2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում` առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը՝ պարբերաբար հետաձգումներից հետո, սկսվեց կես ժամ ուշացումով:
Նիստին դատարան էին ներկայացել նախաքննության փուլում դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացրած փորձագետները՝ Նարինե Կարապետյանը և Լիանա Կնյազյանը։
Հիշեցնենք, որ սպանված կուրսանտի բաճկոնի գրպանից հայտնաբերվել էր «Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ։ Քաշքշուկի համար կներեք» վերտառությամբ գրությունը։ Ըստ մեղադրական եզրակացության, սպանությունն ինքնասպանություն որակելու միտումով, Մովսես Ազարյանը փորձել է կեղծել Հայկազի ձեռագիրը և նման երկտող է գրել։
Փորձագետների ցուցմունքի համաձայն, փորձաքննության է ենթարկվել ինստիտուտի 408 ննջասենյակի թվով 8 անձի ձեռագրեր, հետազոտվել նրանցից յուրաքանչյուրի ավելի քան 10 տետրեր և գրավոր ցուցմունքներ․
«Դատաձեռագրաբանական փորձաքննության ժամանակ առաջնորդվում ենք տարբերությունների և համընկնումների մեթոդիակայով։ Ուսումնասիրված 8 հոգուց 7-ինը կատեգորիկ չի համապատասխանել Հայկազի ձեռագրին։ Մովսես Ազարյանի ձեռագրում համընկնումներն ամենաշատ են»,- նշեց փորձագետ Հարությունյանը։
Լիանա Կնյազյանն էլ իր խոսքին զուգահեռ, դատարանին փաստարկում առաջ բերեց՝ եթե Հայկազի տետրերի ձեռագրաբանական փորձաքննությունը ցույց տար,որ հենց Հայկազն է երկտողի հեղինակը, ապա մնացած անձանց ձեռագրերն ուսումնասիրելն անիմաստ կլիներ։
Փորձագետների հարցաքննությանը հաջորդեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց թույլատրելի ապացույց ճանաչել Վաչե Սահակյանի հագուստի վրա Հայկազ Բարսեղյանի արյան հետքերի և Հայկազի հագուստի մանրաթելերի բացակայությունը․
«Եթե հավատանք առաջադրված մեղադրանքին, ապա տրամաբանական պետք է լիներ, որ Հայկազի և իմ պաշտպանյալ Վաչեի հագուստները շփվել են միմյանց հետ։ Եթե Հայկազն ամբողջովին արյունոտ է եղել, ուրեմն Վաչեի հագուստին արյան հետքեր գոնե պետք է լիներ։ Նրա բաճկոնի վրա անգամ չի հայտնաբերվել Հայկազ Բարսեղյանի հագուստի մանրաթելերից որևէ բան»,- միջնորդության հիմքում նշեց Նադիրյանը։
Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, մեղադրանքի կողմը՝ առարկեց։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը հայտարարեց, որ Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, դեռ դատավարության առաջին օրերից հայտարարում է, որ գործով անցնող 4 ամբաստանյալների հագուստները սպանությունից հետո փոխվել են․
«Արյունոտ հագուստները ինստիտուտի հետևի մուտքից հանել ա Գնելի հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը, հենց սպանության գիշերը»,- ասում էր Արկադի Բարսեղյանը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց մինչև վերջնական դատական ակտի կայացումը հետաձգել միջնորդության քննությունը։ Նիստը հետաձգվեց։
Քրեական գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 10-ին։
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: