«Կներեք, հիմա ի վիճակի չեմ խոսել, քիչ առաջ իմացա, որ տղուս հիմա էլ տեղափոխել են «Մարտունի 2» զորամաս»,- հուզմունքը հազիվ զսպելով Forrights-ին ասաց տիկին Հայկուհին, ում զինծառայող որդին 5 օրվա ընթացքում հայտնվել է Կապանի, այնուհետև Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություններում:

«Իմ միակ մինուճար տղեն 1 տարի 2 ամիս ա ծառայում էր Մեղրու Ագարակի զորամասում: Մոտ 5 օր տեղեկություն չունեի տղայիցս, կապ չկար, որոշեցի իրա զանգած համարներով հետ զանգեմ ու գոնե մի լուր իմանամ: Մի քանի հոգու հետ խոսեցի ու իմացա, որ Ղափանի Ռազմական ոստիկանությունում ա գտնվում՝ մի 15-20 հոգու հետ: Մտածեցի՝ միգուցե զորավարժություն ա…հինգերորդ օրն իմ տղան զանգում ա Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունից»,- epress-ին էր պատմել տղայի մայրը՝ տիկին Հայկուհին:

Արագ հասնելով Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություն, մայրը պարզում է, որ որդու հետ միասին ևս 11 զինծառայող է գտնվում Ստեփանակերտում: Պատճառը մեկն էր՝ գնդի մոտ 600 զինվորներ բողոքել էին հրամանատարներից մեկի վարքի դեմ և ցանկություն հայտնել փոխել վաշտը.

«Խնդիրը եղել է ոմն Գասպարյանի հետ: Զինվորները ցանկացել են այլ վաշտ տեղափոխվել, սակայն փոքրիկ քաշքշոց է սկսվել զինվորներից մեկի ու էդ Գասպարյանի միջև: Միացել են նաև մյուս զինվորները: Ամսի 17-ին՝ կեսգիշերին մոտ, ամբողջ գունդը՝ 600 հոգի, ցանկացել ա լքել զորամասն ու ուղիղ գալ Պաշտպանության նախարարություն, սակայն զորամասից քիչ հեռու նրանց կանգնեցրել ա գնդի հրամանատարը և խնդրել հետ վերադառնալ՝ խոստանալով խնդրին լուծում տալ»,- որդու խոսքերով պատմում է մայրը:

Տիկին Հայկուհին

Հարգելով և վստահելով զորամասի հրամանատարին, զինծառայողները հետ են վերադառնում և պառկում քնելու, սակայն քնել չեն հասցնում: «Ոմն Գասպարյան»-ը շարք է կանգնեցնում ամբողջ զորքին, նրանցից ընտրում 30 հոգու, մոտենում և պատռում վերջիններիս համազգեստները և այդ գիշերով ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն: Որոշ ժամանակ անց, նրանցից մի քանիսին ուղարկում են Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություն.

«Տղես ասում ա, որ էս քայլով Գասպարյանը ցանկացել ա պատժել զինվորներին՝ նման ապստամբության համար: Մյուս ծնողների տվյալներով էլ՝ Ղափանում մնացած զինվորները կկալանավորվեն ու կդատվեն, իսկ Ստեփանակերտ տեղափոխվածները՝ կբաշխվեն Ղարաբաղի տարբեր զորամասեր»:

Ըստ զինծառայողի մոր, իր տղայի նկատմամբ հենց սկզբից է անօրինականություն կատարվել: Քանի որ տղան միակողմանի ծնողազուրկ է, պետք է ծառայեր առավելագույնը 180 կմ հեռավորության վրա, այնինչ զորակոչվել է Մեղրի: Մայրն այդ ժամանակ ձայն չի հանել, մտածելով՝ թող ոչ մի բորբոքում չլինի որդու ծառայության ժամանակ, այնինչ, այս իրադարձություններից հետո, նա պնդելու է՝ որդին ոչ միայն Ստեփանակերտից պետք է հետ վերադառնա, այլև ծառայի տնից առավելագույնը 180 կմ հեռավորության վրա:

Դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել: Ըստ նրա, ՀՀ ԶՈւ-երում կարգազանացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ.

«Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:  Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են»,- նշված է գրառման մեջ:

Հովհաննիսյանը նաև պնդել է, թե զինծառայողը պարբերաբար օգտվել է «միակողմանի ծնողազուրկ»-ի կարգավիճակից և կարգազանցություններ իրականացրել: Մինչդեռ մայրը հակառակն է պնդում՝ որդին եղել է կարգապահ զինվոր և արժանացել մի շարք խրախուսանքների և շնորհակալագրերի:

«Բա պետք ա տենց էլ ասեն: Ծածկդմոց են անում, որ իրենց արածը պառտակեն: Եթե տղաս նման բաներ ա արել, ինչի՞ ոչ մի տեղ չի նշվում, ինչի՞ մեզ ոչ մի բան չեն ասում»,- Forrights-ին վրդովված ասաց տիկին Հայկուհին:

Այսօր Կառավարության շենքի առաջ տիկին Հայկուհին և 13 զինծառայողի ծնողներ բողոքի ակցիա իրականացրին: Նրանց հանդիպել են նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչները: Վերջիններս հայտարարեցին, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ զինվորները «լքել են զորամասը և ձեռք բարձրացրել սպայի վրա»:

«Բազմաթիվ մարդիկ եկան լցվեցին, բայց ում էր պետք, ոչ մի հարցի լուծում չտվեցին: Ես հերթագրվել եմ Գենշտաբի պետի մոտ հանդիպման, գնալու եմ ասեմ՝ մեր տղաներն իրենց կյանքը վտանգելով սահման պահեն, դուք իրենց հետ սե՞նց վարվեք»,- խոսքն ավարտեց զինվորի մայրը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest