ՀՀ գլխավոր դատախազությունը չի արձագանքում վերջին օրերին հասարակական քննարկման առարկա դարձած հարցադրմանը, թե ինչու է դեկտեմբերի 2-ին Գյումրիում վաղ առավոտյան ծեծելով դաժանորեն սպանված 57-ամյա կնոջ սպանության գործով մեղադրյալը գտնվում Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Սա այն դեպքում, երբ երեկ երեկոյան ռուս զինվորին արդեն մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասել է կալանքի որոշման նիստը նախագահած դատավոր Վահե Միսակյանը։
ՀՀ նախկին բարձրաստիճան զինվորականներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Forrights.am-ին ասաց, որ ռուսական կողմը չի կարող պահել ռուս զինծառայողին, քանի որ ռուսական ռազմաբազայի պայմանագրում հստակ գրված է, որ եթե հանցագործությունը տեղի է ունենում ռազմաբազայից դուրս, գործը քննում է հայկական կողմը:

Ըստ մեր զրուցակցի՝ զինվորը ռազմաբազայում կարող է մնալ ձերբակալված ժամանակ, սակայն մեղադրյալ դառնալուց ու կալանավորվելուց հետո նա պետք է կալանքը և հետագայում պատիժը կրի հայաստանյան մեկուսարաններում ու ՔԿՀ-ներում:

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրիում հենց առաջին օրվանից գիտեին, որ սպանողը ռուս զինծառայող է՝ տարակուսանք հայտնելով, որ կալանավորման որոշումից հետո ռուս զինվորը կալանքը կրում է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում:

«Սա շատ զարմանալի է: Նույն Պերմյակովի դեպքի՝ կալանքը ռազմաբազայում կրելու կեղտոտ պատմության կրկնությունն է: Ռուսական կողմը տեսավ, որ հայկական կողմը մեծ զիջումների է գնում, նույն ձեռագրով առաջ է շարժվում»,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝. «Եթե նախկինում ներկա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պերմյակովի գործով խիստ քննադատում էին ՀՀ նախկին իշխանություններին շատ թույլ լինելու համար, հիմա ի՞նչն է պատճառը, որ իրենք վարվում են գրեթե նույն կերպ, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանը: Ի՞նչ տարբերություն»:

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ բացատրություն ներկայացնի, թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքացուն ՀՀ տարածքում սպանելու մեջ կասկածվող, ՀՀ իրավապահ մարմնի կողմից ձերբակալված անձնավորությունը՝ ռուսական բազայի զինծառայողը հանձնվել ռուսական բազայի հսկողությանը.

«Սա ամբողջությամբ հակասում է հայ-ռուսական պայմանագրի դրույթներին և տրամաբանությանը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Սաքունցը՝ հարց ուղղելով. «Ե՞րբ պետք է վերջ տրվի այս ապօրինությանն ու սեփական պետության և նրա քաղաքացիների նկատմամբ այս նվաստացուցիչ և անհարգալից վերաբերմունքին»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ փաստելով. «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Հավանաբար, Ռուսաստանի իշխանությունները, հղում տալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, ով գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության (ինչպես դա արվեց Վալերիյ Պերմյակովի դեպքում):

Սակայն թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է:

Այսինքն` հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

«Սասնա Ծռեր» կուսակցությունը շեշտել է, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:

«Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում»,-հայտարարության մեջ գրել են Սասնա ծռերը՝ հավելելով. «Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը»:

Ուստի «Սասնա Ծռեր» կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորել է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest