2019 թվականի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել Դիմումատուի անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: 

Հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը և ՀՀ կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը՝

  • Արդյո՞ք ՀՀ իշխանությունները վերցրել են Դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական և փաստական հիմքերը.
  • Հաշվի առնելով Դիմումատուի առողջական վիճակը՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:

ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչև սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Մայրապետյանի պաշտպաններն ավելի վաղ հայտարարել էին, թե Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիա մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ:

Հունվարի 8-ին, երբ ՀՔԾ-ն վերադարձրեց Մայրապետյանի անձնագիրը, նրա փաստաբան Կարեն Բատիկյանը դա պայմանավորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջանկյալ որոշմամբ. ՄԻԵԴ-ն այս առնչությամբ հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը։ Մայրապետյանի գործը քննող իրավապահ կառույցը, մինչդեռ, պնդում է՝ անձնագիրը վերադարձվել է նրա կալանքը փոփոխելուց հետո, երբ պաշտպանները այդ հարցով դիմել են իրենց։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նրան «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել: Չհրապարակելով, թե ինչ գործի շրջանակում է մեղադրվում Մայրապետյանը, ՀՔԾ-ն հայտարարում է, որ խոսքը խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամին համարժեք մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։

Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest