ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ գործադիրը մտադիր է փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:
«Այո, մենք ունենք այն փակելու ծրագրեր», — ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով պրոբացիոն ծառայությանը, վարչապետն ասել է, որ այն արդյունավետ համակարգ չէ:
«Ամեն ինչ պետք է անել համակարգն արդյունավետ դարձնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է հասկանալ խնդիրները», — նկատել է վարչապետը:
Պրոբացիայի նպատակներն են քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով, հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը, հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով, պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը, քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: