Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումը գնահատելը շատ դժվար է, քանի որ ոչ մեղադրող կողմը, ոչ էլ նրա պաշտպանական կողմը չեն ներկայացնում որոշման փաստարկներն ու հակափաստարկները:

Իրավապաշտպանը Forrights.am-ին ասաց, որ ենթադրում է, թե Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատարան դիմած դատախազության հիմքն էլի այն է, որ Մանվել Գրիգորյանը գտնվելով ազատության մեջ, կարող է ազդել նախաքննության վրա:

Արթուր Սաքունցի խոսքով՝ հարց է, թե դատարանը պատշաճ հիմքեր տեսե՞լ է, որ  Մանվել Գրիգորյանը ազատության մեջ փորձել է խոչընդոտել նախաքննությանը, օրինակ՝ ազդել վկաների վրա: «Ի վերջո, նա ԵԿՄ նախագահն է եղել, ու էդ ամեն ինչը, որ հայտնաբերել են, դրա հետ կապված մարդիկ կան, որոնք պետք է վկայություններ տան: Ինքը գիտի՝ ով պոտենցիալ վկա կարող է լինել: Կարո՞ղ էր նրանց վրա ազդել ու  լռեցնել, թե՞ ոչ»,-հարց ուղղեց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Այլ հարց է՝ Մանվել Գրիգորյանի դեմ մեղադրանքի ծավալն ընդլայնվե՞լ է, թե՞ ոչ, որովհետև համացանցով բազմաթիվ տեղեկություններ են տարածվել նրա հին ու նոր այլ հանցագործությունների մասին»:

Ուստի, նրա խոսքով՝ պետք է դատախազության բողոքի հիմքերին ծանոթանալ և պաշտպանական կողմի հակափաստարկներին: «Մանվել Գրիգորյանի պաշտպանները փոխանակ իրավական գնահատաններ տան, քաղաքական գնահատաններ են տալիս Գրիգորյանի կալանավորմանը՝ փորձելով ազդել հանրային կարծիքի վրա՝ հակապետական որոշում, թուրքը կտեսնի, կուրախանա և այլն»,-տարակուսեց Սաքունցը:

Նշենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը. Մեկ ամիս առաջ 25 միլիոն դրամ գրավով կալանքից ազատ արձակված նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ կրկին կալանավորվեց և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը դատարանի որոշումը օրինական և հիմնավոր համարեց:

Գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում  հակադարձեց մեղադրող կողմի փաստարկին, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը: «Դա փաստ չէ, դա ենթադրություն է, որը որ մեռավ, կյանքի իրավունք չունի այլևս, որովհետև Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, չխոչընդոտեց, չխուսափեց, գործով անցնող այլ անձանց հետ կոնտակտի մեջ անգամ չմտավ, և երբ որ դատարանի որոշման մասին տեղեկացավ՝ անհապաղ ինքն իր կամքով ներկայանում է կալանավայր»,-հայտարարեց պաշտպանը՝ հավելելով. «Իր դեպքում պատժավայր, այսինքն, քանի որ մենք ակնհայտ տեսնում ենք կողմնակալությունը և ոչ օբյեկտիվ վերաբերմունքը»։

Փաստաբանը չբացառեց Մանվել Գրիգորյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

Մանվել Գրիգորյանի գեներալի պաշտպանական կողմը պնդում է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք կալանքի հետ համատեղելի չեն: Մեկ ամիս առաջ նրան կալանքից ազատելու որոշում կայացնելիս դատարանը հաշվի էր առել նաև, որ Մանվել Գրիգորյանն ունի 16 հիվանդություն։ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ եթե գեներալը Հայաստանում չի կարող բուժում ստանալ, դա պետք է հիմնավորվի, սակայն նման հիմնավորում չի ներկայացնում պաշտպանական կողմը: «Պետք է հիմնավորեն, որ ՔԿՀ-ում չեն կարող անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրել, բայց իր պաշտպաններն այդպես էլ նրա առողջականի մասին հստակ փաստեր չներկայացրեցին, կամ էլ դատախազությունը պետք է հիմնավորի, որ նրա հիվանդությունների դեմն առնելու համար պատշաճ պայմաններ ու բժշկական միջոցներ կան բանտում և նա պետք է բուժումն անցնի դատապարտյալների հիվանդանոցում, անհրաժեշտության դեպքում՝ բուժվի քաղաքացիական հիվանդանոցում»,-նշեց իրավապաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանի առջև բողոքի ակցիա իրականացնող  էջմիածնեցիները երեկ շամպայնով ու խորովածի խոստումով «նշեցին» գեներալի կալանվորման որոշումը: Իսկ գեներանի կինը, ում դեմ նույնպես մեղադրանք կա,  որոշ լրատվամիջոցների հայտարարեց, թե Հայաստանում արդար դատարան չկա, դատարանը ենթարկվում է փողոցին, ոչ թե օրենքին: 

Վարչապետը նաև հավաստիացրել էր, որ չնայած իր համար «տհաճ էր» Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու որոշման մասին լսելը, ինքը դատական որևէ պրոցեսի վրա ազդեցություն չունի: «Ես գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են ծագում, որ բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, բաց թողեցին, և գիտեմ, որ որոշակի նյարդայնություն առաջացնում է, բայց ես հույս ունեմ, որ բոլորդ գիտեք, որ ես` ինքս, այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, իմ որոշման տիրույթում չեն, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա»,-հավաստիացրել էր վարչապետը:



Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու մեջ։

Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ — «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest