Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրապարակեց  2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով դատավճիռը։

   Երեւանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ,  Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Հրայր Անտոնյանին  դատավորը մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։

   Հիշեցնենք, որ մեղադրող Հայկ Պետրոսյանը միջնորդել էր Հրայր Անտոնյանին դատապարտել 3  տարվա ազատազրկման։  Նույն պատժաչափը մեղադրողը  պահանջել էր նաեւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի համար։ Վերջինս եւս դատապարտվեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։

   Գործով անցնող մյուս անձինք՝  Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը, Աշոտ Գեւորգյանը դատապարտվեցին 2  մլն 300  հազար դրամ տուգանքի։  Մինչդեռ մեղադրողը պահանջել էր նրանց դատապարտել 2 մլն 500 հազար դրամ տուգանքի։   Հեղինե Փոգրարյանին էլ դատարանը դատապարտեց  2 մլն 250 hազար դրամ տուգանքի, թեեւ մեղադրողը միջնորդել էր սահմանել փորձաշրջան՝ երեք տարի ժամանակով։

 Մեղադրողը նախորդ նիստին իր ճառում նշել էր,  թե ինչու է պահանջել այդպիսի պատժաչափեր։

«Ընտրական հանացագործությունների համար հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը պայմանականորեն չկիրառելը գտել է, որ այն չի կարող ապահովվել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը, որը իր բացասական ազդեցությունը կունենա ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման բնականոն ընթացքի վրա»,- ասել էր Հայկ Պետրոսյանը։

 Այսօրվա դատավճռից հետո ամբաստանյալները ծափահարեցին՝ հայտարարելով,  որ արդարությունը հաղթեց։

Սուսաննա Պողոսյան

Pin It on Pinterest