Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց Ռոբերտ Քոչարյանի գործով. կալանավորման բողոքի քննությունը կշարունակվի վաղը

1592
Ռոբերտ Քոչարյան

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Մերժման հիմքերին այս պահին չեն ծանոթացել փաստաբանները:

Դատարանի այս որոշումը Հայկ Ալումյանն «անօրինական» որակեց. «Դատարանն օրենքի հիման վրա ստեղծված չէ, ըստ այդմ, դատարանի կայացրած ցանկացած որոշում, այդ թվում օրենքի սահմաններում կայացրածները, չեն կարող համարվել օրինական: Ամեն դեպքում, մենք բոյկոտել չենք կարող, քանի որ դատարանը կշարունակի քննել գործը առանց մեր ներկայության, ստիպված մասնակցելու ենք գործընթացին: Եթե դատարանն անօրինական որոշում կայացնի ոչ օրինական կազմով, մենք դիմելու ենք ՄԻԵԴ»,- հայտարարեց Ալումյանը:

Փաստաբանը չցանկացած առաջիկա գործողությունների չակերտները բացել, միայն նշեց, որ  պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ 300-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:

Նիստին մասնակցում էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա և Ռոբերտ Քոչարյանը խուսափեցին դուրս գալ դատարանի գլխավոր մուտքից և հայտնվել լրագրողների տեսադաշտում:

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ 11:00-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։