Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ.

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։ Բուն քվեարկության օրը չի արձանագրվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերն էլ տեղում հարթվել են։ Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել։

Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք, որ նախընտրական ժամանակաշրջանում՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում։ Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի օնլայն ելույթի բովանդակությունը ապացուցող հիմքեր տրամադրել, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և իրավունքի տեսանկյունից։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը։ Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ հանրությանը չեն ներկայացրել «Yerevan. today»-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ։

Խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության տեսանկյունից խիստ մտահոգիչ է, որ  ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ  ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest