Միայն 11 տարի անց Դատախազությունը հաստատեց՝ այո՛, Վաղարշակ Ավետիսյանը 106 օր շարունակ անօրինական պահվել է ոստիկանական բաժնում
Շուրջ 11 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատաարտյալ Վաղարշակ Ավետիսյանն օրեր առաջ կրկին հացադուլ էր հայտարարել: Տարիներ շարունակ դատապարտյալը միայն մեկ պահանջ ունի՝ վերաբացել քրեական գործն ու ապացուցել իր անմեղությունը:
«Հունվարի 31-ին հացադուլ հայտարարեցի՝ անօրինական 106-օրյա կալանքիս ու ինձ ենթարկած խոշտանգումների համար: Քրեական գործս վերանայելու բոլոր հիմքերն ունեցել եմ տարիներ շարունակ, էս տարի՝ նաև ապացույցներ: Ես գիտեի, որ անօրինական եմ պահվել, բայց միայն հիմա կարողացա ունենալ անհրաժեշտ փաստաթղթերը»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Վաղարշակ Ավետիսյանը:
Ցմահ դատապարտյալը հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից նրան հաստատել են՝ այո՛, Վաղարշակ Ավետիսյանը 106 օր անօրինական է պահվել ոստիկանական բաժնում: Բացի դրանից, պատասխանում նշել են, որ խոշտանգման ենթարկած միլպետ Ռադիկ Բակունցն արդեն իսկ կարգապահական տույժ է ստացել, սակայն Վաղարշակին դա չի բավարարում.
«Իրա տույժն ինձ ի՞նչ օգուտ, եթե ես մինչև հիմա ստեղ նստած եմ»:
Հացադուլի մեջ գտնվող Վաղարշակին այդ օրերին այցելել են ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Միայն վերջինիս հետ զրույցից հետո դատապարտյալը որոշեց դադարեցնել հացադուլը.
«Նաիրա Զոհրաբյանն անձամբ ինձ խոստացավ, որ իմ հարցին լուծում կտա, անհրաժեշտության դեպքում՝ անգամ հարցը կբարձրացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Ես էլ իրեն ասեցի, որ վերջին անգամ եմ հավատում խոստումների: Բայց ես երկար չեմ սպասելու, եթե գործիս ընթացք չեղավ, կհայտարարեմ անժամկետ հացադուլ՝ կամ մահ կամ արդարություն: Ես պետությունից ոչ մի պարտք-պահանջ, փոխհատուցում չունեմ, եթե իրենք մտածում են, որ ես 11 տարի նստելու դիմաց ինչ-որ բան կուզեմ, սխալվում են: Ինձ մենակ արդարություն ա պետք»,- ասում է Վաղարշակը:
«Արդարադատության նախարարին հարցրի՝ հավատո՞ւմ եք, որ այս 4 պատերի ներսում անմեղ մարդիկ կան, ասաց՝ հավատում եմ…»
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ Վաղարշակն ունեցել է միայն մեկ հանդիպում. դեռ օգոստոսին նախարարն այցելեց «Արմավիր» ՔԿՀ, սակայն հրաժարվեց տեսակցել այդ ժամանակ հացադուլի մեջ գտնվող Վաղարշակին: Միայն ամիսներ անց ցմահ դատապարտյալը կարողացավ խոսել նախարարի հետ:
«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ասում եմ՝ Դուք էդքան տարի իրավապաշտպան եք եղել, միշտ բարձրաձայնել եք, որ երկրում արդարադատության չկա, դատական իշխանություն չկա, հիմա Դուք եք արդարադատության գլուխը, հավատո՞ւմ եք, որ էս 4 պատերում անմեղ մարդիկ կան, ասում ա՝ հավատում եմ: Ասում եմ՝ բա ի՞նչ եք արել էս ամիսներին, որ գոնե մի անմեղ մարդ դուրս գա: Ասեց՝ աշխատում ենք, համբերեք… Ասում եմ՝ բայց ո՞ւր ա, ես էդ անմեղ մարդկանցից մեկն եմ:
էդ «համբերեք» բառը, որ ինձ ասում են, ոնց որ եռման ջուրը լցնեն գլխիս: Վերջում էլ՝ թե բա՝ գիրք կարդացեք: Բերել եք ստեղ, որ գի՞րք կարդամ»,- վրդովված նշեց Վաղարշակը:
2015թ. դեռ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս այցելել էր «Արմավիր» ՔԿՀ, այդ ժամանակ ևս Վաղարշակը հացադուլի մեջ է գտնվում: Փաշինյանը խոստացել էր ցմահականների ձայնը բարձրացնել ԱԺ-ում, սակայն, ինչպես Վաղարշակն է պնդում, «գնաց կորավ»:
«Դատարանն ապացուցեց, որ իմ մի թիքա հալով, կարողացել եմ ինձնից 2 անգամ հսկա մարդու ծեծելով սպանել»
20-ամյա Վաղարշակ Ավետիսյանին ցմահ ազատազրկման են դատապարտել միայն մեկ անձի ցուցմունքի հիման վրա. վերջինս այդ ժամանակ 3 դատվածություն է ունեցել: Վաղարշակը համոզված է, որ այդ մարդուն վստահեցրել են՝ եթե Վաղարշակի դեմ ցուցմունք տաս, քո մյուս գործով դա կդիտվի մեղմացուցիչ հանգամանք:
«Էսօր էդ մարդն իրա յոթերորդ դատվածությունն ա կրում, իսկ ես 20 տարեկանում անմեղ մարդ էի՝ ցածրահասակ, նիհար, բայց էդ դատարանին չխանգարեց, որ «ապացուցի», թե իմ մի թիքա հալով կարողացել եմ ինձնից 2 անգամ հսկա ու ուժեղ մարդու ծեծելով սպանել»:
Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի մարտի 16-ին՝ Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Իրեն վերագրվող արարքը չի ընդունել, ինչի պատճառով Գորիսի ոստիկանական բաժնի աշխատակիցների կողմից խոշտանգման է ենթարկվել: Ըստ Վաղարշակի, ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն:
«Վարորդին ասեց՝ պարանը բեր ավտոյից: Բերեց: Կապեց ոտքիցս, քցեց վզիցս ու տարավ էս մի ոտիս, ու քաշեց պարանը: Հետո ինձ քցել ա գետնին ու կռացել, որ շալվարս իջեցնի: Ասում եմ արա՛, մի՛ արա, ի՞նչ ես անում: Թե կասե՞ս, որ դու ես սպանել, ասում եմ՝ կասեմ, կասեմ…»- ամիսներ առաջ Forrights-ին էր պատմել Վաղարշակը:
2018թ. հոկտեմբերին, Forrights-ի նյութի հիման վրա քրեական գործ հարուցվեց. Վաղարշակը ճանաչվեց տուժող:
«ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Վաղարշակ Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերոնշյալ ենթադրյալ դեպքի առթիվ հարուցել քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասված էր որոշման մեջ:
«Ձեր նյութից հետո ինձ եկան ասեցին՝ էդ ի՞նչ էիր ասոմ: Ես էլ ասում եմ՝ նորությո՞ւն էր ասածս, 10 տարի ա էդ եմ ասում, բանատեղ դնող չկա: Հիմա էս հանգամանքով հույս կա, որ կարա ճանաչվի նոր երևան եկած հանգամանք»:
«Ավելի լավ ա 10 հանցագործ ազատության մեջ լինի քան մեկ անմեղ մարդ՝ բանտում…»
31-ամյա ցմահ դատապարտյալն այս պահին միայն մեկ բան է ուզում՝ իր քրեական գործի վերաբացում, անմեղության ճանաչում և ազատ արձակում: Տարիներ շարունակ Վաղարշակի դիմումներին ի պատասխան, պատկամ մարմինները հայտարարում էին, որ նոր երևան եկած հանգամանքներ չկան, ուստի գործը վերաբացելու հիմքեր՝ ևս:
«Հայաստանում չկա «նոր երևան եկած հանգամանք» հասկացությունը, դրանք գրքերում գրած բառեր են ուղղակի: Միակ տարբերակն էն ա, որ էդ մահացած մարդը գերեզմանից դուրս գա ու ասի՝ Վաղարշակն ինձ չի խփել»:
Վաղարշակ Ավետիսյանի հետ իր ցավն ու դժվարությունը կիսում է միայն մայրը, ում խնամքին է գտնվում մինչ օրս.
«Էդ մի մերն ունեմ: Մի երեխա ա բերել, որ օր ծերության իրան պահի, էն էլ ինքն ա շարունակում ինձ պահել: Ես ազատություն չեմ մուրում, չեմ ասում՝ դռները բացեք, ինձ բաց թողեք, ասում եմ՝ օրենքով աշխաատեք, ես ընդամենն իմ բաժին արդարությունն եմ ուզում»,- ասում է Վաղարշակը:
Իր բաժին արդարությունը գտնելուց հետո, Վաղարշակը զբաղվելու է նաև այլոց խախտված իրավունքների պաշտպանությամբ: Ըստ նրա, բանտի 4 պատերի մեջ շատ անմեղ մարդիկ կան, որոնք պետք է ազատության մեջ լինեն.
«10 տարի ա պայքարում եմ: Հանրապետականների ժամանակով էլ եմ պայքարել՝ հացադուլ, բողոքի ակցիաներ, մեզնից կախված ամեն հնարավորն արել ենք, չենք հանձնվել, որ մեր ազատությունն ու արդարությունը գտնենք: Չենք ընդունել, որ ստեղ ենք մեռնելու:
Հայաստանում արդարությունը սկսվում ու ավարտվում ա Մանվելով, Քոչարյանով: Թողեք էդ մարդկանց ու մեզնով զբաղվեք: Ախր ավելի լավ ա 10 հանցագործ ազատության մեջ լինի, քան մեկ անմեղ մարդ՝ բանտում…»:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: