Երեւանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ,  Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Հրայր Անտոնյանին դատախազը միջնորդեց դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործը, որը ստացել է «Զիբիլիքս» անունը։

Բացի Հրայր Անտոնյանից, դատախազը միջնորդեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին եւս դատապարտել 3 տարվա ազատազրկման։ «Նրանց միջոցով է կառուցվել հանցավոր շղթան»,- իր ճառում ասաց մեղադրող Հայկ Պետրոսյանը։

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը:

Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին։ Վերջիններս համատեղ կազմակերպել եւ ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները:

Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար:

Այդ, ինչպես նաեւ նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաեւ նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի Հրայր Անտոնյանից եւ Ստեփան Սահակյանից, այս գործով անցնում են եւս 9 անձինք։Երվանդ Բեգլարյանին, Արմեն Ազոյանին, Աշոտ Գեւորգյանին, Մինաս Շահինյանին, Հովհաննես Գալստյանին, Ալեքսան Խաչատրյանին, Տարոն Սարգսյանին, Սեյրան Բեգլարյանին դատախազը միջնորդեց դատապարտել նվազագույն աշխատավարձի 250.000- ապատիկի չափով տուգանքի։ Իսկ Հեղինե Փոգրարյանի նկատմամբ մեղադրող Հայկ Պետրոսյանը միջնորդեց սահմանել փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով։

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի պաշտպան Մանվել Ալեքսանյանին շատ էր անհանգստացրել դատախազի ճառը։

«Մենք եկել ենք, համագործակցել ենք եւ ակնկալում էինք, որ այսօր հարգարժան մեղադրողը չառաջարկի ազատազրկման հետ չկապված պատժի դեմ։ Այսուհետեւ ես կհավատա՞մ Գլխավոր դատախազությանը, իհարկե չեմ հավատա։ Ի՞նչ, ի՞նչ է արել իմ պաշտպանյալը, արել է ընդամենը մի արարք, որը մինչեւ սեպտեմբերյան ընտրությունները խրախուսելի էր։ Խրախուսելի էր իշխող համակարգի կողմից՝ Հանրապետական կուսակցության կողմից։ Եթե դա չանեին կզրկվեին իրենց աշխատանքից»,- դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ուղղելով խոսքը՝ հայտարարեց փաստաբանը։

Նա նաեւ իր ճառում նշեց՝ եթե իրենք չհամագործակցեին, նախաքննության մարմինը մինչ օրս ապացույցներ ձեռք բերած չէր լինի եւ գործը մինչեւ հիմա նախաքննության փուլում կլիներ։

«Նախաքննության մարմինը բազմիցս հայտարարել է, որ դուք մեզ տալիս եք ցուցմունքները, նկարագրում եք մեխանիզմը հանգամանքները, մենք ձեզ համար ապահովում ենք ազատազրկման հետ չկապված պատիժ։ Հարգելի դատարան, նախաքննության մարմինը դրժել է իր պարտավորությունը, գնահատականը թողնում եմ ձեզ»,- ասաց Մանվել Ալեքսանյանը։

Նա միաժամանակ միջնորդեց դատավորին Ստեփան Սահակյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ․

«Ասենք երեք տարի ազատազրկման վայրում գտնվեց իմ պաշտպանյալը, թշվառներիս ուսերի վրա նրան երեք տարի պահեցինք։ Գլխավոր դատախազությունը չի մտածում, որ դրանով ընդհակառակը, վնաս է տալու բյուջեին»։

Ամբաստանյալները հանդես եկան նաեւ ճառով եւ վերջին խոսքով։ «Կամ դատում եք, բոլորիս դատեք, կամ տուգանում եք, բոլորիս տուգանեք»,- ասաց ամբաստանյալներից Արմեն Ազոյանը։ Մյուս ամբաստանյալները, այդ թվում Հրայր Անտոնյանը դատարանին խնդրեցին մեղմ պատիժ սահմանել։

Մեղադրող Հայկ Պետրոսյանը ռեպլիկի կարգով անդրադարձավ Մանվել Ալեքսանյանի հայտարարությանը՝ նշելով, որ դատախազությունը որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել եւ հետեւաբար որեւ խոստում չի դրժել․ «Նախաքննության մարմինը դատախազությանը չէ»։

Մեղադրողն անդրադարձավ նաեւ պատժի խստությանը՝ մեջբերելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը։ «Ընտրական հանացագործությունների համար հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը պայմանականորեն չկիրառելը գտել է, որ այն չի կարող ապահովվել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը, որը իր բացասական ազդեցությունը կունենա ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման բնականոն ընթացքի վրա»,- ասաց Հայկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ բոլոր ամբաստանյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները։

Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց։ Փետրվարի 4-ին կհրապարակվի դատավճիռը։

«Զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով, այն վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Երեւանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

Ըստ ԵԼՔ-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ եւ ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել: 

Ընդ որում, ԵԼՔ-ի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն, եւ թե որը քանի ձայն է բերելու:

Սուսաննա Պողոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest