Ստեփանավանի բնակիչ Արման Հոդաբաշյանի վիճակը ծայրահեղ ծանր է: նա վնասվաքներ ունի կողերի շրջանում, նաև գանգուղեղային լուրջ վնասվածք: Այսօր հիվանդի ընկերները Forrights.am-ին փոխանցեցին այս լուսանկարը, որն արվել է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ Արման Հոդաբաշյանը գտնվում է փետրվարի 28-ից:

Իսկ երեկ նրա ընկերները մեզ տեղեկացրել էին, որ Արմանին դաժան ծեծի են ենթարկել Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքում: Հոդաբաշյանի ընկերները պատմեցին, որ նա կենցաղային հողի վրա վիճել է կնոջ հետ: Կինը ոստիկանություն է զանգահարել: Նրան տարել են ոստիկանության բաժանմունք բռնության են ենթարկել, ապա ստիպել են, որ գրի, իբրև թե աստիճանների վրա է ընկել ու վնասվածքներ ստացել:

Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ Հ-ն հարբած վիճակում վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ: Այնուհետեև ոստիկանների գալուց հետո քաշքշուկ է ստեղծել հարևանների հետ:

«Եկել են նաև հարևանները, որոնք նույնպես ներքաշվել են քաշքշուկի մեջ: Այնուհետև ժամանել են ոստիկանները և քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Հայրը ցանկություն է հայտնել ուղեկցել որդուն և նրա հետ գնացել է ոստիկանություն: Շենք մտնելու ժամանակ քաղաքացին վայր է ընկել և գլխի շրջանում վնասվածք է ստացել:

Հայրը ոստիկանությունում բացատրություն է տվել, որ իր որդին վայր է ընկել ոստիկանության բաժանմունք մուտք գործելու պահին», — ասաց Աշոտ Ահարոնյանը: Բացատրությունը կցվել է միջադեպի վերաբերյալ նյութերին: Ահարոնյանը հայտնեց, որ վայր ընկնելով, Հոդաբաշյանը վնասել է գլուխը, ոստիկանները շտապօգնությւոն են կանչել, ապա տեսնելով, որ վնասվածքը լուրջ է, տեղափոխել են Երևան: Աշոտ Ահարոնյանը հերքեց ոստիկանության բաժանմունքում ծեծվելու հանգամանքը և հայտնեց, որ հիվանդի վիճակը կայուն է:

Սակայն իրականում նրա վիճակը, ինչպես երևում է լուսանկարից բարդ է: Ակնհայտ է, որ նրա ստացած բազմակի վնասվածքները, կողերի կոտրվածքները չէին կարող աստիճանի վրա ընկնելու հետևանք լինել: <<Էրեբունի>> ԲԿ-ից հրաժարվեցին մեզ տեղեկություններ հայտնել հիվանդի վիճակի մասին, պատճառաբանելով, որ իրավասու չեն, սակայն հաստատեցին, որ նա գտնվում է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest