ՀՀ Ֆինանսների նախարարությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով։ Նախարարությունը չի ցանկանում վճարել 70 հազար դրամ գումարը։ Այդ որոշումը կայացրել է առաջին ատյանի դատարանը դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19. 02.16 որոշմամբ Գասպարիի նկատմամբ կալանավորումն է ընտրվել որպես խափանման միջոց, իսկ Վերաքննիչ դատարանը 26․02.16 թվականին բեկանել է դատարանի որոշումը եւ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացրել։
Ոչ Վարդգես Գասպարին, եւ ոչ էլ նրա պաշտպանները խափանման միջոցի վերաբերյալ նիստին ներկա չէին եղել, ինչը պաշտպանական կողմը համարել էր օրենքի խախտում։
Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ դիմելով դատարան, իրենք պահանջել էին բարոյական վնասի փոխհատուցում՝ 3 մլն 500 հազար դրամի չափով։ Սակայն առաջին ատյանի դատավոր Հայարփի Զարգարյանը որոշել էր կալանքի տակ գտնվելու 7 օրերի համար տրամադրել փոխհատուցում 70 հազար դրամի չափով։
«Գնահատելով, որ ամեն կալանքի օրը 10 հազար դրամ է։ Ուղղակի իր ներքին համոզմունքն այն է, որ տառապանքը տաս հազար դրամ արժեր։ Բայց այդ համոզմունքը կար, որ գոնե բարոյական վնաս է հասցվել»,- ասաց փաստաբան Դավիթ Գյուրջյանը։
Վարդգես Գասպարին նշում է, որ իրեն ազատազրկելն անօրինական է եղել։ Նա նաեւ զարմանում է դատարանի որոշման վրա։
«Նշանակում է օրը 10.000 դրամ։ Ես կարող եմ հռետորական հարց տալ։ Եթե ցանկություն ունեն, ես շատերին պատրաստ եմ պատրաստ պահել կալանքի տակ՝ 10 հազար դրամ վճարելով»,- ասում է ակտիվիստը։
Ըստ Վարդգես Գասպարիի՝ պետք է կիրառվեն այնպիսի գումարներ, որ պետության համար դա շոշափելի լինի։ «Նման որոշումներ կայացնելիս պետությունը իմանա, թե ինչի առաջ է կանգնելու, այլապես այնպես է ստացվում, որ կարելի է ցանկացած մարդու պահել անազատության մեջ եւ հետո ասել, այդքան գումար կտանք, կվերջացնենք»,-ավելացնում է նա։
Ակտիվիստ Գասպարիին ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է ներկայիս իշխանության կողմից։ Ֆինանսների նախարարությունը պահանջում է բեկանել դատարանի որոշումը։
Որպես հիմնավորում նախարարությունը նշել է նաեւ այն հանգամանքը, որ Վարդգես Գասպարին մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել առաջադրված մեղադրանքում։
Վարդգես Գասպարիին 2016 թ մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 450 հազար դրամ տուգանքի։ Գասպարին մեղավոր էր ճանաչվել վարչական դատարանի դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, ոստիկանին վիրավորելու եւ ոստիկանին վիրավորելու համար։
«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախարարությունը գտնում է, որ այս գործով առկա չէ վնասի հատուցման պահանջի իրավական հնարավորություն ունեցող սուբյեկտի՝ արդարացվածի հատկանիշները, իսկ նման հնարավորության սուբյեկտիվ կենսագործման պայմանները , մասնավորապես առանցքային՝ ապօրինի կալանավորումը բացակայում է , հետեւաբար պատշաճ սուբյեկտի , ինչպես նաեւ օբյեկտի եւ օբյեկտիվ կողմի բացակայության պայմաննրում ոչ նյութական վնասի հատուցման պահանջն ամբողջությամբ ենթական էր մերժման»,- Վճռաբեկ բողոքում նշել է ֆինանսների նախարարությունը։
Նախարարությունը միաժամանակ գտնում է, որ վճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանման կարիքն ունեն հետեւյալ հարցադրումները։
«Արդյո՞ք ոչ նյութական վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել միայն ապօրինի դատապարտման դեպքում։ Ինչպիսի կառուցվածքով պետք է հաստատվի քրեական հետապնդման մարմնի, դատարանի գործողությունների եւ որոշումների ապօրինությունը»։
Նախարարությունը խնդրում է վճռաբեկ բողոքը ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը եւ հայցն ամբողջությամբ մերժել։ Կամ բեկանել որոշումը եւ ան ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
Վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացրել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: