«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում գործարար Աշոտ Հակոբյանը արդեն 8 տարի է, ճաղերի հետևում է: 2010 թվականից նա անազատության մեջ է: Դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, սակայն ի սկզբանե իր մեղքը չի ընդունել և ամեն հնարավոր ու անհնար ճանապարհներով փորձել է իր ձայնը լսելի դարձնել: Պայքարի վերջին գործողությունը դեկտեմբերի 13-ին էր՝ Չարենցավանի դատարանում, որը քննարկում էր Աշոտ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատման հերթական մերժումը: Այս դատական նիստում էլ երևաց, թե կալանավայրում ինչքան չեն սիրում բողոքող, պայքարող դատապարտյալների:
Աշոտ Հակոբյանը դատարանում պարզաբանեց, թե ինչու է «Հրազդան» ՔԿՀ ղեկավարությունը իրեն նկատողություն արել: Նա ասաց, որ երբեք ծխախոտ չի օգտագործել, բայց հիմնարկի ղեկավարությունն իր խուց է տեղափոխել երկու «թունդ ծխողների»: Ինքը նրանց զգուշացրել է, որ չծխեն, սակայն իրեն մեկուսացրել են, հետո էլ կալանավորներին հայհոյելու համար նկատողություն են տվել: Սա Աշոտ Հակոբյանի նկատմամբ 8 տարում կիրառված միակ կարգապահական տույժն է:
Նրա կինը՝ Ալմաստը վրդովված է.
«Երբ նրա շորերը, տեղաշորը կալանավայրից բերում ենք, ես լվանում եմ, ծխի սարսափելի հոտ է գալիս: Ես այդ շորերի հոտից վատանում եմ: Անգամ խեղդվում եմ: Մտածում եմ՝ ինչպես է դիմանում: Ախր, նա կյանքում չի ծխել: Իր ամբողջ ընկերական շրջապատը, բոլորը գիտեն, որ նա վատանում է ծխախոտի հոտից: Արդյոք դիտավորություն չ՞է մոլի ծխողներին դնել նրա մոտ»:
Դատարանը մերժեց Աշոտ Հակոբյանին: Մինչ այդ հանձնաժողովը երկու անգամ նրան մերժել է ազատել պատժի կրումից արհեստական պատճառաբանությամբ՝ հայտնվելով ազատության մեջ կրկին հանցագործություն կկատարի: Այս պատճառը պատժի կրումից ազատման հանձնաժողովները նշում են և մարդասպանության համար դատապարտվածների, և տնտեսական հանցագործությունների համար նախկինում դատապարտված անձանց դեպքում:
«Դեռևս դատական ակտը, մերժումը մեր ձեռքում չկա: Բայց դատարանը քննարկեց, փաստորեն, ու մերժեց պահանջը», — ասում է փաստաբան Ռևազյանը, հիշեցնելով, որ արդեն երկու անգամ իր պաշտպանյալը մերժվել է: Հունվարին էլ Կոտայքի դատարանը «Հրազդան» ՔԿՀ-ում արտագնա նիստ էր անցկացրել և կրկին չի բավարարել դատապարտյալի պահանջը: Իսկ հիմնարկը նրա գործերում գրել է՝ ուղղման ենթակա չի, ինչը առնվազն զարմանալի է, քանի որ դատապարտյալի անձնական գործում նշված է, որ չունի կախվածություններ, քրեական ավանդույթներին չի ենթարկվում և մինչև 2018 թվականի ապրիլը նկատողություն չի ունեցել:
Նրա կինը՝ մանկավարժ Ալմաստ Արևշատյանը հուսահատությունից հասել է նրան, որ համոզում է ամուսնուն իր վրա վերցնել չկատարած հանցանքը:
«Քանի տարի է, ինքը նստած է: Այն ժամանակ մեզ դատախազը ասեց՝ թող ինքն իր վրա վերցնի մեղքը; բայց ինքը գոեռում էր, ճչում էր, հիստերիայի մեջ էր ընկնում, ասում էր՝ ես ինչպես ընդունեմ մեղքս, եթե մեղավոր չեմ: Նրա հայրն ու մայրը տարիքով են, ամեն րոպե որ գյուղից զանգ է գալիս, մենք վախենում ենք: Ես անգամ իրեն համոզում եմ, որ գրի, որ մեղավոր է: Ոչ ոք չի իմանա, ասում եմ՝ միայն դու կիմանաս ու բերդի պետը, գրի, մենակ դուրս արի, որ ծնողներդ տեսնեն քեզ: բայց նա վիրավորանք ընդունեց իր դեմ իմ ասածը», — պատմում է Ալմաստ Արևշատյանը:
Ինքը՝ Աշոտ Հակոբյանը, վստահ է, որ իրեն չի ներվում քրեական բարքերի հետ չհամակերպվելը, արատավոր համակարգի կանոնները չընդունելը, դատախազին կաշառք չտալը:
Հակոբյանը դատապարտվել է խարդախության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերի հափշտակության համար: Քրեական այս պատմությունը խառն է,խճողված, բարդ: Չխորանալով մանրամասներում, նշենք, որ գործը կառուցված է «Շենգավիթ-1» ՍՊԸ-ին պատկանող դեղատան շուրջ: Այս ՍՊԸ-ն 20 բաժնետերեր է ունեցել: 2007 թվականին այն տարածքի մի մասը հանձնել է բանկին վարձակալությամբ:
Ըստ գործի նյութերի, Հակոբյանն ու իր ընկերը, 50 տոկոսի փայատեր Իրոգ Մենդելը, որը հետագայում չդատապարտվեց, մոտ 2,4 մլն դրամով են տարածքը տվել, սակայն մյուս բաժնետերերին ավելի փոքր թիվ են ներկայացրել՝ ամսական 700 հազար դրամ, հափշտակելով տարբերությունը: Հետագայում էլ Մենդելը կեղծ փաստաթղթերով ու առանց մյուս փայատերերի կարծիքը հաշվի առնելու, վարկ է վերցրել բանկից, գրավ դնելով տարածքը, իսկ հաշվակահ Վարդանյանը մեծ գումար է կանխիկացրել ու փախել է: Նա մինչ օրս հետախուզման մեջ է: Հակոբյանը, որը չուներ սեփականություն և որի անունով ՍՊԸ հարուստ տերը գույք էր ձևակերպել, այս գործով կանչվել է որպես վկա և անմիջապես դարձել է մեղադրյալ:
Մենդելը չդատապարտվեց, հաշվապահը փախած է մինչ օրս, և միակ ազատազրկվողը եղել է Աշոտ Հակոբյանը: Նա գտնում է, որ դատապարտվել է ուրիշների արածի համար: Նա մեզ իր հարազատների միջոցով փոխանցեց, որ իրավապահներին անգամ հայտնել է հետախուզվողի տեղը, բայց ապարդյուն: Իր գործը տեղից չի շարժվել: Այս 8 տարիներին դիմել է բոլոր հնարավոր ու անհնար ատյաններին՝ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ պետերին, դատախազների, օմբուդսմենների, փաստաբանների, լրագրողների հետ է հանդիպումներ պահանջել, արդարադատության նախարարների: Անգամ Սեյրան Օհանյանին էր դիմել ապրիլյան պատերազմի օրերին, հայտնելով, որ հմուտ տանկիստ է, որ անիմաստ նստած է, ավելի լավ է՝ իրեն տանեն սահման, մեռնի հայրենիքի համար, քան ապրի, «դատապարտյալի խարանը վրան»:
Վերջին նամակը ամռանն է ուղարկել՝ Նիկոլ Փաշինյանին, որին 2008 թվականին բախտ է ունեցել անձամբ տեսնել կալանավայրում: Բայց Նիկոլի գրասենյակից ոչ մի պատասխան չի ստացել: «Առայսօր ինձ չեն պատասխանել ոչինչ և ես ուզում եմ անգամ գրել, որ իրեն այլևս չեմ հավատում: Ես արդարություն եմ ուզում, ոչ թե ողորմություն», — հաղորդում է դատապարտյալի բառերը նրա կինը՝ Ալմաստը:
Նա պատեց, որ «Հրազդան» ՔԿՀ ներկայացուցիչները խաբել են Աշոտ Հակոբյանին: Եկել են, նկարել են, հույսով են արել, թե պետք է մեկ չորրորդով ազատեն համաներումով, բայց չեն ազատել: «Բոլոր համաներումների ժամանակ էլ նա մերժվել է: Նախավերջին անգամ նույնիսկ իր ամբողջ ունեցվածքը բերդի հավաքել էր, մեզանից տոպրակ էր ուզել ու հանկարծ իմացանք, որ իր վրա չի տարածվել համաներումը: Ամեն մերժվելուց հետո նա ծանր սթրես է տանում, նույն ն էլ այս վերջին անգամ: Եկան, նկարեցին, ասեցին, որ մեկ չորրորդով ազատելու են համաներմամբ ու էլի չտարածվեց իր վրա», — ասում է Հակոբյանի կինը:
Նա դադարել է փաստաբաններ պահել, դատարան չի գնում, որովհետև չի հավատում արդարությանը, ամուսնուն էլ համոզում է համակերպվել բախտին: Բայց Աշոտ Հակոբյանը չի հանձնվում:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: