«Թոշակի անցնելուց հետո մարդիկ նոր են սկսում լիարժեք կյանքով ապրել։ Եվրոպայում այդպիսին է մոտեցումը, և նույնիսկ շատերը սպասում են դրան, որովհետև ավելի շատ ժամանակ և գումար՝ թոշակ են ունենում և կարողանում են շրջագայել։ Նրանց ֆինանսական կայունությունն ապահովված է»,-այս մասին «Տարեց մարդկանց իրավունքների անտեսումը, նրանց հանեպ անտարբերության հիմնախնդիրը» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Հովսեփ Խորշուդյանը՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահը։

Հովսեփ Խորշուդյանի խոսքով՝ եվրոպական երկրներում տարեցներն են իրենց թոռնիկներին օգնում, այլ ոչ թե սպասում են՝ թոռնիկներն ու երեխաները իրենց օգնեն․

«Հասկանալի է, որ սոցիալ-տնտեսական վիճակից է գալիս դա, բայց ամեն դեպքում վերաբերմունքի փոփոխման մեջ ոչ մի ֆինանս պետք չէ, մենք մեր վերաբերմունքը պետական մակարդակով ավագ սերնդի հանդեպ դեռ չենք փոխել»,-նշեց նա, մանրամասնելով, որ նաև ընկալումը ներշնչանքի արդյունքում է, որ թոշակառուն մտածում է, որ ինքը պետք է տանը նստի և թոռնիկներին նայի։

Ըստ նրա՝ տարեցները պետք է հասկանան, որ իրենք կարող են շարունակել լիարժեք կյանքով ապրել, և նույնիսկ այդ գիտակցությունը կապ չունի պետական հոգացության հետ՝ կարելի է մարզվել, կարելի է հաճախել մշակութային օջախներ․

«Մարզերում ավագ սերնդի մեջ մարդիկ կան, որ իրենց ամբողջ կյանքի ընթացքում գյուղից դուրս չեն եկել և նրանց համար Երևան գալը և այցելել ինչ-որ մշակութային հաստատություն մեծ դրական էմոցիաններ կարող է հաղորդել»,-ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահը։

Բանախոսի կարծիքով՝ այն նեգատիվը, որ տարեցները կրում են իրենց խնդիրների պատճառով հաղորդվում են իրենց երեխաներին, թոռներին և դա տարածվում է ամբողջ հասարակության մեջ․ պարզունակ մոտեցումը բերում է նման հետևանքների․

«Տարեց մարդիկ հսկայական կարողություններ ունեն, փորձառություններ որոնք կարող են հաղորդել երիտասարդներին՝ կամավորական հիմունքներով, միշտ չէ, որ խոսքը գնում է ֆինանսական մեծ ծախսերի մասին»,-ասաց Հովսեփ Խորշուդյանը, անդրադառնալով կենսաթոշակային տարիքի ավելացմանը, նշելով, որ ամբողջ աշխարհում նման տենդենց կա։

«Դա արտացոլանք է նրա, որ կյանքի որակը այնքան է բարելավվել արևմտյան երկրներում և իրենց մոտ դեռ երիտասարդ են 55 և 60 տարեկանները՝ առույգ ու աշխատունակ են և որևէ կարիք չկա նրանց աշխատաշուկայից դուրս մղել»,-մանրամասնեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խորշուդյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի խոսքով՝ մեր տարեցների մեծ մասը արժանապատիվ կենսապայմաններ չունեն, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և այնպես չէ, որ տարեցներն անտեսված են․

«Աշխատանք տարվում են և՛ պետության, և՛ հասարակական կազմակերպությունների կողմից, բայց խնդիրներն այնքան շատ են, որ աշխատանքը չի բավարարում՝ պահանջարկն ավելի շատ է, քան ունեցած հնարավորությունները»,-իր մռահոգությունը հայտնեց նա։

Անահիտ Գևորգյանը տարեցների ակտիվ կյանք վարելու համար մեծ է գնահատում համայնքների դերը և կարծում է, որ պետք չէ ամեն ինչ թողնել իշխանությունների վրա և մտածել, որ պետությունը պետք է անի․

«Մասնավոր ներդրողները բավականին պասիվ են տարեցների ծառայություննների մատուցման ոլորտում»,-մանրամասնեց նա։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալ-առողջապահական ծառայությունների խորհրդատու, Տարեցների իրավունքների պաշտպանության ցանցի համակարգող Աննա Գրիգորյանն էլ իր հերթին անդրադարձավ փախստական տարեցների բնակարանային պայմանների խնդիրներին, նշելով՝ մեծ մասն ապրում են վարձով․

««Առաքելություն Հայաստան»-ի տարեց շահառուների թիվը 700-ն է, որոնցից 200-ը միայնակ ապրող տարեցներ են։ Մենք փորձում ենք նրանց համար կազմակերպել տնային պայմաններում խնամք և իրականացնել տարբեր սոցիալական, առողջապահական, իրավաբանական և հոգեբանական ծրագրեր»,-մանրամասնեց Տարեցների իրավունքների պաշտպանության ցանցի համակարգողը։

      Հանրային քննարկումը կազմակերպվել է ,  «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից՝  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

Pin It on Pinterest