Երեկ փաստաբան Հայարփի Սարգսյանը պաշտպանիչ դիմակով լուսանկար էր փակցրել ֆեյսբուքյան իր էջին և արտառոց գրառում էր թողել. «Շուրջ 2 ժամ էստեղ՝ Սովետաշենի հոգեբուժարանում, գտնվելուց հետո արդեն անհրաժեշտություն կա հիվանդանոց գնալու և հետազոտվելու, ինչպես նաև առաջին բուժօգնության: Սիրտս խառնում է, գլուխս ցավում է»:

Փաստաբանը հոգեբուժարան էր գնացել` տեսնելու իր պաշտպանյալ, եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանին: «Ինձ դժվարությամբ ներս թողեցին: Նույն սենյակում մոտ 20 հիվանդ է պահվում: Ես որ ներս մտա, խառնված, տեղաշորն էին փոխում, բայց իմ պաշտպանյալն արդեն երրորդ  օրն է, այնտեղ էր: Չգիտես, թե ում անկողնում են պառկեցրել: Վրայից սարսափելի գարշահոտ էր փչում: Ասեցին, որ չեն լողացրել, որովհետև ինքը չի ցանկանում, ինչին դժվար է հավատալ: Խնդրեցի, որ թույլատրեն, որ մայրը գնա այնտեղ, լողացնի տղային: Մինչ այդ էլ Յուրիկին մոտ 40 օր պահել են ռազմական ոստիկանությունում: Այնտեղ նրան չեն լողացրել ու չեն կերակրել: դա խոշտանգում է, վատ վերաբերմունք իմ պաշտպանյալի նկատմամբ», — հայտնեց Հայարփի Սարգսյանը: Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության վերաբերյալ:

Յուրիկ Բրոյանը իր փաստաբանի հետ շփվում է ժեստերով: Նա չի խոսում, դժվարությամբ է քայլում, ամբողջ մարմնով ցնցվում է: Հայարփի Սարգսյանը պնդում է, որ ցնցումները ավելացել են այն բանից հետո, երբ Կանազի հոգեբուժարանում Յուրիկին ինչ որ ներարկումներ են արել:

Եզդի երիտասարդի ճակատագրական պտույտը հոգեբուժական հաստատություններով սկսվեց անցյալ տարվա օգոստոսից, երբ նրան սահմանափակումներով զորակոչեցին բանակ:  Բրոյանի մայրը պնդում է, որ իր որդին ժառանգական հոգեկան հիվանդություն ունի, չի խոսում և դժվար է հաղորդակցվում, և հոգեկան պատճառով անգամ դպրոց չի հաճախել: Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ նա սիմուլյանտ է,  չի ցանկանում ծառայել ՀՀ զինված ուժերում: «Հատուկ պետք է շեշտել, որ նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը», — ասված է եզդի զինծառայողի մասին ՊՆ պաշտոնական պարզաբանման մեջ:

Հաշմանդամ երիտասարդի վերաբերյալ զինդատախազությունում երեք քրեական գործ է քննվում` զորամասի կոմբատի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության, հոգեբուժարանի աշխատակցի հետ կոնֆլիկտի փաստերով, ինչպես նաև ինքնավնասման դեպքի կապակցությամբ: Այս վերջին գործով եզդի զինծառայողը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով` «անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»: Գործով կա դատարանի որոշում դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար հետազոտություն իրականացնելու մասին, որի շրջանակներոմ Յուրիկ Բրոյանը ներկայում գտնվում է Սովետաշենի հոգեբուժարանում` Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:  

Մայրը` Մարինե Բրոյանը, երկու օր է, գնում, գալիս է հոգեբուժարան:  «7 ամիս է, իմ տղան վատ է: Ոչ ոք ինձ չի հասկանում: Ռազմական ոստիկանությունում սոված էր, ես գնում էի, մի կերպ կերակրում էի իմ ձեռքով: Իմ երեխուն շատ վատ են վերաբերվել:  Չեն լողացրել: Ինձ խաբում էին, որ շաբաթը երեք անգամ լողացնում են: Մինչև հիմա օգոստոս ամսի բարակ համազգեստով էր, զինվորական նույն սապոգով, կոճակները պոկած, գրպանում դրած: Իմ հիվանդ երեխու վրից արդեն հոտ էր գալիս: Էսօր հոգեբուժարանում ուզում էի լողացնել, բայց իրենք սրբիչ չունեին: Վաղը սրբիչ կտանեմ, կլողացնեմ: Էսօր զինվորական շորն եմ հանել վրայից, «տապոչկեք» եմ տարել, որ որքերը հագստանան», — ասում է ու անընդհատ լաց է լինում մայրը:

Նախարար Դավիթ Տոնոյանը բանակի օրվա կապակցությամբ Յուրիկ Բրոյանի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով, ասել էր. «Մենք ունենք սկզբունքյին մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք սխալվում ենք»: Սկզբունքային մոտեցում ասելով` նախարարը հավանաբար, նկատի ունի համոզմունքը, որ Յուրիկ Բրոյանը  խուսափում է բանակային ծառայությունից: Այսպիոսվ, Դավիթ Տոնոյանը դիրքորոշում արտահայտելով եզդի զինծառայողի նկատմամբ, առաջ է ընկնում նախաքննության մարմնից, ակամայից ուղորդելով քննիչներին և հոգեբույժներին, որոնք պետք է մասնակցեն զինծառայողի համալիր հետազոտություններին:

 Նախարարի «սկզբունքային» վերաբերմունքը նրանք կարող են ընդունել որպես ցուցում: Ինչի հիման վրա է այն ձևավորվել, եթե Դավիթ Tոնոյանը ոչ մի անգամ չի պատասխանել Յուրիկ Բրոյանի մոր նամակներին: Չի ընդունել նրան:  Գոնե մեկ անգամ չի այցելել երիտասարդին: Նման այցելությունները, հավանաբար, ցածր են Դավիթ Տոնոյանի արժանապատվությունից:  Համեմատության կարգով հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նման դեպքերում անպայման ընդունում էր հիվանդ զինվորներին: Դեպքեր են եղել, երբ նրանց տարել են ուղիղ Օհանյանի աշխատասենյակ:

Յուրիկ Բրոյանի գործին ձևական միջամտություն է ունեցել ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա գրասենյակից Forrights.am-ին հայտնում են. «Հունվարի 29-ին փաստաբան Հայարփի Սարգսյանն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին, հայտնել, որ տեղեկություն չունի Յուրիկ Բրոյանի գտնվելու վայրի մասին: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ ՊՆ ՌՈ-ից քննիչի միջնորդությամբ դատարանի որոշման հիման վրա Յուրիկ Բրոյանը նույն օրը տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է Հայարփի Սարգսյանին։

Երեկ՝ հունվարի 31-ին, Հայարփի Սարգսյանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Յուրիկ Բրոյանի հարցով։

Տեղի է ունեցել արագ արձագանքման այց, ուսումնասիրվել են հոգեբուժարանում անձին պահելու հիմքերն ու պահման պայմանները։ Հաստատվել է, որ Յուրիկ Բրոյանը կենտրոնում պահվում է դատարանի որոշման հիման վրա՝ որպես իրավական հիմք։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են պահման վատ պայմանները։

Նման պայմաններ են արձանագրվել նաև հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»։ Այսպիսով, օմբուդսմենը ևս պնդում է, որ զինծառայողը պահվում է վատ պայմաններում: Սակայն նրա «պնդելուց» որպես կանոն ոչինչ չի փոխվում, թեև նա կարող էր գոնե առանձին հայտարարությամբ հանդես գալ: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Յուրիկ Բրոյանին գործը քննարկման փուլում է», — հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest