«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 44-ամյա դատապարտյալ Հայկ Գալստյանն արդեն 5-րդ օրն է, ինչ աչքերը կարել է: Նման եղանակով նա իր բողոքն է արտահայտում հիմնարկի «անօրինական քայլերի» շուրջ.

«Օրեր առաջ, երբ ամուսինս գտնվում էր «Նուբարաշեն»-ի պետի սենյակում, առանց նրա իմացության և ներկայության, խուց են մտնում հիմնարկի աշխատակիցներն ու խուզարկություն կատարում: Տանում են Հայկին անհրաժեշտ դեղորայքը, որը նշանակվել էր իրեն բուժող բժիշկը: Այդ դեղերը մենք ենք ուղարկում նրան, ամուսինս սրտի շատ լուրջ խնդիրներ ունի, սրտի ստենդավորման վիրահատություն է տարել, անընդհատ բժիշկների հղկողության տակ պետք է գտնվի, իսկ խցից հանված դեղորայքն էլ իր ամենօրյա դեղերն են»,- Forrights-ին էր ահազանգել Հայկ Գալստյանի կինը՝ Աննա Մինասյանը:

Նա հայտնեց, որ դեղերը ժամանակին չընդունելու հետևանքով ամուսնու առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն քրեակատարողական հիմնարկը չի շտապում հրավիրել Շտապ օգնության բրիգադ, այլ միջամտում է միայն այն ժամանակ, երբ Աննան զանգահարում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ.

«Մի քանի օր առաջ՝ երեկոյան ժամերին, Հայկի վիճակը կտրուկ վատացել էր, բայց Շտապ օգնություն չէին կանչել: Ես ահազանգեցի ՄԻՊ-ին, ինչից հետո գիշերը 3-ի սահմաններում նոր բուժօգնություն են ցույց տվել նրան»,- նշեց Աննան:

Դատապարտյալի կինը շեշտում է՝ ամուսնու նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, իսկ «Նուբարաշեն»-ի պետի հետ էլ խնդիրն ավելի շատ անձնական բնույթի է: Ըստ Աննայի, ամուսնու բողոքին՝ թե ի՞նչ իրավունքով են առանց իր ներկայության խուզարկություն իրականացնում խցում,  հիմնարկի պետը հայտարարել է. «Ոնց ուզում եմ, տենց էլ անում եմ»:

Forrights-ը կապ հաստատեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանի հետ, պարզելու՝ որևէ անձնական խնդիր կա՞ դատապարտյալի հետ: Գրիգորյանը չոր և կտրուկ ուղղորդեց դիմել Քրեակատարողական վարչության մամուլի ծառայություն: Մենք հստակեցրինք, որ ՔԿՀ պետին ենք զանգահարել, քանի որ դատապարտյալը պնդում է, որ խնդիրն անձնական է:

«Ես ո՞նց կարամ Հայկ Գալստյանի հետ խնդիր ունենամ»,- ասաց պետն ու առանց որևէ բան ավելացնելու անջատեց հետախոսը:

Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից Նոնա Նավիկյանը հայտնեց, որ դատապարտյալ Հայկ Գալստյանը բժիշկների հսկողության ներքո է, ժամանակին է ստանում իրեն անհրաժեշտ դեղորայքը և խցից առգրավված դեղերի կարիքը չունի.

«Օրեր առար, երբ վատացել է դատապարտյալի առողջական վիճակը, ժամանակին կանչվել է Շտապ օգնություն և տեղում ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնությունը»,- հավելեց Նավիկյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Գալստյանի կինը՝ Աննան, դիմել է հունվարի 5-ին: Ըստ ՄԻՊ-ի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանի, պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն արագ արձագանքել են դատապարտյալի ահազանգին: Նրանք կապ են հաստատել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ աշխատակցի հետ և պարզել իրավիճակը.

«Բացի դրանից, պայմանավորված այն հանգամանքով, որ Հայկ Գալստյանը պաշտպանին հասցեագրված դիմում է ունեցել, չհայտարարված այցերից մեկի ժամանակ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել դատապարտյալի հետ: Անհրաժեշտության դեպքում գրասենյակը լրացուցիչ գործողություններ կձեռնարկի»,- նշեց Նունե Հովսեփյանը:

Այս պահին դատապարտյալ Հայկ Գալստյանի առողջական վիճակը ժամանակ առ ժամանակ վատանում է: Նրա կինը՝ Աննան, Forrights-ին պարբերաբար տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկը «շարունակում է իր անօրինությունները և միայն իր միջամտությունից հետո է ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ»:

ՀԳ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ Forrights-ի հետ կրկին կապ հաստատեց դատապարտյալի կինը և հայտնեց, որ Հայկ Գալստյանն աչքերի կարերն արձակել է:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest