«Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց բանակում հանցագործությունների բացահայտումը․

 «Հասնելու ենք նրան, որ մեկ զինվորի մահը պետության համար դառնալու է խնդիր»,-ասաց նա, վստահեցնելով, որ ոչ մի հանցագործություն չի կոծկվելու։

«Չի լինելու, որ մեկը կոծկի, կոծկելը տեսանք, Մարտի 1-ին արեցին, կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը։ Կոծկումն ավելի հրեշավոր հանցագործություն է, քան իրական պատկերի վերլուծությունն ու իրական մեղավորներին պատժելը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ Պաշտպանության նախարարության հետ քննարկելու են վկայակոչված դեպքերը և արդյունքում ինչ-որ մեխանիզմներ կառաջարկի։

«Եթե պետք է օրենքների մեջ փոփոխություն մտցնել․ խորհրդարանական բոլոր հնարավորությունները պետք է ծառայեն մեր զինվորական ուժի բարոյական նկարագրի ուժեղացմանն ու զինվորական ուժի ավելացմանը, և դա պետք է չլինի օդում հնչեցված խոսքեր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը կոչ անելով բանակում ինտելեկտուալ զարգացվածության մակարդակ մտցնել։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ դա հնարավոր է թարմ սպայակազմի տեսքով և անհրաժեշտ է բանակում թարմություն մտցնել․

«Թարմ ինտելեկտի կարիք ունենք»,-ասաց նա, հավելելով, որ կադրային քաղաքականության մեջ շատ կարևոր են, որպեսզի գերակշռվի այն մոտեցումները, որը ուժեղացնում է տվյալ կառույցը։

«Զինվոր-սպա հարաբերությունները պետք է լինեն անխոցելի։ Կառույցը միայն ռազմական կրակող և սպանող մեքենա չէ․ պետք է ներսից կայուն լինի»,-իր խոսքում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ զինված ուժերի կերտման փուլում եղել է եղբայրական մթնոլորտ և դա է բանակը կերտել․

«Եկեք չանտեսենք ոչ մի հանցագործություն. անտեսողները մեր բանակի թշնամիներն են»,-ասաց նա։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման ներկաներին կոչ արեց, որ բանակը միայն հանցագործությունների պրիզմայով չնայեն, քանի որ բանակն ունի լուրջ ձեռքբերումներ թե՛ կադրերի պատրաստման, թե՛ սպառազինության․

«Բայց մեկ դեպքը կարող է այդ բոլոր ձեռքբերումները դարձնել զրո»,-ասաց նա, հավելելով, որ բանակում ծնողի պես պետք է վարվել երեխաների հետ, քանի որ 2 տարի պետությունն է նրա տերը, ուստի վերջինիս անվտանգությունը շատ կարևոր է։

Հավելենք, որ հանրային քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից։

Մանրամասները տեսանյութում․

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest