Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, ՀԿԳ գործերով վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանի մեղադրանքները առնչվում են նրա ղեկավարած վարույթներին: Դրանցից գլխավորը Մարտի 1-ի գործով ապացույցների կեղծումն է: Ըստ ՀՔԾ նյութերի, իրեղեն ապացույց հանդիսացող 1000 պարկուճներ, որոնք կրակված են եղել զինվորականների զենքից, փոխարինել են ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող հրազենից կրակված պարկուճներով: Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, մի քանի անգամ պնդել է, որ չի ընդունում այս մեղադրանքը: «Դեպքի վայրում մի քանի հարյուր պարկուճներ են եղել, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել», — ասել է նա իր վերջին ինտերտնետային հարցազրույցներում:

Հարությունյանին առաջադրված մյուս մեղադրանքների մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 26-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ / Քր․ օր-ի 308 հ, մաս 2/ և պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ /309–րդ հոդվածի 2–րդ մաս/։

Ինչ լիազորություններ է չարաշահել Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալը, ինչ բռնություններ է իրականացրել, վարույթն իրականացնող մարմինը: Forrights.am-ն այս հարցի վերաբերյալ հակասական տեղեկություններ է ստացել: Մեր հարցին, թե արդյոք նոր մեղադրանքները նույնպես վերաբերում են Մարտի 1-ի քրեական գործին, ՀՔԾ խոսնակ Մարինե Օհանջանյանը պատասխանեց. «Այո, դրանք վերաբերում են մարտի 1-ի գործին, սակայն առայժմ զերծ կմնանք այլ տեղեկություններ հայտնելուց»:

Տվյալներ ունենք նաև, որ լիազորությունները չարաշահվել են Ալավերդու ճանաչված հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով նախաքննության ժամանակ, որով, ասում են՝ Վահագն Հարությունյանը հպարտանում էր և որն իր մասնագիտական նվաճումն էր համարում:

Ալավերդցուն դատախազութունը մեղադրում է իր համաքաղաքացու՝ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար: 2017 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած այս սպանությունը ընկալվում է որպես Ալավերդին ալեկոծող արյան վրեժի շղթայի մի օղակ: Բանն այն է, որ Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, որը 2016 թվականից հետախուզման մեջ է, մեղադրվում է Ալավերդու Վահագի թիկնապահների սպանության համար:

Համարվում է, որ Կամոյի մահը Վահագն Աբգարյանի վրեժն է եղել, որը վերջինս իրագործել է իր սանիկի՝ Վլադ Դավթյանի միջոցով: Եւ Վլադ Դավթյանը, որը Փիրուզյանին սպանելուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, և Վահագն Աբգարյանը հերքում են պատվերով սպանությունը, իսկ Վահագն Հարությունյանը ամեն կերպ փորձել է հիմնավորել այն:

Ըստ Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի, նախաքննական մարմինը չունի այս վարկածն ապացուցող ոչ մի փաստ: Նա վստահեցնում է. «Վահագն Աբգարյանի գործի վարույթի շրջանակներում հարցաքննված մի քանի վկաներ ներկայացել են ՀՔԾ և հայտնել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը իրենց ստիպել է, որ ցուցմունքներ տան Ալավերդցու հեղինակության դեմ, հայհոյել է և ճնշումների է ենթարկել, սակայն իրենք հրաժարվել են գրել այդ ցուցմունքները: Վերջերս ես անձամբ եմ ուղեկցել նրանց ՀՔԾ՝ հարցաքննության»:

Ավելի վաղ, դատարանում և նախաքննության ընթացքում իր դեմ գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնել է Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վլադ Դավթյանը, վստահեցնելով, որ քննիչներն իրենից պահանջել են, որ ցուցմունք գրի Վահագի դեմ, ինչը ինքը չի արել: Վերջերս Վլադ Դավթյանը հացադուլ էր հայտարարել, այս կերպ բողոք արտահայտելով իրեն պատվերով սպանության համար մեղադրողների դեմ: Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելով, ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Մինչ այդ, նկատենք, մարտի 1-ի գործով ևս ՀՔԾ-ն կալանքի մասին որոշում ուներ, որը օրերս վերացվեց վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ:

Վահագն Ալավերդցու գործով դատավարությունն աննպատակ հետաձգվում է: հերթական դատը հետաձգվեց երեկ՝ դեկտեմբերի 28-ին: Ոչ դատախազության ներկայացուցիչն էր եկել նիստին, ոչ էլ տուժողի ներկայացուցիչները: Լոռու դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը նախորդ նիստին խոստացել էր, որ եթե մեղադրող դատախազ կրկին չներկայանա, ինքը ստիպված կլինի կարգապահական տույժի հարց բարձրացնել գլխավոր դատախազի առաջ:

Հայտնի է, որ վերաքննիչ ատյանի նախագահ, դատավոր Վազգեն Ռշտունին ջերմ ընկերական հարաբերությունների մեջ է Վահագն Հարությունյանի հետ: Հենց սա էլ կարող է Մարտի մեկի գլխավոր քննիչի նկատմամբ վերաքննիչի դատավորների «մեծահոգի» վերաբերմունքի պատճառ հանդիսանալ: Ի դեպ, Հարությունյանը լայն կապեր ունի «օրենքի աշխարհում»: Նրա ընկերների թվում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն ամեն ինչ անում է, որ հետախուզվողին <չարտահանձնեն>, ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը, նախկինում <անունով> որոշ փաստաբաններ: Ինչո՞ւ պետք է այս կապերը այսօր չաշխատեն Մարտի 1-ի գործով մեղադրյալի օգտին, ինչո՞ւ չպետք է պաշտպանեն նրան ՀՔԾ-ից, ոչնչացնեն, երկար հոգեբանական պրեսսինգի չենթարկեն բոլոր նրանց, ում Վահագն Հարությունյանը «նստացրել» է, ում խոստացել է «ագռավի սռոկ» տալ:

Երեկ մեղադրող դատախազ չկար արդեն երրորդ անգամ, և այս արարքը միանգամայն անպատիժ մնաց: Չի բացառվում, որ դատավորի նկատմամբ ևս որոշակի ճնշում է եղել: Տպավորություն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միտումնավոր չի ուղարկում դատարան մեղադրողի, որպեսզի հնարավորինս երկար պահի Ալավերդցուն դատարանում: Նույն պատային իրավիճակը երեկ վերաքննիչ դատարանում էր, որտեղ դատավոր Լուսինե Աբգարյանը քննարկում էր Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու դեմ բերված փաստաբաններ Հայկ Ալումյանի և Վարդուհի Էլբակյանի բողոքը։

Թաթուլ Շուշանյանի գործը կապված է Ալավերդցու գործի հետ: Նույնիսկ միջնորդություն է եղել այս երկու գործերը միացնել նույն վարույթում: Շուշանյանը մեղադրվում է կաշառքի դիմաց Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար: Այս գործը նույնպես քննել է Վահագն Հարությունյանը: Վերաքննիչ դատարանը, որի նախագահն, ինչպես նշեցինք, Վահագն Հարությունյանի ընկեր Վազգեն Ռշտունին է, երեկ մերժեց Շուշանյանի պաշտպանների բողոքը:

Շուշանյանը երկու անգամ է ազատվել կալանքից: Մեկ անգամ՝ գրավի դիմաց, ինչի կիրառումը վերաքննիչը անթուլատրելի համարեց և բեկանեց որոշումը: Իսկ հոկտեմբերի 20-ին լրացել էր նրա կալանքի ժամկետը, և նա ազատ էր արձակվել: Դատախազությունը սակայն մտավ դատարան և առանց կալանքի համար նոր հիմք բերելու, պահանջեց, որ Շուշանյանին կալանավորեն: Առաջին ատյանի դատարանն էլ բավարարեց պահանջը: Հայկ Ալումյանը Forrights.am-ի հետ զրույցում այս կալանավորումը համարեց բացարձակ ապօրինություն, շեշտելով. «Իմ 21 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում, կալանավորման հարցում դեռ այս կարգի ապօրինություն տեսած չկամ»:

Վարդուհի Էլբակյանը դատարանի այս մոտեցման մեջ միտում է տեսնում: «Եթե մարդն ինչ որ հիմքով մեկ անգամ ազատվել է կալանքից, նրան նույն հիմքով կալանավորելու իրավունք չկա: Իսկ Թաթուլ Շուշանյանը երկու անգամ է ազատ արձակվել: Ինձ համար այս ամենը սառը ցնցուղ էր: Օրենքի տառի այդքան կոպիտ խախտում, այն էլ այդ դատավորի կողմից չէի սպասում: Ինձ թվում է, ինչ որ աներևույթ կապ է գործում: Սա ինչ որ ենթատեքստերով գործ է, այստեղ իրավաբանություն չկա»:

Սյուզան Սիմոնյան

Հ․Գ․ Ինչու է փաստաբանների շեշտած ակնհայտ ապօրինությունը հանդուրժում գլխավոր դատախազությունը, ինչու են կալանքից ազատվում քրեական հեղինակություններն ու այլոք, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցչի դեպքում գրավի կիրառումը անթույլատրելի համարվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանի քրեական գործերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող գլխավոր դատախազությունը։ Մի կարևոր հարց ևս․երբ է գլխավոր դատախազությունը զբաղվելու Վահագն Հարությունյանի արտահանձման հարցով։

Pin It on Pinterest