«Իմ դիրքորոշումը ես արդեն մեկ անգամ հայտնել եմ, ես ներկայացրած մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ, որ դրանք անհիմն են»,- այս մասին այսօր, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին։

Լրագրողների հստակեցնող հարցին, թե որ դրվագով չի ընդունում մեղադրանքերը, այդ թվում՝ փողերի լվացմա՞ն, նա պատասխանեց, որ մեղադրանքներից որևէ մեկը չի ընդունում:

Սիլվա Համբարձումյանի հետ կաշառքի մեղադրանքով առերեսում եղել է, թե ոչ հարցին Արմեն Գևորգյանը չպատասխանեց.

«Ես մի կարգավիճակում եմ, որ նման հարցերին ցավոք սրտի չեմ կարող պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել
Արմեն Գևորգյանին, իսկ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս որոշման դեմ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու,  առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու ու արդարադատությանը խոչընդոտելու մեջ:

Pin It on Pinterest