Ռուս զինծառայողի կողմից Գյումրիում դեկտեմբերի սկզբին գազանաբար սպանված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի աղջիկը երեկ մի քանի հոգու հետ այցելել է մոր գերեզմանին. լրացել է մոր մահվան քառասուն օրը: Քառասունքին մասնակցել են մոր նախկին մի քանի աշխատակիցներ: Իր համար անհասկանալի պատճառով մորը կորցրած աղջիկը անկողնային հիվանդ տատիկից բացի ոչ ոք չունի: Չնայած ծայրահեղ սոցիալական վիճակին, որևէ պաշտոնյա չի այցելել նրանց ու չի հետաքրքվել նրանց վիճակով: Ոչ մի օգնություն չեն ստացել: Միայն Գյումրու քաղաքապետարանը, որտեղ հավաքարար է աշխատել մայրը, օգնել է թաղման ծախսերի հետ կապված, քանի որ աղջիկը սպանված մորը թաղելու գումար չի ունեցել:
Սպանված կնոջ աղջկան քննիչները չեն հարցաքննել: Մինչ այժմ նրա համար շատ բան մութ է: «Ոչ մի բան ինձ չեն ասում: Ոչ գալիս են, ոչ հարցնում են՝ ի՞նչ է եղել ոչ միլիցայությունը, ոչ քննչականը: Չգիտեմ ինչ են անում իրենք: Էնպես անտարբեր են, որ չգիտեմ: Իրանց համար երևի սովորական բան է մարդու էդպիսի մահը, մեր համար անսովոր է: Էդպիսի բան ոչ տեսել ենք, ոչ էլ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Ղուկասյանը:
Անահիտի միակ ցանկությունն այժմ այն է, որ մարդասպանին համարժեք պատիճ տան: «Գոնե էնպիսի պատիժ տան, որ ես հանգստանամ, որ համապատասխան լինի: Էդպես տանջամահ անեն մարդուն ու քի՞չ տարի տան, ես չեմ պատկերացնում»,-ասաց միակ ծնողին կորցրած աղջիկը, ով էինքն էլ հավաքարար է աշխատում՝ անկողնային հիվանդ տատիկին ու իրեն պահելու համար:
Այսօր ՀՀ մի շարք քաղաքացիներ՝ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախաձեռնությամբ Գյումրու Մայր Հայաստան հուշարձանի առջևից կշարժվեն դեպի ՌԴ 102-րդ ռազմահենակետի մատույցներ, որտեղ տեղի կունենա սգո և բողոքի արարողություն՝ ի հիշատակ ռազմահենակետի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից ուղիղ 4 տարի առաջ սպանված Ավետիսյանների ընտանիքի քառամյա սգո տարելիցի և մեկ այլ ռուս զինծառայողի կողմից սպանված Ջուլիետա Ղուկասյանի քառասնօրեքի հոգեհանգստյան:
Կազմակերպիչներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Forrights.am-ին ասաց, որ իրենք գնում են՝ լինելու գյումրեցիների կողքին: «Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ պետական այրերը լինեին այդ օրը Գյումրիում: Եթե այդպես չէ, մենք պետք է գոնե մեր համերաշխությունը հայտենք մեր գյումրեցի եղբայրներին և քույրերին»,-ասաց կինոռեժիսորը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն, արդյոք նոր բան կբացահայտվի Պերմյակովի գործով Նոր Հայաստանում, Խզմալյանն ասաց. «Մենք մեր մտահոգությունները պետք է ձևավորենք որպես քաղաքացիներ և եթե մենք համարում ենք, որ բավարար կամ ընդունելի չէ իշխանության դիրքորոշումը, պարտավոր ենք ճնշել նրանց, ձևավորել հասարակական կարծիքը»:
Ինչպես հայտնի է՝ գյումրեցի կնոջը փողոցում սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը պատիժը կրում է Գյումրու ռուսական ռազմաբազայում: Այն, որ հայկական կողմը պաշտոնապես չի պահանջում հայկական տարածք տեղափոխել մեղադրյալին, Խզմալյանը համարում է ապացույց, որ ոչ մի բան չի փոխվել. «Որովհետև չի փոխվել Ռուսաստանից վասալական, ստրկական կախվածությունը: Ահա ինչի արացոլում է այս խայտառակ իրավիճակը»: Նա հիշեցրեց, որ Հայաստանի նոր իշխանությունը թաքուն պահեց գյումերցի հավաքարարի սպանության հանգամանքները, որ դա չխանգարի խորհրդարանի ընտրություններին: «Մենք գալիս ենք բարձրաձայնելու այն, ինչ մարդիկ խոսում են փողոցներում»,-ասաց Խզմալյանը:
Նրա խոսքով՝ ռուսական գաղութատենչ զորքը տեղ չունի Հայաստանում և պետք է հեռանա: «Մենք պետք է հասնենք նրան, որ ռուսական զավթիչ զորքը դուրս գա Հայաստանից: Երկրորդն այն է, որ պետական, հասարակական մակարդակի վրա դրվի Լենին-Քեմալ ռուս-թուրքական պայմանգրի չեղարկման հարցը: Այն ընդունվել է առանց Հայաստանի ներկայացուցչության և մասնակցության: Կանխորոշել է մեր երկրի քաղաքական ճակատագիրը, սահմանները: Դա բանալի է, որ բացում է շատ այլ կողպեքներ: Օրինակ՝ Արցախյան հարցը միանշանակ լուծվում է այդ պայմանագրի չեղարկման դեպքում»,- տեսակետ հայտնեց Խզմալյանը:

«Այսպես շարունակվելու դեպքում, ակնհայտ է, որ ունենալու ենք նոր զոհեր»

Գյումրիում ռուսաստանյան զորամասերից մեկի մոտ կայանալիք բողոքի ակցիային անդրադարձել է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
«Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը եւ՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռազմաբազայի հսկողության տակ եւ չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Բարսեղյանը՝ շարունակելով, որ երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին եւ դրությունները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների:
Ուստի՝ չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին եւ հանձնել բազայի հրամանատարությանը:
Նրա խոսքով՝ 1999 թվականից ի վեր ռուսաստանյան 102 ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով սպանվել կամ զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ: Նյութական վնասի հանրագումարը դժվար է հաշվել:
«Այսպես շարունակվելու դեպքում, ակնհայտ է, որ ունենալու ենք նոր զոհեր, տուժողներ եւ կրելու ենք նորանոր նյութական վնասներ: Այս դրությունը, հասկանալի կերպով լարում է հայ-ռուսական հարաբերությունները եւ ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Ակնհայտ է, որ խնդրի չլուծելը եւ չտեսնելու տալը չի լուծում խնդիրը, այն պարբերաբար մեզ է ներկանայում նոր հանցագործություններով եւ դժբախտություններով»,-նշել է Բարսեղյանը:
Ուստի նա ՀՀ իշխանություններից պահանջում է «Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային եւ գիշերային տեսահսկող խցիկներով:
Ինչպես նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):
Քննչական կոմիտեն չի պարզաբանում
Գյումրիում սպանված կնոջ գործը քննող ՀՀ քննչական կոմիտեից չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե ինչու հայկական կողմը չի պահանջում ՌԴ-ից՝ մեղադրյալին հայկական կողմին փոխանցել:

Նշենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաննեը միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով:
 
Նրանք վկայակոչել են «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությ ունը, գործում են նրա իրավասու մարմինները»։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացրել:
 
Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest