդյո՞ք նա կունենա ԱԱԾ-ին ոչ ասելու համարձակություն:

Հ.Գ. Մեզ չհաջողվեց կապ հաստատել ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ: Հավանաբար, հանգստյան օրերին այս կենտրոնից հեռախոսազանգերի չեն պատասխանում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest