«Հաշվի առնելով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի գործունեության սկզբունքների և նպատակների վերաբերյալ հասարակության մեջ ձևավորված ոչ միանշական ընկալումները՝ հարկ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ:

Հասարակական մոնիթորինգի խումբը (այսուհետ՝ Խումբ) ստեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն իրականացնելու՝ նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և դրանք քննչական մարմնին ու հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Խմբի կազմում ընդգրկված է 9 հասարակական կազմակերպություններ:

Խումբը, բաժանվելով ենթախմբերի, հաջորդաբար ուսումնասիրություն է իրականացնելու տարբեր քրեական գործերով: Խմբի կողմից մշակված գործերի ընտրության միակ սկզբունքն այս պահին դրանց դատավարական փուլն է՝ ուսումնասիրություն է իրականացվելու կասեցված վարույթներով:

Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրության առարկա քրեական գործերի քանակի առումով Խմբի միակ սահմանափակումը՝ մարդկային ռեսուրսն է, սակայն քրեական գործերի ուսումնասիրությունը լինելու է շարունակական, այնքան, որքան կների խմբի ռեսուրսը և այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ Քննչական կոմիտեն ընձեռում է այս ֆորմատի համագործակցության հնարավորություն»:

Մոնիթորինգի խումբ կազմած հասարակական կազմակերպություններ՝

  1. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
  2. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  3. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
  4. «Ֆիդես» իրավապաշտպան ՀԿ
  5. «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ
  6. «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» ՀԿ
  7. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
  8. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  9. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest