«Խոշտանգման արդյունքում ջարդվել էին տղայիս ոտքերն ու պայթել ականջի թմբկաթաղանթը»

7 տարի առաջն 27-ամյա Ռոբերտ Հովսեփյանին մի խումբ անձիք ծեծելով «առևանգում են»՝ բռնի ուժով նստեցնելով մեքենան։ Ընթացքում Ռոբերտի ոչ մի հարցին չպատասխանելով՝ նրան տանում են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Անձիք «զգեստափոխվում են» ոստիկանների և շարունակում խոշտանգել նրան, պարբերաբար կրկնելով, որ պետք է իր վրա վերցնի 7 գողություն և ավազակային հարձակում․

«Դու ես եղել, թե դու չես եղել, մեկ ա դու ես դատվելու։ Դատված ես եղել, էլի ես դատվելու»,- կրկնել են օպեր-լիազորները։

Ոստիկանները խոշտանգումը շարունակել են մահակով, ապա հարվածել ականջներին, ինչից հետո Ռոբերտն ուշագնաց է եղել։ Ուշքի գալուց հետո ոստիկանական բաժնի աշխատակիցները հարցրել են Ռոբերտին՝ հիմա կգրե՞ս, որ դու ես արել։ Հերթական բացասական պատասխանից հետո, ոստիկանները բաժին են բերում 2 նույնասեռականի, որոնցից մեկը կանգնել է դռան մոտ, մյուսը՝ մոտեցել Ռոբերտին։ Վերջինս բացականչել է, որ ամեն ինչ կանի և կգրի ոստիկանների ուզածով, միայն թե չթողնեն նույնասեռականներին մոտենալ իրեն։

«Էդքանից հետո տղայիս Սուբոտեքս տեսակի թմրամիջոց են տալիս, ինչից հետո ստիպում են զանգի ինձ ասի, որ անձնագիրը տանեմ։ Ամուսնուս հետ հասանք ոստիկանություն, տեսանք տղաս մի կերպ իրեն քարշ տալով գնում է ցուցմունք տալու։ Գլուխն ամբողջովին քերծվածքների և արյան մեջ էր, մարմինը՝ ջարդրտված։ Հետո իմացանք, որ խոշտանգման արդյունքում ջարդվել էին տղայիս ոտքերն ու պայթել ականջի թմբկաթաղանթը։ Էդքանից հետո քննիչն ամեն կերպ չէր ուզում դատաբժշկի մոտ տանել Ռոբերտին, մենք ստիպեցինք, որ բժիշկն արձանագրի վնասվածքները»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Ռոբերտի մայրը՝ Նարինե Ասատրյանը։

Ձերբակալվածների պահման վայրում Հովսեփյանը ցանկացել է կյանքին վերջ տալ, քանի որ իրեն են մեղսագրվում մի շարք հանցանքներ, որոնց հետ կապ չունի։ Առաջադրված 7 գողություններից և ավազակային հարձակումներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց․ Ռոբերտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց միայն Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։

Ի լրումն գործին, հարուցվեց քրեական գործ՝ խոշտանգման դեպքի առթիվ։ Այս անգամ Ռոբերտ Հովսեփյանը ճանաչվեց տուժող։ Ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել են պաշտոնեական կեղծիք և իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ, որով էական վնաս են պատճառել անձանց և պետության օրինական շահերին:

Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը դատապարտվեցին 3-ական տարի ազատազրկման, սակայն համաներմամբ շատ արագ հայտնվեցին ազատության մեջ։

Քրեական գործի հիմքում են դրվել ոստիկանների հետ մշտապես կապի մեջ գտնվող վկայի ցուցմունքը

Ռոբերտ Հովսեփյանը, ի հակադրություն իրեն խոշտանգող ոստիկանների, կալանավորվեց և հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում։

Խոշտանգման արդյունքում ստորագրված «ցուցմունքի» համաձայն, Ռոբերտը բնակարանային գողություն է կատարել՝ տուժողին պատճառելով ընդհանուր առմամբ մոտ 300․000 ՀՀ դրամի չափով վնաս։ Ըստ այդ ցուցմունքի, տուժողի տանից հափշտակված  սպիտակ գույնի «Ասուս» նեթբուքը վաճառվել է բարերից մեկի սեփականատիրոջը՝ Ալբերտ Գևորգյանին, ով սույն քրեական գործով հանդես է գալիս որպես գլխավոր վկա։

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր անարժանահավատ ճանաչել Գևորգյանի ցուցմունքները, հիմքում նշելով այն հանգամանքը, որ վկան նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում և մշտական հեռախոսային կապի մեջ է եղել Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի հետ։ Դատարանը, սակայն մերժում է ներկայացված միջնորդությունը և մեղադրանքի հիմքում թողնում վկա Գևորգյանի ցուցմունքը։

7 ամսում ավարտվում է դատավարական գործընթացը։ Դատարանը հաշվի չի առնում ամբաստանյալի այն ցուցմունքները, որ վկայակոչված «նախաքննական ցուցմունքները» գրվել են ոստիկանական աշխատակիցների կողմից, իսկ ինքը ստորագրել է դրանց տակ՝ խոշտանգման արդյունքում։

Ի վերջո, դատարանը վճռում է Ռոբերտ Հովսեփյանին դատապարտել  7 տարվա ազատազրկման։

«Ազատ արձակվելուց հետո ապացուցելու եմ իմ անմեղությունը և բացահայտեմ այս անօրինականության շարքը»

Այսօր, երբ լրացել է Ռոբերտ Հովսեփյանի պատժի կրման ⅓-ը, նա դիմում է Պրոբացիոն ծառայության ինստիտուտին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Չնայած, ինստիտուտն ինքն է արձանագրում, որ Հովսեփյանն ակտիվորեն համագործակցել է պրոբացիոն ծառայողի հետ, այնուամենայնիվ նպատակահարմար չի գտնում պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ներկայացնել նրան․

«Ռոբերտ Հովսեփյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է բացասական վարքագիծ, բացի դրանից, այս պահին նոր հանցանք կատարելու հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ Պատժի կրման արդյունքում չի արժանացել որևէ խրախուսանքի և ունեցել է 1 կարգապահական տույժ, որը մարվել է»,- նշված է Պրոբացիոն ծառայության պատասխան դիմումի մեջ։

Կարգապահական տույժը Ռոբերտը ստացել է մեկ անգամ՝ իր մոտ հեռախոս հայտնաբերելու պատճառով:

Ռոբերտի մայրը՝ տիկին Նարինեն, Պրոբացիոն ինստիտուտի նման պատասխանը կապում է տղայի հայտարարության հետ։ Ռոբերտը քրեակատարողական հիմնարկում հայտարարել էր, որ ազատ արձակվելուց հետո ապացուցելու է «իր անմեղությունը և բացահայտի այս անօրինականության շարքը»․


Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest