Փետրվարի 28-ին տարօրինակ դեպք է տեղի ունեցել Ստեփանավանի բնակիչ Արման Հ-ի հետ: Նա ընկել է ոստիկանություն, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Արման Հոդաբաշյանը հանրաետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում: Ավելի ուշ ճշտեցինք, որ Արման Հ-ն ոչ թե հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել, այլ <<Էրեբունի>> ԲԿ: Այս մասին Forrights.am-ին ահազանգեցին Հոդաբաշյանի ընկերները:
Նրանք հայտնում են, որ վերջինս ծեծի է ենթարկվել ոստիկանական բաժանմունքում: Նաև պատմեցին, որ Հոդաբաշյանը կենցաղային հողի վրա վիճել է կնոջ հետ: Կինը ոստիկանություն է զանգահարել: Հոդաբաշյանին տարել են Սփեփանավանի ոստիկանության բաժին և բռնության են ենթարկել: «Նրան ստիպել են, որ գրի, իբրև թե աստիճանների վրա է ընկել ու վնասվածքներ ստացել», — հայնտեց մեզ զանգահարող տղամարդը:
Միջադեպի վերաբերյալ տեղեկությունեը փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվության վարչությունից: Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ Ստեփանավանի բնակիչ Ա. Հ-ն հարբած վիճակում վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ: Կինը զանգահարել է ոստիկանություն, նաև իր ամուսնու հորը: Նրանց գալուց հետո քաշքշուկ է տեղի ունեցել:
«Եկել են նաև հարևանները, որոնք նույնպես ներքաշվել են քաշքշուկի մեջ: Այնուհետև ժամանել են ոստիկանները և քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Հայրը ցանկություն է հայտնել ուղեկցել որդուն և նրա հետ գնացել է ոստիկանություն: Շենք մտնելու ժամանակ քաղաքացին վայր է ընկել և գլխի շրջանում վնասվածք է ստացել:
Հայրը ոստիկանությունում բացատրություն է տվել, որ իր որդին վայր է ընկել ոստիկանության բաժանմունք մուտք գործելու պահին», — ասաց Աշոտ Ահարոնյանը: Բացատրությունը կցվել է միջադեպի վերաբերյալ նյութերին: Ահարոնյանը հայտնեց, որ ոստիկանները շտապօգնություն են զանգահարել: Բայց քանի որ վնասվածքը գլխի շրջանում է եղել, քաղաքացուն տեղափոխել են Երևան, մասնագիտացված օգնություն ցուցաբերելու: «Ներկայում նրա վիճակը կայունացել է», — ասաց Աշոտ Ահարոնյանը, ավելացնելով, որ իրեն անհավանական է թվում ոստիկանների կողմից քաղաքացուն հոր աչքի առաջ ծեծի ենթարկելու հանգամանքը:
Իսկ Արման Հ-ի ընկերը, որը մեզ ահազանգել էր, վստահեցնում է, որ նրա մարմնին բազմաթիվ վնասվածքներ կան: «Սստիճանից ընկնելուց ի՞նչ կոմա», — հարցնում է նա:
Տուժողի կինը՝ Ն-ն չցանկացավ պատասխանել հարցերի: «Ձեր ինչի՞ն է պետք, ինչո՞ւ եք հետաքրքրվում», — ասելով: Նա, սակայն չժխտեց, որ ամուսինը վնասվածքներով հիվանդանոցում է հայտնվել: Հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ նա աստիճանի վրա է ընկել և վերակենդանացման բաժնում, Ն-ն պատասխանեց.«Ինչ՞ի համար է ճշմարտությունը պետք, ինձ մի անհանգստացնեք էդ հարցով, իմ ամուսնու վիճակը իրոք կայուն է»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: