Այսօր Վերաքննիչ դատարանը քննելու է Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու դեմ բերված փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը։ Պաշտպանը պահանջել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2018 թվականի որոշումը բեկանել. Թաթուլ Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան կալանքից ազատ արձակել:

Մինչն այս նիստը նշանակված դատական երկու նիստերը հետաձգվել են ընդհանուր իրավասության դատարանից փաստաթղթերը Վերաքննիչ դատարան չհասնելու պատճառաբանությամբ։

Թաթուլ Շուշանյանը կալանավորվել էր նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի որոշման արդյունքում։ Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի այս որոշումը գնահատել էր երևակայությունը գերազանցող ապօրինություն և ափսոսանք էր հայտնել, որ երիտասարդ դատավորն իր կարիերան սկսել էր ապօրինությամբ։

«Բացարձակ ապօրինություն է։ Այս ամենի հետևում ես տեսնում եմ հստակ պատվեր։ Իմ 21 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում, կալանավորման հարցում դեռ այս կարգի ապօրինություն տեսած չկամ։ Օրենքը հստակ է ասում. եթե անձը բաց է թողնվել կալանքից,, ապա նույն մեղադրանքով նա չի կարող կալանավորվել կրկին, եթե նոր էական հանգամանքներ են բացահայտվել»,-դատարանի որոշումից հետո հայտարարել էր Հայկ Ալումյանը

Նշենք նաև, որ Թաթուլ Շուշանյանը կալանքից ազատ էր արձակվել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին ՔԿՀ պետի հրամանով, քանի որ այդ պահին լրացել էր վերջինիս կալանքի տակ գտնվելու ժամկետը, իսկ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշում չէր եղել:
Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Թաթուլ Շուշանյանն մեկ անգամ էլ կալանքից ազատ էր արձակվել գրավի կիրառմամբ, և դատարանի այս որոշումը վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 20-ին բեկանել էր՝ անթույլատրելի ճանաչելով գրավի կիրառումը և Շուշանյանը նորից կալանավորվել էր:

Վերաքննիչ բողոքում Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշում է կալանքը վերացնելու հիմքերն ու հիմնավորումները։ Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:

<Տվյալ դեպքում Թաթուլ Շուշանյանը ազատ է արձակված եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և ազատվելուց հետո նրա մեղադրանքը փոխված չի եղել: Միաժամանակ ի հայտ չեն եղել ու Դատարանի որոշման մեջ մատնանշված չեն նոր էական հանգամանքներ, որոնք ի հայտ եկած լինեն նրա ազատ արձակումից հետո: Հետևաբար, Թաթուլ Շուշանյանը չէր կարող կրկին կալանավորվել>, նշված է բողոքում։

Հաջորդ խախտումը, որն արձանագրել է փաստաբանն իր բողոքում , վերաբերում է մեղադրողի դատարանին արված միջնորդությանը Դատախազը դատավարական տվյալ փուլում իրավասու չէր մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել․

<Երբ ընդհանուր իրավասության դատարան է ստացվել դատախազ Հ.Պետրոսյանի միջնորդությունը, քրեական գործը դատարանում քննվելիս չի եղել: Ավելին՝ այն քննվելիս չի եղել նույնիսկ 26.11.2018 թվականին, երբ Դատարանը քննության է առել դատախազի միջնորդությունը և Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Դատախազի միջնորդությունը ներկայացնելու պահին գործն այլևս չէր գտնվում մինչդատական վարույթի փուլում, ուստի՝ կիրառելի չէր նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը կամ այդ հոդվածով նախատեսված որևէ այլ լիազորություն: Հետևաբար, կալանավորումը տեղի է ունեցել ոչ օրենքով սահմանված կարգով>, բողոքում նշում է փաստաբանը:

Ամդրադառնալով դատարանի կողմից Թաթուլ Շուշանյանի հետագա վարքագծի վերաբերյալ կանխատեսումներին, փաստաբանը նշում է, որ դատարանը հաշվի չի առել, Շուշանյանի ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում դրսևորած վարքագիծը։ Դատարանը, մասնավորապես, պետք է հաշվի առներ, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել փաստեր կամ նյութեր, որոնք վկայեին, որ Շուշանյանը փորձ է կատարել խոչընդոտելու քննությանը:

<Ինչ վերաբերում է Դատարանի կողմից ներկայացված միակ փաստարկին, կապված Թաթուլ Շուշանյանի նախկինում զբաղեցրած պաշտոնի հետ, ապա Դատարանը խախտել է ազատության կանխավարկածը: Դատարանի որոշումից հետևում է, որ՝ անկախ անձնական հանգամանքներից և ազատության մեջ գտնված ժամանակ դրսևորած վարքագծից ցանկացած անձ, ով զբաղեցրել է Թաթուլ Շուշանյանի պաշտոնը և մեղադրվում է նույն հանցագործության կատարման մեջ՝ կարող է խոչընդոտել քննությանը և ենթակա է կալանավորման: Նման մոտեցումն ուղղակիորեն և ամենակոպիտ կերպով հակասում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին>, ասված է Վերաքննիչ բողոքում:

Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջարդված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի(7-8 հազար դոլար) կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

«Ոչ մի դատավարական գործիք չկա Շուշանյանին նորից կալանքի տակ առնելու… Հանցավոր աշխարհի հեղինակություններ են ազատ արձակվում գրավով, դրա մեջ դատախազությունը պրոբլեմ չի տեսնում… Հանցավոր աշխարհի հեղինակություններին այնքան վտանգավոր չեն համարում, որքան իրավապահ մարմինների նախկին պաշտոնատար անձանց… », դատարանում հայտարարել էր Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ժաննա Ալեքսանյան

Pin It on Pinterest