«Բոլորը զենքերը պահեցին ինձ վրա, ասացին՝ հեսա կգյուլենք քեզ ստեղ: Ինքնաձիգի կոթով սկսեցին հարվածել գլխիս ու մեջքիս հատվածում, ապա ուսադիրներս պոկեցին։ Հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր պոկողը… այդպես մտանք գունդ»,- «Սասնա Ծռեր 2» դատական նիստին ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Այսօր դատարանում էին գործով տուժող ճանաչված Վալերիյ Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գնդի գրավման օրերին նրանք շուրջ 7 օր պատանդառված էին խմբավորման անդամների կողմից և միայն հուլիսի 23-ին՝ նախնական պայմանավորվածությամբ, լրագրողների ներս մտնելուց հետո՝ դուրս եկել։
Ոստիկանապետ Օսիպյանը դատարանին պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահից ահազանգ է ստացել, որ Ոստիկանության Էրեբունու գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից զավթված է։ Իրավիճակին հստակ տիրապետելու համար ծառայողական մեքենայով մեկնել է ՊՊԾ գունդ։
«Էրեբունու ոստիկանության բաժին հասանք ու տեսանք այնտեղ գտնվող մի խումբ ոստիկանների՝ պարեկային մեքենաներով, ապա նկատել եմ ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս և Շտապ օգնության մեքենա, ինքնաձիգերով մարդկանց, որոնք անկանոն շարժվում էին, ներս ու դուրս անում: Տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, խոսակցությունից տարբերեցի Պավլիկ Մանուկյանի ձայնը, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են և բաժանել»,- պատմեց Օսիպյանը՝ նշելով, որ դրանից հետո ոստիկաններից մեկի մոտ եղած սարքով կապ է մտել ու դիմելով Պավլիկ Մանուկյանին՝ առաջարկել զենքերը ցած դնել և դուրս գալ:
Պավլիկ Մանուկյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել «Մարմարի աշխարհ» խանութի մոտ ու քննարկել իրավիճակը՝ թե ի՞նչ է կատարվում, արդյո՞ք կան զոհեր ու վիրավորներ։ Օսիպյանին է միանում նաև ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Քարերի խանութի մոտ հանդիպել են Պավլիկ Մանուկյանին, Մարտիրոս Հակոբյանին և խմբի մնացած անդամներին։ Նրանք ոստիկանապետին հայտնել են, որ զոհեր չկան։ Երբ Օսիպյանն ու Եղիազարյանը ցանկացել են ետ վերադառնալ, նրանց ձեռքից կապի միջոցները խլել են: Օսիպյանի խոսքով՝ դա արել է Սեդրակ Նազարյանը, և երբ ինքը փորձել է չտալ, Նազարյանը ստիպել է.
«Տո՛ւր, մերն է կապի միջոցը, դու էլ պետք ա մեզ հետ գաս։ Ու դրանից հետո անընդհատ ասում էին՝ կգյուլլենք քեզ հեսա։ Սկսեցին ինքնաձիգով հարվածներ հասցնել, հետո զենքերը պահեցին մեզ վրա, ձեռնաշղթաներ հագցրին ու տարան գունդ»,- մանրամաանեց Վալերիյ Օսիպյանը։ Գնդի տարածքում պատանդները մնացել են 7 օր։ Հիմնականում նրանց հսկել են Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները։ Ըստ Օսիպյանի, խմբավորման անդամներն իր անձնական հեռախոսով էի զանգեր կատարում, սակայն դեպքեր են եղել, երբ տղաները թույլատրել են իրեն զանգահարել ընտանիքին։
«Եթե մենք ձեզ վատ էինք վերաբերվում գնդի տարածքում, ինչո՞ւ էիք ասում, որ բոլորիս սիրում և հարգում եք»,- հարցրեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, ինչին հետևեց Օսիպյանի պատասխանը՝ սուտ եք ասում։
Լրագրողների հետ «տեղափոխությունից» հետո, Վալերիյ Օսիպյանին բաց են թողնում։ Վերջինս հաջորդ օրն այցելում է գնդի տարածքում վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանին։ Ըստ տուժողի, Մկրտչյանը չէր կարողացել խոսել, միայն ձեռքն է սեղմել ու աչքերով «կոնտակի» մեջ մտել։
Դատավարական կողմերի հարցուպատասխանից հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց ոստիկանապետի դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ։ Վալերիյ Օսիպյանը շեշտեց.
«Ես կորցրել եմ ընկերներ: Եթե այդ հանգամանքը չլիներ, ես չէի առարկի: Դատաքննությունը պետք է շարունակվի, և ամեն մեկը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»։
Դատարանն ավարտված համարեց ՀՀ ոստիկանապետի հարցաքննությունը և հայտարարեց 15 րոպե ընդմիջում, ինչից հետո ցուցմունք կտա ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: