«Պավլիկ Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով դադարեցվում է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»,- քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը:
Համաներման վերաբերյալ դատարանը վերջնական որոշում կկայացնի, երբ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն գործով բոլոր տուժողները։
Հիշեցնենք, որ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու դեմ առարկեցին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Ես կորցրել եմ ընկերներ: Եթե այդ հանգամանքը չլիներ, ես չէի առարկի: Դատաքննությունը պետք է շարունակվի, և ամեն մեկը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,- նշել էր Օսիպյանը:
Այս պահին շարունակվում է «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը: Հարցաքննվում է գործով տուժող ճանաչված բուժքույր Մարգարյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: