Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված 19-ամյա Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը:

Սպանության 4-րդ տարին լրացավ օրերս, այնինչ նիստերը շարունակվում են պարբերաբար հետաձգվել: Այս մասին այսօր բարձրաձայնեց նաև մեղադրող դատախազ Հարությունյանը, դատարանին առաջարկելով անցնել ավելի հստակ գործողությունների.

«Միջնորդում եմ հրապարակել գործով առանցքային վկա հանդիսացող Սամվել Սերոբյանի նախաքննական ցուցմունքները: Նա բավականին ժամանակ է՝ երկրից բացակայում է և չի ներկայանում դատարան, ինչի հետևանքով էլ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են»,- միջնորդություն հիմքում նշեց դատախազ Հարությունյանը:

Սամվել Սերոբյանն այն կուրսանտն է, ով սպանության գիշերը Հայկազի հետ եղել է նույն ննջասենյակում և իր նախաքննական ցուցմունքներում մեղադրել է գործով անցնող ամբաստանյալներ Գնել Թևոսյանին, Վաչե Սահակյանին, Նորիկ Սահակյանին և Մովսես Ազարյանին: Ամբողջ դատավարության ընթացքում վկա Սերոբյանը դատարան է ներկայացել միայն մեկ անգամ՝ 2016թ.ի նոյեմբերին, այն էլ չի կարողացել ցուցմունք տալ. հենց դատարանի դահլիճում նրա ինքնազգացողությունը վատացել է և Շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվել է: Դրանից հետո վկան չի ներկայացել դատարան, որոշ ժամանակ անց զորացրվել է և լքել Հայակստանից:

Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ, նշելով՝ Սերոբյանն առանցքային վկա է, ուստի նրա հետ առերես հարցաքննություն է անհրաժեշտ.

«Սամվել Սերոբյանն առանցքային վկա է, նրա ներկայությունը ցանկալի է դատարանում: Վկան մեր պաշտպանյալների դեմ ցուցմունքներ է տվել, ուստի առերես հարցաքննության անհրաժեշտություն ենք տեսնում»,- նշեց պաշտպան Արմեն Նադիրյանը:

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել միջնորդության քննությունը, նշելով, որ դեռևս տարբերակներ կան վկա ՍԵրոբյանին դատարան ներկայացնելու:

Պաշտպան Նադիրյանն իր հերթին միջնորդեց դատագենետիկական փորձաքննություն նշանակել, պարզելու՝ հագուստների վրա հայտնաբերված արյան հետքերն ո՞ւմ են պատկանում:

Դատավոր Դավիթ Հարությունյանը 2 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա հավելեց, որ որոշման հրապարակումից հետո դատական նիստը հետաձգվելու է մինչև փետրվարի 18-ը:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest