Բաբկեն Ղարդյանը հայոց բանակի սպա է եղել, 7 տարի ծառայել է սահմանամերձ գոտում։ Հանգամանքների բերումով, ինչպես ինքն է պնդում, առաջադրվել է «շինծու» մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտել է սկզբից 5 տարի, ապա պատիժը խստացվել և ազատազրկվել է 8 տարի ժամկետով։
Օրենքով սահմանված կարգով, երբ լրացել է Բաբկենի պատժի 1/3-ը, նա դիմել է Տեղաբաշխման հանձնաժողով՝ պատժի կրումը բաց ռեժիմում շարունակելու համար, սակայն հանձնաժողովը մերժել է, հիմքում նշելով Բաբկենի «ոչ դրական» բնութագիրը․։
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկեց Ղարդյանի պատժի կրման ռեժիմի փոփոխման գործով բողոքի քննությունը։ Նիստին ներկայացել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական ծառայության պետը։ Վերջինս դատարանին միջնորդեց մերժել դատապարտյալի բողոքի միջնորդությունը․
«Բաբկեն Ղարդյանի հետ դեռևս ուղղման աշխատանքներ են տարվում։ Այս տարիների ընթացքում նա մի շարք կարգապահական տույժերի է ենթարկվել, 2015-2016թթ․ ունեցել է բացասական վարքագիծ, ուստի գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։ Ղարդյանը դեռևս պետք է պատիժը կրի քրեակատարողական հիմնարկում»,- նշեց նա։
Դատավոր Արթուր Մկրտչյանը դատավարական կողմերին հայտնեց, որ ներկայացված փաստերը ենթակա են ճշտման, սակայն դատարանը դեռևս չի ստացել դատապարտյալ Ղարդյանի անձնական գործը, ուստի այսօրվա դատական նիստը հետաձգվում է։ Պատժի կրման ռեժիմի բողոքի վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի հունվարի 17-ին։
Բաբկեն Ղարդյանի շահերի պաշտպան Անի Թորոսյանը Forrights-ի հետ զրույցում չցանկացած գործի վերաբերյալ չակերտները բացել, սակայն նշեց՝ բոլոր հիմքերը կան, որ պաշտպանական կողմի բողոքը բավարարվի դատարանի կողմից․
«Բողոքի բավարարման համար առկա են և՛ անհրաժեշտ հիմքերը, և՛ մեղմացուցիչ հանգամանքները։ Նա ամուսնացած է, խնամքին ունի 2-րդ կարգի հաշմանդամ հայր, ով այս պահին ծերանոցում է գտնվում։ Բաց ռեժիմ տեղափոխվելու Բաբկենի ցանկության գլխավոր պատճառն աշխատելն է, որ կարողանա հորը խնամի և բարելավի ֆինանսական դրությունը»,- հավելեց պաշտպան Թորոսյանը։
Հիշեցնենք, որ դատապարտյալ Բաբկեն Ղարդյանից ամիսներ առաջ ահազանգ էինք ստացել, որ Տեղաբաշխման հանձնաժողովը «վրեժ է լուծում» նրանից՝ պատժի կրման ռեժիմը չփոխելով․
«Տեղաբաշխման հանձնաժողովն իմ նկատմամբ հաշվեհարդար ա տեսնում ու արդեն 2-րդ անգամ անհիմն մերժում ռեժիմս փոխելու դիմումը։ Հանձնաժողովը նման ձևով վրեժ ա լուծում, որ ես իրենց դեմ հաղորդում եմ տվել այն մասին, որ ինձ խոշտանգելով շուրջ 10 ամիս անօրինական պահել են մեկուսացվածության առավել խիստ ռեժիմում, քան նախատեսում է օրենքը»,- Forrights-ի հետ զրույցում բարձրաձայնել էր Բաբկեն Ղարդյանը։
Հիշեցնենք, որ Ղարդյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը թաքցնելու համար։ Բաբկենի հայրը, սակայն, այլ տեսակետ է առաջ բերում։ Հոր հավաստմամբ՝ Բաբկենը բացահայտել է Մատաղիսում ռազմական ոստիկանության հենակետ կառուցելու համար հատկացված գումարները մսխելու փաստը, ինչի պատճառով էլ այսօր այս կարգավիճակում է․
«Նախարարը գնացել, տեսել ա, որ հենակետի կառուցումն այդքան երկար ձգձգվում։ Տղաս ասել ա, որ գումար չկա, նա էլ զարմացել ա ՝ ոնց գումար չկա, 18 մլն ես գումար եմ հատկացրել, որպեսզի շինարարությունը արագ լինի։ Տղես էլ ասել է՝ այդքան գումար չկա, ընդամենը 6 մլն գումար է, նախարարը զայրացել, չգիտեմ՝ ում ինչ է ասել, որ հիմա էլ փորձում են վրեժ լուծել տղայիցս»,- ասում է Բաբկենի հայրը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: