Դեկտեմբերի 30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Ավելի վաղ Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել էր երկու նոր մեղադրանքներով: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:
Հարությունյանը այս պահին Հայաստանում չէ և գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ։
Առաջին անգամ նրան կալանավորելու որոշում էր կայացվել դեռ անցած տարվա նոյեմբերի 2-ին, իսկ մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին, Վերաքննիչ դատարանը բեկանել էր ստորադաս ատյանի որոշումն ու վերացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանքը։
Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: