Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել երեք ուժեր՝ մեծամասնություն ստացած ՔՊ-ն, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»: Վերջին 18 տարում առաջին անգամ խորհրդարանում չեն լինի ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Խորհրդարան չեն գնա նաև Արամ Սարգսյանի ու Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքն ու «Սասնա ծռերը»:

«Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցության ինքնաոչնչացման առիթով»,-ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը՝ շարունակելով. «ՀՀԿ-ն, տապալելով ընտրական օրենսգրքի փոփոխությունները և մասնակցելով այս ընտրություններին, բաց թողեց իրական քաղաքական կուսակցություն դառնալու իր միակ հնարավորությունը»:

Ըստ քաղաքագետի՝ իր գոյության գնով Հանրապետականը «Իմ քայլը» դաշինքին ապահովեց առավելագույն ձայներ: «Անձնական ամբիցիաները գերիշխեցին սթափ դատողությանն ու իրավիճակի համարժեք (ադեկվատ) ընկալմանը»,-գնահատակն է ներկայացրել Ղազինյանը:

Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանի հարցը հետևյալն է. հնարավո՞ր է պատկերացնել, որ ընդամենը մեկուկես տարի առաջ 769.590 ձայն «շահած» կուսակցությունը մեկուկես տարի հետո «կորցնի» 710.000 ընտրող:

«ՀՀԿ-ն երեկ ստացավ 59.059 ձայն, և սա իրականում մեր երկրկիրը համակարգային կոռուպցիայի վեր ածած և դրան գործնականում մասնակցած մարդկանց մոտավոր թիվն է: Մասնակցության տարբեր ձևերով՝ օրենսդրական, իրավական, տնտեսական, վարչական: Այս 59.059 մարդկանց այն նվազագույն թիվն է, որ մեկուկես տարի առաջ ընտրություններին ՀՀԿ-ի համար «խփեց» ընտրողների 769.590 թիվը: Նկարեց, կաշառեց, խաբեց, համոզեց, ճնշեց, լցոնեց, խոստացավ… և «խփեց»: Եւ այսօրվա ՀՀԿ-ն իրավացի է՝ իրենք քիչ չեն: Քիչ չեն որպես քանակ, որը պարարտ հնարավորությունների դեպքում կարող էր 13-ապատիկ թիվ խփել»,- գրել է ազգագարեգտը:

Խառատյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ երեկ ԱԺ անցած ԲՀԿ-ի փուչիկը, որն իր հերթին կորցրեց «իր ընտրողների» 325.000-ին, նույնպես պայթեց: «Մեծ հաշվով կարելի է համարել, որ Հայաստանում Գագիկ Ծառուկյանին 103.824 մարդ երախտապարտ է, շնորհակալ է կամ ենթակա է: Ուշագրավ է, որ երկու-երեք տարի առաջ ՀՀԿ-ի ՛՛կլասիկ պատգամավորների՛՛ քաղաքական և մարդկային կոշտ ծաղրին ենթարկված Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն երեկ ՀՀԿ-ի համեմատ համարյա կրկնակի քվեներ ստացավ»,-նկատել է ազգագարեգտը:

Նրա խոսքով՝ ոչ թե քվեարկության, այլ Սահմանադրական 30 տոկոս նորմը պահելու համար ԱԺ-ում 31 պատգամավորական տեղեր կավելանան և ԲՀԿ-ն կունենա 25 մանդատ, «Լուսավոր Հայաստան»ը՝ 19 մանդատ: «Սրանց զգալի մասն, ըստ էության, ոչ թե այս երկու կուսակցությունների շահած քվեների ուժով է, այլ ՛՛Իմ քայլի՛՛ շահած 70 տոկոսի հետևանք, կարելի է ասել՝ «Իմ քայլի» նվերն է:

Երեկվա ընտրությանը ընտրողների մասնակցության թիվը, որը ընտրողների ընդհանուր թվի կեսից պակաս էր, ըստ Խառատյանի, օբեյկտիվ է: «48.63% մասնակցությունն այն օբյեկտիվ թիվն է, որը ներկայացնում է Հայաստանի փաստական բնակչության ընտրական ակտիվությունը, և սկզբունքորեն սա Հայաստանի փաստական բնակչության 65% ակտիվություն է: Բարձր ցուցանիշ է: Այստեղ լցոնումները, բացակայողները, կեղծ անձնագրերը, կրկնակի քվեարկությունները, նկարչությունը մասնակցություն չունեն»:

Հրանուշ Խառատյանն անկեղծորեն ցավում է ՀՅԴ-ի համար: «Հասարակությունը պատրանքներ չուներ, որ ՀՅԴ-ն ընտրողների թիվը 50.000-ը չի անցնում: Կարծում եմ ինքը՝ ՀՅԴ-ն որոշ պատրանքներ ուներ, բայց երեկ դրանք վերջնականապես փարատվեցին: Թվում է՝ ՀՅԴ-ն դեռ ունակ է ինքնավերլուծություն անելու, պայմանով, որ Գերագույն Մարմինը չնստի ինքն իրեն «ինքնավերլուծելու», այսինքն՝ արտաքին մեղավորներ փնտրելու»:

Ըստ Խառատյանի՝ Հայաստանում երկիշխանությունը վերջացավ. «Այսօրվանից սկսվում է «Իմ քայլի»՛, ըստ էության ՔՊ-ի գործնական, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ միասին՝ օրենսդրական իշխանության շրջանը: Հիմա արդեն ՔՊ-ի վրա է երկրում տեղի ունենալիք գործընթացների ողջ պատասխանատվությունը: Շատ լավ կլինի, եթե ՔՊ-ն գործնական համագործակցություն սկսի քաղաքացիական սեկտորի հետ»,-գրել է ազգագրագետը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը խայտառակություն է համարում ընտրության արդյունքները ՔՊ-ից բացի մյուս կուսակցությունների համար: «Եթե մի պահ վերանանք «Իմ Քայլի» հաջողությունից, որ անշուշտ դրական է` մնացած առումներով ընտրությունների արդյունքները խայտառակություն են»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ մանրամասնելով. «Հեղափոխության հաղթանակը չպետք է դատել Քաղպայմանագրի հաջողությամբ, այլ` դեստրուկտիվ ուժերի լիակատար ջախջախմամբ, որը տեղի չունեցավ: Ընդհակառակն` տեղի ունեցավ որոշ ուժերի ռեաբիլիտացիա, որքան էլ որ տոկոսները ցածր լինեն»: 

Ըստ քաղաքագետի՝ առկա պատկերն անչափ մտահոգիչ է և ստեղծելու է բոլորովին նոր, ոչ դրական իրականություն նոր Հայաստանում: «Որոշ, մի քանի նոր ուժեր էլ, որոնց ներկայությունը նոր դիսկուրս կստեղծեր քաղաքական դաշտում` ձախողվեցին: Արդյունքում` թարմ, նոր մրցակցության ասպարեզը խորհրդարանում չկայացավ: Իսկ նախկին մի շարք ուժերի մուտքն էլ` անառողջ դիսկուրսով հետևողականորեն թուլացնելու է իշխանության դիրքերը խորհրդարանում»,-եզրակացրել է նա:


Այսպիսով՝ Մարտիրոսյանի խոսքով՝ հին Հայաստանն այլևս իր կղզյակներն է ունենալու նորում, իսկ հեղափոխության ամբողջացումը մենք, ցավոք, չկարողացանք անվերապահորեն ապավովել: «ՀՀԿ-ի չանցնելը դեռևս չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը: Անելու են դա և անելու են առավել ինքնավստահորեն, որովհետև փաստորեն տասնյակ հազարավոր անձինք քվեարկել են իրենց օգտին»,-կանխատեսել է քաղաքագետը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատել է. «1990թ․ հետո անկախ Հայաստանում առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքում ձևավորվեց առանց ընդդիմության խորհրդարան»։ Նա նաև մեջբերել է Ուինստոն Չերչիլին. «Ժողովրդավարությունը կառավարման շատ վատ ձև է․․․բայց մյուս ձևերն ավելի վատն են»:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կանխատեսմամբ՝ առաջիկայում սկսվելու է սեփականության վերաբաշխման պրոցես. «Սոցիալական ռևանշ` հին բուրժուազիային գալիս է փոխարինելու նոր բուրժուազիան»,-գրել է քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ ընտրություններին չմասնակցելը նույնպես ընտրություն է:

«Փաստորեն խորհրդարանի ընտրությունը վերածվել է անձի ընտրության: Սա է այս ընտրությունների հիմնական կազուսը»-գրել է քաղաքագետը՝ շարունակելով. «Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Ընտրությունները պետք է գարնանը տեղի ունենային, հիմա անցկացնելը մեծագույն սխալ էր»:

Խորհրդարանի ընտրություններին չմասնակցած ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ արդար ընտրությունների անցկացման առիթով։ «Այս վերագտած արժեքն անհրաժեշտ է փայփայել աչքի լույսի պես, և դա մեր բոլորիս պարտքն է»,-գրել է նա՝ հավելելով, որ վաղվանից իշխող ուժի հաղթանակին գումարվում է նաև հասարակության կողմից նրան պատվիրակված հսկայական պատասխանատվությունը՝ մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելու հարցում։

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest