««Չերյոմուխա 7»-ից էր վիրավորվել, Գոռս վիրահատարանի սեղանին մահացավ…»
«Մարտի 1-ին Գոռիցս բաժանվել եմ ընդամենը 10-15 րոպեով: Ես անհանգստացած անընդհատ իրեն էի զանգում, վերջը կես ժամից մի աղջիկ պատասխանեց, ասեց՝ ում որ փնտրում ես, վիրահատարանում ա՝ 3-րդ հիվանդանոցում: «Չերյոմուխա 7»-ից էր վիրավորվել, փափուշտը մնացել էր Գոռիս երակի մեջ, բայց ամբողջովին արնաքամ չէր եղել: Բժիշկները շատ չարչարվեցին, բայց արդյունքի չհասան…Գոռս հենց վիրահատարանի սեղանին մահացավ»,- 11 տարի անց նույն ցավով վերհիշեց որդու կորուստը 29-ամյա Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Գոռն այն 10 մարդկանցից մեկն էր, ով զոհ գնաց Մարտի 1-ի իրադարձություններին: Նա տանից դուրս էր եկել երեկոյան 20:00-ի սահմաններում: Մինչ այդ հեռուստացույցով տեղեկացված էր եղել, որ Ազատության հարպարակում մարդկանց ծեծի են ենթարկել և ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի արձանի մոտ:
«Երբ առավոտյան իմացանք, որ Ազատության հրապարակում մարդկանց ծեծել են, ապշեցինք՝ ինչպե՞ս իշխանությունները կարողացան սեփական ժողովրդին ծեծել: Չէինք կարծում, որ երեկոյան կարող էր նույնը կրկնվել, և դեռ կրակոցներ էլ լինեին: Կրակողները գիտեն, թե ինչու կրակեցին: Կրակեցին, որպեսզի իշխանափոխություն չլինի: Երեկոյան իմացանք, որ Ազատության հրապարակում ծեծվածները նորից հավաքվել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Գոռը մինչ այդ հանրահավաքների չէր մասնակցել, սակայն շատ հետաքրքրասեր էր, բոլոր թերթերը կարդում էր, հեռուստատեսությամբ՝ հետևում լրատվությանը»,- հիշում է Գոռի մայրը՝ Ազատուհի Մանուկյանը:
Գոռը շտապեց Մյասնիկյան արձանի մոտ: Մայրը չգիտեր, որ այդ օրը վերջին անգամ էր տեսնում որդուն…
«Հայաստանը կլինի ժողովրդական, ազատ և երջանիկ երկիր միայն այն ժամանակ, երբ Մարտի 1-ի մեղավորները խստագույնս պատժվեն»
2008թ. մարտի 1-ից միայն 11 տարի անց է Քլոյան ընտանիքը հավատում, որ Մարտի 1-ի ոճրագործությունների մեղավորները կպատժվեն: Նոր իշխանություններից մեծ ակնկալիքներ ունեն, ասում են՝ Հայաստանը կլինի ժողովրդական, ազատ և երջանիկ երկիր միայն այն ժամանակ, երբ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտվի, իսկ մեղավորները՝ խստագույնս պատժվեն.
«Ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանը հիմա գտնվում ա ճաղերի հետևում, բայց սա չի նշանակում, որ Մարտի 1-ի բոլոր մեղավորները պատժված են: 10 հոգի են ճաղերի հետևում, 90 տոկոսին էլ դեռ պետք ա բռնեն ու նստեցնեն: Մարտի 1-ին ստալինիզմ ա տեղի ունեցել, որին մասնացել են շատ մարդիկ ու էս 11 տարին ծածկադմփոց արել: Նրանք բոլորը հատ առ հատ պետք է պատժվեն»,- հույսով հայտնեց Սարգիս Քլոյանը:
Մարտի 1-ի զոհերի հարազատներն ամիսներ առաջ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ և ներկայացրել իրենց պահանջները: Մասնավորապես, նրանք ցանկանում են, որ անհապաղ պատասխանատվության ենթարկվեն Մարտի 1-ի զոհերի համար մեղավորները և կազմակերպիչները, իրենց բարոյական և նյութական վնասը փոխհատուցեն, ինչպես նաև զոհերի համար հուշարձան կանգնեցնեն: Վերջինն արդեն իրագործման ճանապարհին է. օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու առարջարկով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Առաջարկը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատասեղանին է:
Մարտի 1-ի զոհերի ծնողները ցանկություն են հայտնել, որ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին այն պատրաստ լինի, բայց Քաղաքապետարանում դա անհնար են համարում: Զոհերի հարազատներն առաջարկում են, որ հուշարձանը տեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում, քաղաքապետարանի հարևանությամբ, քանի որ այնտեղ են զարգացել գլխավոր իրադարձությունները:
«Ֆիլմը դիտելով՝ մենք երկրորդ անգամ վերապրեցինք մեր նկատմամբ նվաստացումները, ցինիկ անարգանքը և մեզ ներարկված անհուսությունը»
2019 թվականի հունվարի 18-ին էկրան բարձրացավ «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը, որի ցուցադրվելուց օրեր անց զոհված անձանց ծնողները հանդես եկան կոշտ հայտարարությամբ: Նրանք ֆիլմը որակեցին «կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք» և պահանջեցին հարգել իրենց ցավը.
«Ֆիլմի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից: Անբարոյականություն ենք համարում մեզնից մի քանիսից և ֆիլմի այլ մասնակիցներից հարցազրույցներ կորզելն այն պատրվակով, թե իբր նկարահանող խումբը, համակրելով բռնաճնշումների զոհերին` ցանկանում էր բացահայտել այդ բռնաճնշումների և սպանությունների մասին ամբողջ ճշմարտությունը՝ ստանալով ականատեսների վկայությունները:
Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և՛ ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել են: Ֆիլմը դիտելով՝ մենք երկրորդ անգամ վերապրեցինք մեր նկատմամբ նվաստացումները, ցինիկ անարգանքը և մեզ ներարկված անհուսությունը, ինչի միջով անցել ենք դեռևս 2008 թ.-ից»,- մասնավորապես ասվում էր հայտարարության մեջ:
Սարգիս Քլոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ֆիլմն ամբողջությամբ կեղծիք է, քանի որ խեղաթյուրված է իր ամբողջ խոսքը
«Լրագրողներ եկան մեր տուն, քանի որ Արամ Մանուկյանի հետ էին, մտածեցի՝ ազնիվ ու արդար լրագրողներ կլինեն: Մեկուկես ժամ ինտերվյու եմ տվել, պատմել էդ օրվա իրադարձության մասին, տվել՝ անուններ: Մեկ էլ ամիսներ հետո ֆիլմն եմ նայում ու տեսնում, որ իմ խոսքից մի 15 վայրկյան էլ չեն տվել համարյա: Էդ մի քանի բառն էլ գլխիվայր շուռ են տվել, ինչից պարզ դարձավ, որ դրանք ծախված լրագրողներ էին»,- իր խոսքում նշեց Քլոյանը:
«Մարտի 1-ի գործով դիտավորյալ կատարված օրենսդրական փոփոխությունները Քոչարյան-Սերժ համագործակցության արդյունքն են»
Մարտի 1-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ գործն ամբողջովին բացահայտված չէ, քանի որ դա իրենից կենթադրեր բոլոր շերտերի և անձերի, 0038 հրամանի ներառված զորամիավորումների բացահայտում, այդ թվականի ԱԺ այդ ժամանակվա պահվածքի, օլիգարխների և նրանց թիկնապահների արարքների վերանայում.
«Քոչարյանական կողմը, որքան էլ որ ցանկանա թուլացնել իրավիճակը, չի հաջողվի նրանց, քանի որ Մարտի 1-ն այնքան բացահայտ է եղել, իսկ մեղավորներն այնքան ապացուցված գործողություններ են կատարել, որ դա միայն չի կարող 0038 հրամանի շրջանակում տեղավորվել, ինչը նրանք փորձում են անել: Մարտի 1-ի գործով դիտավորյալ կատարված օրենսդրական փոփոխությունները Քոչարյան-Սերժ համագործակցության արդյունքն են, որոնցից էլ հստակ երևում է՝ այդ ժամանակ իրավական համակարգը ևս քաղաքականացված է եղել: Խոսքը գնում է Սահմանադրության մեջ անձեռնամխելիության հոդվածի ամրագրելուն: Սրանք իրենց փոփոխություններով և բացերով հանդերձ՝ Քոչարյանի և նրա վարչակազմի աշխատելաոճի և կատարած հանցավոր արարքների բնութագրում ոչինչ չի փոխում: Այս ամենի համար պատասխանատու բոլոր մեղավոր անձիք պետք է պատասխան տան»,- փաստեց Սեդա Սաֆարյանը:
Հավելենք, որ օրեր առաջ՝ Մարտի 1-ի տարելիցը քաղաքացիական հզոր երթով նշանավորելու կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երթը, ինչպես նշել էր վարչապետը, լինելու է «ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների ու ապօրինությունների»․
«Եվ նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, քաղաքական հետապնդումներին»:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: