ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջացրել է փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների դժգոհությունը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ֆեյսբուքյան իր էջում մտահոգությունն է հայտնել նախագծի հետ կապված։
«Փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում, 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը բնականաբար կարող է սահմանափակել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (հետևաբար դատական իրավունքի մատչելիությունը): Որպես հետևանք, կտրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ»,- գրել է Արա Զոհրաբյանը։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը, սակայն, հիշեցնում է՝ Հանրային պաշտպանի գրասենյակը ծառայություն է մատուցում միայն որոշակի խմբերի․ «Խնդիրն այդպես չի լուծվում, իսկ եթե այդպես առաջնորդվեցին, ապա փաստաբանների ուղիղ կեսը պետք է դառնա հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ»։
Իրավապաշտպանի խոսքերով՝ փաստաբաններին հաշվապահական ծառայությունների հետ նույն շարքում դասելը շատ սխալ է եւ այն կարող է անդառնալի, ծանր հետեւանքներ ունենալ․ «Փաստաբանի աշխատանքը չի ծանրանալու, նա ոնց աշխատել է , այդպես էլ աշխատելու է։ Բայց նախ դիմողների քանակն է կրճատվելու, մարդիկ այլեւս հաճախ չեն դիմելու փաստաբաններին իրենց իրավունքները վերականգնելու համար։ Բացի այդ դատական կարգով բողոքարկումները քչանալու են»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ընդգծում է՝ պետության համար գերակա պետք է լինի հասարակության յուրաքանչյուր անդամի համար արդարադատության մատչելիությունը ապահովումը։ Բացի քաղաքացիներից, տուժելու են նաեւ անհատ փաստաբանները կամ այն փաստաբանական գրասենյակները, որոնք որեւէ մեկի կողմից չեն հովանավորվում։
«Իսկ հովանավորյալ խմբերը շարունակելու են լավ աշխատել։ Հասարակության ապահովված անձինք եւ անհատները, կազմակերպությունները, նրանք մշտապես շարունակելու են օգտվել այդ մեծ հովանավորյալ կառույցների եւ փաստաբանական գրասենյակների ծառայություններից։ Այս հարթությունում ոչինչ չի փոխվելու»,- ասում է Արայիկ Պապիկյանը։
Նրա խոսքերով՝ հասարակության համար արդարադատության մատչելիության որակն է պակասելու։ Փաստաբանը միաժամանակ կարծում է, որ գործադիր իշխանությունը խելամիտ կգտնվի եւ չի գնա այս ճանապարհով։
«Անհասկանալի է, առհասարակ, մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկից դուրս բերելու գաղափարը այն ապարագայում, երբ ոչ մասնագիտական ծառայությունները շարունակվելու են հնարավորություն ունենալ աշխատելու շրջանառության հարկով: Միայն, այն հանգամանքը, որ մասնագիտական ծառայություններ մատուցողները ունեն բավարար կարողություններ ինքնուրույն ավելացված արժեքի հարկի հաշվառում վարելու համար, դեռևս բավարար չէ այս ոլորտը հարկման առումով տարբերակելու համար, քանի որ հարկային բեռի տարբերությունը հարկման ընդհանուր և հատուկ համակարգերի միջև էական է: Նույն տրամաբանությամբ մասնագիտական ծառայություններ մատուցողները կարող են ինքնուրույն վարել նաև ակցիզային հարկի հաշառում: Ինչևէ, նման պարագայում նախատեսվող օրենսդրական միջոցառման բացասական արդյունքներն անհամեմատ գերազանցելու են այն օգուտներին, որը թվում է, որ պետությունն ունենալու է»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում գրել են 10 հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Այն արդեն ստորագրվել է եւ ուղարկվել։
Նամակում բացի սա, եւս 4 մտահոգություն է ներկայացվում։ Այս փոփոխություններով ՝ օրինական դաշտում աշխատողների մի հատված կանցնի ստվերային դաշտ՝ իրական շրջանառությունը թաքցնելու, հետեւաբար նաեւ քիչ հարկեր վճարելու համար։
Մի շարք հասարակական կազմակերպություններ և կառույցներ, հաշվապահական, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններ նախքան նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառելը, նախատեսում են բաց մասնագիտական հանրային քննարկում կազմակերպել՝ առավել մանրամասն և փաստարկված կերպով ներկայացնելու օրենսդրական այդ նախաձեռնության բացասական հետևանքները, ինչպես նաեւ լսելու նրանց մեկնաբանությունները:
Փաստաբանների պալատի մեծ դահլիճում եւս տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ոչ միայն փաստաբանների, այլ նաեւ խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել։
«Այս հարցով փաստաբանները վճռական են տրամադրված: Ցավոք, տպավորությունն արդեն համոզմունք է դառնում, որ կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար»,- գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: