«Չի կարելի քաղաքականացնել Գյումրիում 57-ամյա կնոջ սպանությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով այն փաստին, որ սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ բազայի զինծառայողներից մեկը:

Ցավակցելով կնոջ հարազատներին՝ Կոպիրկինը նշեց, որ կատարված հանցագործությունը պետք է բացահայտվի, իսկ հանցագործը՝ պատժվի, բայց քաղաքականացումը չի օգնի քննության օբյեկտիվությանն ու արդյունավետությանը:

«Մի շարք լրատվամիջոցներ փորձում են քաղաքականացնել հարցն ու ուղղորդել դեպի ռուսական բազա՝ չնայած այդ ժամանակ քննությունը դեռ վարկած չուներ: Երբ տեղի էր ունեցել, քննությունը դեռ վարկած չուներ: Հիշո՞ւմ եք, անգամ մարզի դատախազն ասել էր՝ ի՞նչ կապ ունի բազան: Առաջին օրերին որոշ լրատվամիջոցներում գրել էին, որ հետքերը տանում են բազան մինչև քննության կողմից վարկած առաջ քաշելը: Մի՞թե սա քաղաքականացում չէ: Սա քննությանն ու հանրային կարծիքն ուղղորդելու նպատակ ուներ», – ասել է դեսպանը:

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է իրականացվում ռազմաբազայի՝ Հայաստան տեղափոխվող զինծառայողների ընտրությունը: Դեսպանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ դեսպանատունը տեղյակ չէ: Իսկ ինչ վերաբերում է հայ հասարակության արձագանքին, ասաց, որ դա իրենց շատ է հուզում:

Նա նշեց, որ իրենց համար կարևոր է Գյումրիի բնակչության կարծիքը, թե ինչպես են նրանք գնահատում բազայի գործունեությունն իրենց քաղաքում: Եվ ռազմաբազայի ղեկավարության հետ այս հարցով դեսպանատունը մշտական կապի մեջ է:

«Ցավոք, բնակչության ուշադրությունը գրավում են հենց այդ կարգի միջադեպերը, իսկ ռազմաբազայի այն գործունեությունը, որը պարբերական բնույթ է կրում և ուղղված է տեղի բնակչությանն օգնության ցուցաբերմանը՝ ենթակառուցվածքների ստեղծման, մշակույթի և այլ ոլորտներում աջակցությանը, մնում է ստվերում: Այդ աշխատանքները հետաքրքրիր չեն ԶԼՄ-ների համար, ինչը բնական է: Ես կարծում եմ, որ այն ԶԼՄ-ների համար, ովքեր փորձում են օբյեկտիվ լուսաբանել, օգտակար կլիներ, եթե հետքրքրվեին ռուսական ռազմաբազայի գործունեությանբ նաև այդ տեսանկյունից և լուսաբանեին»,- ասել է նա:

Դեսպանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչու է նշված զինծառայողը պահվում բազայի տարածքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին վաղ առավոտյան, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։

Մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին:

Pin It on Pinterest