Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը. պաշտպանը միջնորդել էր փոխել Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը և այն փոխարինել ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
«Այսօր մենք ականատես եղանք, որ գործից անջատված մասով անցնող մեղադրյալներն էլ փաստեցին, որ չեն տեսել, թե ով է կրակել ոստիկանների ուղղությամբ։ Ավելին, նրանք չեն տեսել, որ իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանը կրակի որևէ մեկին։ Ուստի արդարացի կլինի, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվի»,- իր միջնորդության հիմքում նշեց Փոստանջյանը։
Արմեն Բիլյանը միացավ ներկայացված միջնորդությանը և հայտարարեց. «Իմ խիղճը մաքուր ա»։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով՝ այն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ դեռ առկա է վտանգ, որ ամբաստանյալը, գտնվելով ազատության մեջ կխուսափի դատարան ներկայանալուց։
«Արմեն Բիլյանը փախնող տղա չի, իր հայրենիքը լքող չի։ Արմեն Բիլյանը մինչև վերջին շունչը պայքարող տղա ա»,- դատախազի խոսքին տեղից միջամտեց Բիլյանը։
Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը՝ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը, ևս առարկեց։ Նա նշեց, որ ազգի համար մտածող մարդը չի գնա և բանկոմատ թալանի․
«Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել։ Եթե վնասվածքը հասցրել է նա, ուրեմն թող մինչև վերջ նստի ու պատասխան տա արարքի համար: Թող դատարանը որոշի: Շատերը ոչինչ չգիտեն և ռեպլիկներ են թողնում»,- հայտարարեց տիկին Ոսկանյանը։
Դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները՝ ի նշան բողոքի, սկսեցին բղավել և աղմկել տուժողի կնոջ խոսքի ընթացքում, ինչը հուզեց Հասմիկ Ոսկանյանին
Շուրջ րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց միջնորդությունը մերժել և ավարտված համարել այսօրվա դատական նիստը։ Քրեական գործի քննոթյունը կշարունակվի հունվարի 23-ին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: