Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ News.am ՍՊԸ-ի հայցն ընդդեմ 1in.am կայքի լրագրող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանի գործով առաջին նախապատրաստական նիստը։

Նիստին սակայն հայցվոր կողմը չէր ներկայացել։ Մի քանի տեխնիկական հարցեր քննարկելուց հետո դատական նիստը հետաձգվեց։

Դատարանում Սոնա Հարությունյանի շահերը ներկայացնում է փաստաբան Վահե Հովսեփյանը։ Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչը փաստաբան Արամազդ Կիվիրյանն է։

Նշենք, որ հայցվոր կողմն իր հայցով  խնդրում է՝

1․Պարտավորեցնել պատասխանողին՝ «Facebook» com սոցիալական կայքում իր նույն էջում հրապարակայնորեն հերքել նույն էջում 30․08․2018 թվականին, ժամը 15․36-ին, հրապարակված հոդվածում «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները և հրապարակայնորեն հրապարակել դրանց վերաբերյալ հայցվորի պատասխանը։

2․ Պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել «Նյուզ էյ էմ» ՍՊ ընկերությունից 30․08․2018 թվականին, ժամը 15․36-ին, «Facebook.com»  սոցիալական կայքում հայցվորի հասցեին հնչեցված  «Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ գնալ իրենց սկզբունքներին» վիրավորական արտահայտության համար։

3․ Պարտավորեցնել պատասխանողին «Facebook» com սոցիալական կայքում իր նույն էջում, որում հրապարկվել է 30․08․2018 թվականի ժամը 15․36-ի հոդվածը, ամբողջությամբ և հրապարակայնորեն հրապարակել դատարանի վճիռը։

4․ Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 100 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։

 Սոնա Հարությունյանի խոսքով դա հոդված չի, այլ ընդամենը ֆեյսբուքյան գրառում։

«Դա ոչ մի պարագայում չի կարելի համարել հոդված, դա պարզապես ֆեյսբուքյան գրառում է»,- ասաց Սոնա Հարությունյանը։

Ե՛վ Սոնա Սարությունյանը, և՛ Վահե Հովսեփյանն ասացին, որ հայցի բովանդակությանը կանդրադառնան այն ժամանակ, երբ դատական նիստեր կլինեն։ Վահե Հովսեփյանը միայն նշեց, որ այս պահին ներկայացրել են հայցադիմումի պատասխան և հետագայում էլ արդեն գործի քննության ընթացքով պայմանավորված՝ լրացուցիչ ավելի ծավալուն գրավոր դիրքորումներ ևս կներկայացվեն։

Սոնա Հարությունյանը նախորդ տարվա օգոստոսի 30-ին իր Ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը․

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ news.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որեւէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։  Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր։

Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Լիլիթ Թադևոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest