«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Շահբազյանը 2017 թվականից կալանավայրում է, պարբերաբար նամակներ է գրում պաշտոնական ատյաններ, հացադուլ է հայտարարում պահանջելով ուշադրություն իր նկատմամբ: Արդեն վեցերրորդ օրն է, նա հացադուլի մեջ է:

Այս անգամ Արթուրի հայրը՝ Արայիկ Շահվերդյանն է նամակ հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ և ՀՔԾ պետերին, օմբուդսմենին, որոնց անվանում է «երկրի նոր կյանքի առաջնորդներ»: Նա վստահեցնում է, որ իր որդու գործով քննիչ Հովհաննես Համբարյանը, որը Լոռու մարզի նախկին ոստիկանապես, ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանի որդին է, ճնշում է Արթուրին, պահանջում է, որ նա ցուցմունքներ գրի Ալավերդի քաղաքում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ, որի գործը ներկայում դատարանում է:

Աբգարյանը, հիշեցնենք, մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու և Լուռու քննչականի նախկին պետին կաշառք տալու համար: Արթուր Շահվերդյանի հարազատները, նրա հայրը վստահեցնում են, որ Անուբախ Համբարյանի որդին նույնիսկ խոստացել է ժամացույց նվիրել Արթուրին, ապահովել նրան ծխախոտով, եթե վերջինս կատարի իր պահանջը ու վկայություն տա Աբգարյանի դեմ:

«Իմ որդին երկու անգամ հացադուլ է հայտարարել, — գրում է Շահվերդյանի հայրը, — երկու անգամ էլ նա այդ քայլին դիմել է քննիչ Հովհաննես Անուբախի Համբարյանի կողմից ճնշումների ենթարկվելու համար: Նրանից ցուցմունք են կորզում իր համաքաղաքացի Վահագն Աբգարյանի դեմ, բայց իմ որդին չընկճվեց և բարձրաձայնեց համակարգում բուն դրած կոռուպցիայի դեմ, որը անպատժելիոության պատճառն է: Ես մի որդուս կորցրել եմ, նա զոհվեց ավտովթարից, պատկերացրեք, ինչ թանկ է ինձ համար Արթուրը: Բանտերը լիքն են մի «իրենց մարդու» ցուցմունքներով դատապարտվածներով, իմ որդու գլուխը արժեք չունի, կա վկա, ով կարող է փաստել, որ քննիչ Համբարյանը սպառնալիքներ է տվել նրան:

Պարզվում է, այդ սպառնալիքներն իրական էին, որդուս գործը մեկ բացվում է, մեկ փակվում է, Համբարյանը այն փորձում է կապել Աբգարյանի հետ, իբր, նա կաշառք է տվել որդուս գործով ինչ որ պաշտոնյայի: Բայց որդիս դատապարտվել է առավելագույն ժամկետով՝ 5 տարով: Այդ դեպքում ո՞րն էր կաշառք տալու նպատակը, սա անհեթեթություն չ՞ի:

Հետին թվով բան են փորփրում, որ ո՞ւմ պատժեն, ո՞ւմ ջրաղացին ջջուր լցնեն: Եթե որդիս սուտ ցուցմունք տա, պատիժը կրճատելու են, իսկ հակառակ դեպքում, ինչպես Հովհաննես Համբարյանն էր սպառնում ՝ նոր գործ են հարուցելու տղայիս դեմ: Հարգելի պարոնայք, երկրի ղեկը վարողներ, ի՞նչ են ուզում իմ որդուց: Ինչո՞ւ պետք է նա կալանքի մեջ ինքն իրեն պատժեր հացադուլով, եթե այս ամենը սուտ է»:

Ալավերդու բնակիչ, 26-ամյա Արթուր Շահվերդյանը ազատությքան մեջ մեղմ ասած՝ օրինակելի վարքով աչքի չի ընկել: Նա կռվարար է, երկու դատվածություն ունի, երկուսնել էլ կռիվների, ծեծու ջարդերի մեջ հայտնվելու հետևանքով: Իսկ կրկնահանցագործները ամենախոցելի խումբն են, որոնք սովորաբար, կախյալ վիճակում են լինում իրավապահներից:

Առաջին անգամ Արթուրը դատապարտվել է 2015 թվականին 1 տարվա պայմանական ազատազրկման և 250 հազար տուգանքի՝ սուտ մատնության համար: Նրան դանակահարել էին, սակայն ինքն ասել էր, որ ընկել է: Երկրորդ անգամ՝ 2017 թվականին, նա բանտարկվել է այն բանից հետո, երբ ընկերների հետ ծեծի է ենթարկել իր համաքաղաքացուն, կտրելով նրա ականջը: Դատարանում անմիջապես ընդունել է իր մեղքը և պահանջել է արագացված ընթացակարգով դատավարություն: Նրա հայրը որդու արարքը համարում է «անհեթեթություն» և օրեր է հաշվում, որ նա վերադառնա տուն:

Արթուրի հարազատները կապվեցին Forrights.am-ի հետ և հայտնեցին, որ նա թուլացած է, բայց պատրաստվում է մինչև վերջ պայքարել, քանի որ չի ցանկանում ոչ մեկի դեմ կեղծ վկայություն տալ: «Մենք զանգեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մեզ ասեցին՝ եթե մեր իրավասության տակ լինի, գործին կհետևենք: Արթուրն իրեն թույլ է զգում, նրան միայն կալանավայրերը դիտարկող դիտորդներն են այցելել», — նշեց Արթուրի ընկերներից մեկը:

Մենք դիմեցինք գլխավոր դատախազություն, խնդրելով տեղեկացնել, թե արդյոք տեղյակ են դատապարտյալի բողոքներին և ի՞նչ են ձեռնարկում նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար: դրանց իսկությունը ստուգելու համար: Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պատասխանեց հետևյալը. «Մենք երեկ ենք ստացել Արթուր Շահվերդյանից դիմում, որին ընթացք է տրվել: Նա հացադուլի ընթացքում մշտապես գտնվում է բժիշկների և վարչակազմի հսկողության տակ: Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա դրա վերաբեյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest