Հոսպիտալի և հոգեբուժարանի հոգեբույժները դատարան կհրավիրվեն՝ ՊՆ-ի կողմից «սիմուլյանտ» հայտարարված զինվորի գործով

0
894
Յուրիկ Բրոյան

Վարչական դատարանում երեկ շարունակվեց Յուրիկ Բրոյանի հայցն ընդդեմ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ վերջինիս զինվորական ծառայության համար պիտանելիության որոշումը վիճարկելու գործով նիստը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց հայցի առարկան. 2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, Յուրիկ Բրոյանի բժշկական զննության արդյունքներով՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը վերջինիս մոտ ախտորոշել է ­«թերի, թեթև աստիճանի մտավոր հետամնացություն», սակայն վերջինս վիճարկել է որոշումը, ինչի արդյունքում՝ 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում կրկին անցել է բժշկական հետազոտություն «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում, հետագայում նաև «Կանազ»-ի հոսպիտալում:

«Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում և «Կանազ»-ի հոսպիտալում տվել են ախտորոշումներ, որոնք միմյանց հակասել են: «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում ախտորոշել են «վարքագծի խանգարումներ», իսկ «Կանազ»-ի հոսպիտալում «թեթև մտավոր հետամնացություն»:

Պատասխանող կողմը մանրամասնեց, որ եթե Կենտրոնական բժշկական հանձնաժողովը  հիմք ընդուներ այն ախտորոշումը, ըստ որի՝ Յուրիկ Բրոյանի մոտ «վարքագծի խանգարումներ» են առկա, ապա վերջինս պիտանի չէր լինի ծառայությանը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ ԿԲՀ-ն հաշվի չի առել մի շարք հանգամանքներ.

«Յուրիկ Բրոյանի մոտ առկա են կարդալու և գրելու յուրահատուկ խանգարումներ:
Թեթև մտավոր հետամնացությունը հիմնավորող ոչ մի հիմք չկա բժշկական ախտորոշման փաստաթղթերում »,-նշեց փաստաբանը:

Պատասխանող կողմն էլ առարկեց հայցվորի նշած ուսումնական խանգարումների մասին, նշելով, որ ուսումնական խանգարումները՝ գրելու, կարդալու, վարքային խանգարումների հետ որևէ աղերսներ չունեն, ուստի որոշում կայացնելիս դրա առկայության փաստը հաշվի առնելու անհրաժեշտությունը չկար.

«Սրանք հետևանք չեն մտավոր խանգարումների, այլ իզոլացված խանգարումներ են»,-ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը:

Հայցվոր կողմը պատասխանող կողմից հետաքրքրվեց, թե ԿԲՀ որոշում կայացնելիս արդյո՞ք հաշվի է առել հոգեկան ժառանգական հիվաանդությունների առկայության փաստը, ինչին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ  Յուրիկ Բրոյանի եղբոր մոտ առկա է էպիլեպսիա, որը, սակայն, հոգեկան հիվանդություն չէ:

Հայցվոր կողմն էլ իր հերթին հիշեցրեց Յուրիկ Բրոյանի մորեղբոր հոգեկան խանգարումներ ունենալու փաստը, ինչին ի պատասխան՝ պատասխանողը նշեց՝ դրանք միայն բառացի են եղել, վերջինս ունի նման հիվանդություն և փաստաթղթային ոչինչ չկա, որը կարող էր հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելու այդ փաստը:

Այսպիսով՝ հայցի առարկան երկու բժշկական հաստատությունների տված տարբեր ախտորոշումներն են, արդյունքում՝ դատարանը որոշում կայացրեց «Կանազ»-ի հոսպիտալի և «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանի որոշում կայացրած հանձնաժողովներից հոգեբույժներին դատակոչել որպես վկա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի հոգեկան հիվանդություն: 2018 թվականի գոստոսին, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշում՝ «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը՝ Յուրիկ Բրոյանին ճանաչում են պիտանի ծառայության համար՝ որոշ սահմանափակումներով և զորակոչում են  բանակ:

Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո, տղան դաժան ծեծի է ենթարկվում իր «Բադ» մականունով «կոմբատի»-ի կողմից, ինչից հետո Յուրիկին տեղափոխում են հոգեբուժարան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here