ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը թողնել նույնը և մերժել պաշտպանական կողմի բողոքը:
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ վերաքննիչ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: