«Վարուժանն այն կարծիքին էր, որ ճիշտը հանձնվելն է, Արայիկն ասում էր՝ մինչև Ժիրոն չասի, չենք հանձնվի»

1163

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասով 3 մեղադրյալներ Էդգար Սողոմոնյանը, Գևորգ Մելքոնյանը և Ռուբեն Գրիգորյանն այսօր հարցաքննվեցին դատարանում։ Նրանք այն անձիք են, ովքեր ավելի շուտ են լքել գնդի տարածքը և իրենց խոսքերում նշել, որ խմբավորման անդամներն իրենց բռնի ուժով են պահել ներսում։

Մեղադրյալները հրաժարվեցին ցուցմունք տալ և պատասխանել դատավարական կողմերի հարցերին, ուստի հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները։

Ըստ մեղադրյալ Էդգար Սողոմոնյանի, Արթուր Մելքոնյանի հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ, Մելքոնյանը հայտարարել է, որ պետք է գնան Երևան և ազատեն Ժիրայր Սեֆիլյանին։ Սողոմոնյանը սկզբից համաձայնվել է, սակայն մի փոքր մտածելուց հետո՝ հետ կանգնել այդ մտքից, վերջում՝ այնուամենայնիվ գնացել Արթուրի հետ․

«Սպիտակ քաղաքում հանդիպեցինք Արմեն Լամբարյանի և էլի մի քանի հոգու, մի կտոր բան կերանք, խմեցինք ու ճամփա ընկանք Երևան։ Լամբարյանն ասում էր՝ Սեֆիլյանը հայրենասեր մարդ է, պետք է նրան ազատել։ Երբ շարժվեցինք, մեր մեքենայի հետևում ուրիշ մեքենա էլ կար Մի քիչ առաջ շարժվեցինք, մի ուժեղ ձայն լսվեց։ Շրջվեցի տեսնեմ «Կռազ» բեռնատարը խփեց դռանը, ես շփոթված էի ու չէի իմանում, թե ինչ է կատարվել։ Ավելի ուշ հասկացա, որ ոստիկանության շենք ենք մտել»,- ցուցմունքում նշել էր Սողոմոնյանը։

Անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկաններին, մեղադրյալը պատմել էր, որ գրավման օրը միջանցքում գտնվել են միայն Արմեն Բիլյանն ու Արայիկ Խանդոյանը։ Վերջինս զենքն ուսին, փողը՝ դեպի ներքև ուղղված, իսկ Բիլյանը՝ զենքը ձեռքին, փողը դեպի սենյակն ուղղված կանգնած են եղել։ Լսվել է կրակոցի ձայն, ինչից հետո սենյակից դուրս է եկել կարճահասակ ոստիկան՝ կքանստած վիճակով (հավանաբար խսքը զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին է) ։

«Վարուժանն այն կարծիքին էր, որ ճիշտը հանձնվելն է, Արայիկն ասում էր` մինչև Ժիրոն չասի, չենք հանձնվի։ Հետո եկան երրորդ հարկ, ասեցին, որ պետք է հանձնվել։ Վարուժի խոսքերից ուրախացել էի»,- պատմել էր Էդգար Սողոմոնյանը։

Նույնօրինակ նախաքննական ցուցմունքներ էին տվել նաև մյուս երկու մեղադրյալները։ Մասնավորապես, Գևորգ Մելքոնյանը պատմել էր, որ մտքով չի անցել, որ Լամբարյանն ու մյուսներն իրենց բերում են Երևան՝ գունդ գրավելու: Չի մտածել, թե նրանք զինված են լինելու: 

«Ես ինքս օգնել եմ, որ սպանված ոստիկան Վանոյանի մարմինը հանենք ՊՊԾ գնդի տարածքից, քանի որ մահացած մարդկանից վախ չունեմ: Գնդի զինված տղաները պատանդ են պահել բժիշկներին, նրանցից գիտեմ մենակ Սալվադորի անունը: Ես ու ընկերս՝ Ռուբենը, ՊՊԾ գնդի տարածքից դիմել ենք փախուստի: Գնդից դուրս գալուց երեք օր առաջ Լամբարյանը վիրավորվել էր: Նա զինված է եղել: Վիրավորվել է հենց սկզբից, երբ խմբի հետ մտել է գունդ: Թաթուլը նույնպես վիրավորվել էր առաջին օրը: Լսեցի, որ ոստիկան Վանոյանին սպանել է Սմբատը: Թե ումից լսեցի` չեմ կարող հիշել: Գնդի տարածքում մեքենաները հրկիզել են տղաները, թե ովքեր` չեմ կարող ասել, ես զենք կրել եմ, բայց ոչ մի անգամ չեմ կրակել: Դրա համար ես ինձ մեղավոր եմ զգում»,- իր նախաքննական ցուցմունքում նշել էր Գևորգը։

Ցուցմունքների հրապարակումից հետոմ Գևորգը դատարանին հայտարարեց, որ ցուցմունքների կեսը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ամենը գրել է հոգեբանորեն ճնշված վիճակում։ Դատարանը փորձեց հասկանալ՝ քննիչնե՞րն են ճնշեց մեղադրյալին։ Մելքոնյանը չկարողացավ հստակ պատասխանել, ընթացքում շեշտելով՝ այս պահին էլ է ինքը ճնշված վիճակում է․

«Մի՛ վախեցի, ճիշտը պատմի»,- անընդհատ նրան էին հորդորում »Սասնա Ծռեր» անդամները։

Էդգար Սողոմոնյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ եկել է իր հայրը և հորդորել տուն վերադառնալ, ինքը վախից դրդված է հրաժարվել․

«Ես հայացքով պապային հասկացնում էի, որ վախենում են վրեժխնդրությունից, էդ պատճառով իր հետ տուն չեմ գնում»,- դատարանին ասաց Սողոմոնյանը։

Երեք մեղադրյալներն այդպես էլ չպատասխանեցին դատավարական կողմերի հարցերին, միայն ժամանակ առ ժամանակ այս կամ այն հարցին էին կցկտուր պատասխան տալիս։

Դատարանն ավարտված համարեց ամբաստանյալների հարցաքննությունը և հետաձգեց քրեական գործի քննությունը մինչև 2019թ․ հունվարի 9-ը։