«Հայոց բանակի օրվա գիշերն իմ որդու արյունն ա թափվել․․․»

7 օրից կլրանա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության 4-րդ տարին։ 2015թ․ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց 19-ամյա Բարսեղյանը: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվեց ֆիզհրապարակի պտտաձողից կախված:

Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրեց Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Որդու մահից 4 տարի անց Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, միայն արդար դատաքննություն է ուզում, դատարանից ակնկալում է, որ «որդուն նման դաժանությամբ սպանողներն իրենց խստագույն պատիժը կստանան»․

«Միգուցե արդար քննությունից հետո բանակում դադարեցվի ինքնասպանությունները, ինքնասպանության որակումների տակ իրականացվող դաժան սպանությունները, ի վերջո, գուցե իշխանությունն իր ուշադրությունը սևեռի բանակում կատարվող խոշտանգումների վրա։ Իմ տղան կամավոր ցանկություն հայտնեց սովորել ռազմական ինստիտուտում, ինքն ուզում էր ծառայել Հայաստանի հանրապետությանը, բայց ի՞նչ ստացանք․․․Հայոց բանակի օրվա գիշերն իմ որդու արյունը թափվեց։ Հայաստանի համար հունվարի 28-ը տոն ա, մեր բանակի օրն ա, իսկ Հայկազ Բարսեղյանի ընտանիքի համար՝ սուգ․․․»,- Forrights-ի հետ զրույցում անկեղծացավ Արկադի Բարսեղյանը։

Հայկազի տատիկը լավ է հիշում թոռան սպանության գիշերը։ Ուրախացել էին, որ թշնամին չէր ակտիվացել հայոց բանակի տոնի առթիվ և որևէ զինվոր չէր վիրավորվել այդ գիշեր։ Միայն առավոտյան էին հասկացել, որ օրն «արյունոտ էր եղել» հենց իրենց համար։

«Ինձ ասում էին՝ եթե տղաս խոստովանի, գիտե՞ք իր հետ ոնց կվարվեն բերդում»

Անցնող 4 տարիների ընթացքում 4 մեղադրյալներից և ոչ ոքի ծնողները կամ հարազատները չեն այցելել Բարսեղյաններին։ Միայն մեկ անգամ Արկադին, հաշվի առնելով մեղադրյալներից Նորիկ Սահակյանի դրական բնութագիրը, սեփական նախաձեռնությամբ հանդիպեց Սահակյանների հետ։ Ըստ Արկադիի, այդ ժամանակ Նորիկի մայրն «ինքնախոստովանություն է արել»․

«Նորիկի մայրն ասեց՝ եթե տղաս խոստովանի, գիտե՞ք իր հետ ոնց կվարվեն բերդում, մանավանդ, որ իմանան «միլիցու» տղա ա։ Եթե էս ինքնախոստովանություն չէր, բա էլ ի՞նչ էր։ Էսքանն ասեց, բայց վերջում էլի իրենը պնդեց, թե՝ իմ տղան անմեղ ա։ Լավ, բոլորն ամեղ են, բա իմ տղուն ո՞վ սպանեց։ Ես իրենց էդքան ասում եմ, եթե վերադաս մարմիններից մեկն ա կատարել սպանությունը, բայց ձեր վրա ա գցում՝ ասեք․․․ես չեմ ուզում անմեղ մարդկանց կյանքը խորտակեմ»,- նշեց կուրսանտի հայրը։

Գործով անցնող 30 վկաները գրեթե միաբերան ասում էին․ «Վախենում էինք, որ մենք էլ այդ ճակատագրին կարժանանանք»

2015թ․ նոյեմբերից սկսվեց Հայկազ Բարսեղյանի կամ առավել հայտնի «Կուրսանտի գործով» դատավարական գործողությունները։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության  դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Գործով անցնող 30 վկաներ իրենց նախաքննական ցուցմունքներում գրեթե նույնությամբ պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Սական վկաներից շատերը դատարանում՝ ամբաստանվող անձանց ներկայությամբ, հրաժարվեցին ցուցմունք տալ։ Վկաներն այն կուրսանտներն են, որոնք սպանության գիշերը եղել են դեպքի վայրում՝ 408 ննջասենյակում։ Նրանք բոլորը պատմում էին, որ Գնելը, Նորիկը, Վաչեն և Մովսեսը դաժանությամբ ծեծել են Հայկազին, ապա կտրել երակները, ինչից հետո վախեցել իրենց արածից և որոշել սպանությունը քողարկել ինքնասպանությամբ։

«Ասում էին՝ գցենք 2-րդ հարկից։ Հետո փոշմանեցին ու որոշեցին իջեցնել ֆիզհրապարակ ու կախել։ Հայկազին քարշ տալով տարան ննջասենյակից։ Երևի արդեն չէր շնչում, քանի որ չէր շարժվում»,- նշում էին վկաները։

Դատավարական կողմերի այն հարցին, թե ինչո՞ւ վկաներից և ոչ ոք չի խոսել և փորձել օգնել Հայկազին, 30 վկաները գրեթե միաբերան ասում էին՝ վախենում էինք, որ մենք էլ այդ ճակատագրին կարժանանանք։

Հաջորդ դատական նիստի օրը համընկնում էր Հայկազի սպանության օրվա հետ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասություն դատարանի Ավանի նստավայրում՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննվող նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Այսօր ևս բացառություն չէր․ դատարան էր ներկայացել վկա Թելման Մխիթարյանը, ով պաշտպանական կողմի միջնորդությամբ արդեն 2-րդ անգամ է հրավիրվում ցուցմունքի։ Վերջինս կրկին հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել կողմերի հարցերին․

«Իմ նախաքննական ցուցմուքում ես ամեն ինչ ասել եմ»,,- ասաց Մխիթարյանը։

Թելման Մխիթարյանը գործով անցնող առանցքային վկաներից է, քանի որ հենց նրա հերթապահության ժամանակ է տեղի ունեցել դեպքը։ Թելմանն իր նախաքննական ցուցմուքներում պատմել էր, որ տեսել է, թե ինչպես են գործով անցնող մեղադրյալներ Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը սենյակներից մեկից դուրս են եկել՝ իրենց հետ թևանցուկ բերելով նաև Հայկազ Բարսեղյանին ու տարել մարտկոցից դուրս:

«Մի կողմից Վաչե Սահակյանն էր թևանցուկ արել, մյուսից՝ Գնել Թևոսյանը, իսկ Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը քայլում էին Վաչեի ու Գնելի ետևից: Հայկազ Բարսեղյանը չէր քայլում, նրան տանում էին, գլուխը կախ էր, գլխարկը՝ աչքերի վրա փակված»,- ցուցմունքում գրել է վկա Մխիթարյանը:

Քանի որ այս նախաքննական ցուցմունքը դեռ անցած տարի հրապարակվել էր, դատարանը որոշում կայացրեց հետաձգել նիստը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը Forrights-ի հետ զրույցում հայտնեց, որ եթե պաշտպանական կողմն այլ միջնորդություն չունենա, ապա հաջորդիվ կլինի ճառերի փուլը, ինչից հետո՝ ամբաստանյալների վերջին խոսքը։

«Ինձ թվում է՝ անգամ վերջին խոսք չեն ասի»,- կարծիք հայտնեց Թորոսյանը։

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հաջորդ նիստը տեղի կունենա ոչ թե հաջորդ երկուշաբթի, ինչպես միշտ է լինում, այլ 2 շաբաթ անց, քանի որ մյուս երկուշաբթին հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի կազմավորման և Հայկազ Բարսեղյանի սպանության օրը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest