«Առաջիկա նիստերին դատարանը քայլեր կձեռնարկի և նիստերի դահլիճում կհրապարակվի Վահրամ Տեփանոսյանի մատնանշած փաստերն ու տեսանյութը» ,- այսօր դատարանում հայտարարեց «Սասնա Ծռեր 2» նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը: Վահրամ Տեփանոսյանը՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված Յուրի Տեփանոսյանի հայրն է, ով պարբերաբար հայտարարում է, որ իր ձեռքի տակ կան փաստեր, որ որդին սպանվել է ոչ թե «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից, այլ՝ ոստիկանների:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նսստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Դատարանի մուտքի դիմաց շարունակվեց «Սասնա Ծռեր» համակիրների բողոքի ակցիան. արդեն երրորդ նիստն է, ինչ դատական նիստն անցկացվում է դռնփակ և նրանք չեն կարողանում ներկա գտնվել:

Այսօր դատարան էին ներկայացել գործով տուժող ճանաչված 3 անձ. վերջիններս Ոստիկանության աշխատակիցներ էին: Նրանցից Փայլակ Մնացականյանը հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի 29-ին՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ.

«Վիրավորվել եմ ոտքիցս ու արագ օգնություն խնդրել մյուս ոստիկաններից: Ինձ տարել են Շտապ օգնության մեքենայի մոտ ու հասցրել հիվանդանոց: Վիրահատության ժամանակ ա պարզվել, որ վնասվել ա հաստ աղիքս, որի միջից էլ փամփուշտ ա հանվել: Ես տեղյակ չեմ, թե ով ա եղել կրակողը: Ենթադրաբար կարող եմ ասել, որ կրակոցի ձայն եկել է գնդի տարածքից»,- իր ցուցմունքում նշեց տուժողը:

Գործով մեկ այլ տուժող-ոստիկան Մայիս Հովհաննիսյանն էլ դատարանին հայտնեց, որ գնդի հարակից տարածքներից մեկում այրվել է իր ծառայողական ավտոմեքենան, ինչի համար փոխհատուցում է պահանջում.

«Պահանջում եմ, որ վերականգնվի գույքային վնասը: Չգիտեմ, թե ով ա այրել, բայց պահանջում եմ փոխհատուցեն»,- հայտարարեց նա:

Հրայր Հայրապետյանն էլ, ով ՊՊԾ գնդի աշխատակից է, հայտարարեց, որ իր գրպանում եղած 336.000 ՀՀ դրամը գողացվել է: Հայրապետյանը պարզաբանեց, որ դա շուրջ 96 աշխատակիցների 3500-ական դրամն է եղել:

Ի տարբերություն նախորդ նիստերի, դատավոր Մակյանն այսօր տուժողներից չհարցրեց իրենց դիրքորոշումը՝ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ: 3 տուժողների հարցաքննությունն ավարտվեց մոտ 1 ժամում:

Այսօր քրեական գործում ներգրավվեց հանրային պաշտպան Սեդրակ Մկրտչյանը. վերջինս ստանձնեց Արմեն Բիլյանի և Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպանությունը: Ամբաստանյալ Բիլյանն ընդվզեց, թե հանրային պաշտպանները միայն այցելում են, սակայն իրենց հետո չեն քննարկում պաշտպանական ռազմավարությունը: Նրանք հրաժարվեցին հանրային  պաշտպանի ծառայություններից,, սակայն դատավոր Մակյանն փաստեց՝ տասից ավելի վճարովի պաշտպաններ կան ներգրավված, որոնք չեն ներկայանում նիստերին:

Դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի մարտի 27-ին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest