Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ժողովրդավարությանը նվիրված հերթական` Freedom in the World զեկույցում Հայաստանը դասել է այն փոքրաթիվ երկրների շարքում, որոնք ամենամեծ առաջընթացն են արձանագրել անցած տարի՝ 2018 թվականին և պետք է հատուկ ուշադրության արժանանան այս տարվա ընթացքում:

«Եվրասիական տարածաշրջանում, ուր կարծրացած էլիտաները շարունակում էին չարաշահել իրենց լծակները՝ իշխանության ղեկին մնալու համար, Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել՝ պաշտոնանկ անելով լայն ժողովրդականություն չվայելող նախագահ Սերժ Սարգսյանին և ընտրելով նոր, բարեփոխական վարչապետ ու կառավարություն», — փաստում է հեղինակավոր կազմակերպությունը:

«2018-ի գարնանը հայերը փողոց դուրս եկան Սերժ Սարգսյանի դեմ, ով փորձում էր շրջանցել նախագահական ժամկետի սահմանափակումներն ու երկարաձգել իր ղեկավարումը՝ դառնալով վարչապետ: Ի զարմանս շատերի, Սարգսյանի հրաժարականի ժամանակ բողոքի խաղաղ ցույցերը հասան իրենց կիզակետին և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բերեցին վարչապետության: Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը վճռորոշ հաղթանակ տարավ դեկտեմբերի արտահերթ ընտրություններում՝ ճանապարհ հարթելով համակարգային բարեփոխումների համար», — արձանագրում է զեկույցը՝ շարունակելով․ — «Դեկտեմբերյան այդ ընտրություններից հետո խորհրդարանի նոր, բարեփոխական մեծամասնությունը խոստացավ առաջ տանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ կոռուպցիայի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ պայքարում»:

Ընդհանուր առմամբ, գնահատելով ժողովրդավարության մակարդակը 25 տարբեր չափորոշիչներով՝ Freedom House-ը Հայաստանում 2018-ին 6 միավորի առաջընթաց է արձանագրել: Ըստ այդմ, Հայաստանը այս անգամ ստացել է 100 հնարավորից 50-ը՝ նախորդ տարվա 44-ի փոխարեն: Սա, ըստ փորձագետների, ամենանշանակալի առաջընթացներից մեկն է աշխարհում: Դրանով հանդերձ՝ Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների խմբում՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ:

Ողջունելով անցած տարվա առաջընթացը՝ Freedom House-ը միաժամանակ ընդգծում է՝ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք այս տարվա ընթացքում պետք է մնան միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում:

Դիտարկված 195 երկրների շարքում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներ էլ շարունակում են մնալ Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:Տ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest