«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Շահվերդյանը տասն օր հացադուլի մեջ մնալուց հետո այսօր դադարեցրել է այն: Նա իր հարազատների միջոցով փոխանցել Forrights.am-ին, որ քննիչ Հովհաննես Համբարյանը սպառնում է վերաբացել իր գործը, եթե ինքը ցուցմունքներ չգրի Ալավերդու գործարար, իր համաքաղաքացի Վահագն Աբգարյանի դեմ, ինչը ինքը հրաժարվել է անել: Աբգարյանին մեղադրում են սպանության պատվեր տալու համար, իսկ Շահվերդյանը դատապարտված է այն  բանի համար, որ ծեծկրտուքի մասնակցելով, Ալավերդու բնակիչ Արման Տիտանյանի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցրել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան Forrights.am-ի հարցմանը Արթուր Շահվերդյանի բողոքի վերաբերյալ հայտնեցին հետևյալը.

 «Արթուր Շահվերդյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ  քննիչի որոշմամբ դեռևս 2018 թվականի հուլիսի 9-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ Արթուր Շահվերդյանից բռնություն կամ սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով ցուցմունք տալուն հարկադրելու հանցագործության դեպքի բացակայության, ինչպես նաև քննիչի արարքում  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորությունները անցնելը/ , իսկ Շահվերդյանի արարքում ՔՕ-ի 333-րդ հոդվածով /սուտ մատնություն/ նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքերով:

Հատուկ քննչական ծառայությունը բազմակողմանի  քննչական գործողություններ է կատարել, նաև ծառայողական քննություն: Որոշման պատճեն սահմանված կարգով ուղարկվել է Արթուր Շահվերդյանին, ում նաև պարզաբանվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն՝ որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին՝ որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Ա. Շահվերդյանի կողմից, սակայն, նման բողոք չի ներկայացվել»:

Արթուր Շահվերդյանի հարազատները մեզ հայտնեցին, որ այսօր նրան դատախազ է այցելել, հանգստացրել է, հորդորել է, որ դուրս գա հացադուլից, խոստանալով, որ իր գործի վերաբացում չի լինելու: Շահվերդյանին տեղափոխել են իր խուցը: Այսպիսով, հացադուլը դատապարտյալների շրջանում  ընկալվում է որպես իրենց բողոքները տեղ հասցնելու ամենաարդյունավետ միջոցը: 

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest