«Այս ընտրությունները լինեն ազատ և անկախ: Եվ հետևաբար՝ սա պետք է լինեն ընտրություններ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի մասին, իր երեխաների և նաև այն պատասխանատվության մասին, որ ինքը կրում է»,- արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց րոպեներ անց նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորեց ընտրությունների առթիվ և մաղթեց, որ դրանք լինեն իսկապես ազատ և անկախ:
«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին այսօրվա առթիվ՝ ընտրությունների օր է, ժողովուրդը իր կամքը պետք է արտահայտի, և ժողովրդի իրավունքն է: Եվ քանի որ սա կարևորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետևաբար՝ տոն է: Եվ ես հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը այդ տոնը կնշի իր պարտականությունը կատարելով, գալով իր ընտրական տեղամաս և ընտրելով, ընդ որում՝ ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ինքը ում է իր ձայնը տալու», — ասաց նախագահը:
Նա նկատեց, որ ընտրությունների մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու համար պարտականությունը և պատասխանատվությունը ցուցադրելու պահն է
«Պատասխանատվություն կրում են բոլորը մեր երկրի ապագայի համար՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և Ազգային ժողովը և Ազգային ժողովի նախագահը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի»,- հավելեց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: