Կալանավորն ուշաթափության հասավ, երբ դատարանը փոխեց իր խափանման միջոց կալանքը
Գյումրու Կումայրի բաժնում տեղի ունեցած խոշտանգման գործով «սայլը տեղից շարժվեց»։ Գործընկեր-ոստիկանների կողմից ծեծված Հարություն Պետրոսյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը Forrights-ին հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և որոշեց 500․000 ՀՀ դրամ գրավի դիմաց փոխել Պետրոսյանի խափանման միջոց կալանքը։
«Իմ պաշտպանյալի առողջական վիճակը երեկ շատ ավելի վատ էր։ Մի կերպ պատերից բռնվելով հասել էր նիստերի դահլիճ, դատավոր Ազարյանի որոշման հրապարակման ժամանակ էլ անգամ չհասկացավ, թե դատարանն ինչ է խոսում։ Հենց ասացի, որ դատարանը գրավ է կիրառում, ուշաթափության աստիճանի հասավ․ Շտապ օգնության բրիգադ հրավիրվեց դատարան՝ առաջին բուժօգնության։ Ցավալի է, որ խոշտանգման զոհերը արդարության հասնելու որևէ հույս չեն ունենում մինչև վերջին վայրկյանը»,- նշեց փաստաբան Ղարագյոզյանը։
««Քցողները» որոշում են Հարությունին պատժել՝ իրենց տեղն ասելու համար»
Քրեական հետապնդումը Հարություն Պետրոսյանի դեմ սկսվել էր, կարելի է ասել, կենցաղային պատճառից. նրա հարևանը ինչ-որ մեկի համար ապրանք էր բերել արտասահմանից և տիրոջը չէր տվել, ապրանքի տերն էլ Պետրոսյանից էր փորձել իմանալ իրեն «քցողների» տեղը, գտել էր նրանց ու ծեծի ենթարկել: Վերջիններս էլ որոշում են Հարությունին պատժել՝ իրենց տեղն ասելու համար։ Նրանք հարձակվում են նրա և կնոջ վրա՝ դաժան ծեծի ենթարկելով ամուսիններին։
Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվում հարևանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրա ընտանիքի անդամները, սակայն ժխտում են, որ հայրը մեղավոր է. նա ընդամենը պաշտպանել է իր կնոջը․
«Իրենք գործը թաքցնելու միտում են ունեցել հենց ամենասկզբից։ Մամայիս դատաբժշկական փորձաքննության են ենթարկել ծեծից 14 օր հետո, երբ արդեն վնասվածքներն ու գլխուղեղի հավանական ցնցումներն անցել էին։ Ես պահել եմ բոլոր լուսանկարներն ու փաստաթղթերը, որոնք ապացուցում եմ ծնողներիս մարմնի վրա առկա կապտուկներն ու վնասվածքները»,- ներկայացնում է Հարություն Պետրոսյանի աղջիկը՝ Սվետլանա Պետրոսյանը։
Ոստիկանությունում Հարություն Պետրոսյանը իր իսկ գործընկեր-ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվում
Իրադրությունը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Հարություն Պետրոսյանին սեպտեմբերի 28-ին բերման են ենթարկվում ոստիկանության Կումայրիի բաժին և իր իսկ գործընկեր-ոստիկանների կողմից խոշտանգվում։
«Բաժնի պետ Կարեն Գևորգյանն ու պետի տեղակալ Արթուր Հակոբյանն էնքան են պապայիս ծեծում, որ ճնշումը բարձրանում հասնում ա 220-ի։ Սրանք վախենում են, որ կմահանա ու արագ Շտապ օգնություն են կանչում, բայց չեն թողնում, որ դեղորայքային բուժում կատարեն: Եղբայրս էլ պապայիս հետևից գնում ա բաժնի մոտ ու պահանջում, որ հորս ուղարկեն Մուշի բաժին, որ էլ չծեծեն», — ասում է Սվետլանա Պետրոսյանը, կից ներկայացնելով Շտապ օգնության կանչի թերթիկները:
Ոստիկանության «Մուշ» բաժին տեղափոխելուց հետո նոր միայն հնարավոր է եղել արձանագրել Հարություն Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքները:
Կումայրու ոստիկանական բաժնի աշխատակիցներ Արթուր Հակոբյանին և Կարեն Գևորգյանին առաջադրվում է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 309 պրիմ 1 հոդածով՝ խոշտանգում։ Գործն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է։
«Համաներման ակտը տարածվում է Հարությունի վրա, սական քննիչները չեն ցանկանում ազատ արձակել»
Հատկանշական է, որ Հարություն Պետրոսյանին առաջադրված հոդվածը՝ Քրեական օրենսգրքի 112-ի 1-ին կետը, ներառված է «Համաներման մասին» օրենքում, սակայն «քննչական խումբը չի ցանկանում ազատ արձակելՊետրոսյանին»․
«Համաներումը պապայիս վրա ազդում ա, բայց քննիչներն ամեն ինչ անում են, «ցրում» են իրենց վրայից, որ գործն ուղարկեն դատարան։ Իրա հոդվածը՝ Քրեական օրենսգրքի 112-ի 1-ը նախատեսում ա 3-ից 7 տարի ազատազրկում, բայց, քանի որ պապաս դատվածություն չի ունեցել, համ էլ 3-րդ կարգի հաշմանդամ ա, իրեն առավելագույնը կտան 4 տարի ազատազրկում, էդ էլ նշանակում ա, որ համաներման ակտը տարածվում ա իրա վրա»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Սվետլանա Պետրոսյանը։
Խնդրին իրավական տեսանկյունից անդրադարձավ նաև պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Նա փաստեց, որ չնայած Հարություն Պետրոսյանի դեպքում առկա են մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ՝ առողջական ծանր վիճակը, հաշմանդամության աստիճանը, որդու՝ Արցախ ծառայությունը, առաջին դատվածությունը և այլն, այնուամենայնիվ հոդվածով առավելագույն պատժաչափը 7 տարի ժամկետն է, իսկ օրենքի մեջ սահմանվում է մինչև 4 տարի ժամկետով։
«ՔՕ 112-ի 1-ին մասով հոդվածը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում, համաներման օրենքում այս հոդվածը ներառված է, սակայն առավելագույնը 4 տարով ազատազրկված անձանց դեպքում է գործում։ Այսինքն, այս գործը պետք է գնա դատարան, դատարանը պետք է հաշվի առնի մեղմացուցիչ հանգամանքները և համապատասխան դատավճիռ իրականացնի։ Եթե սահմանեց առավելագույնը 4 տարի ազատազրկում, ապա համաներման ակտը կտարածվի Հարություն Պետրոսյանի վրա և նա ազատ կարձակվի։ Առկա մեղմացնող հանգամանքները ոչ թե քննչական մարմինը պետք է գնահատի, այլ դատարանը»,- մանրամասնեց Ղարագյոզյանը։
Forrights-ին գրեթե նույնաբովանդակ պատասխան տվեց ՀՀ գլխավոր դատախազությունը։ Վերջինս տեղեկացրեց, որ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե հանցագործության մեջ մեղադրվող անձանց համար նախատեսված է պատիժ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով․
«Հարություն Պետրոսյանին մեղսագրվում է հանցանք, որի համար նախատեսումէ պատիժ երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում։ Քրեական գործի նախաքննության փուլում Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը համաներման ակտ ընդունվելու հիմքով դադարեցնելու հիմքեր առկա չեն»,- մեր հարցմանն ի պատասխան նշել էր Գլխավոր դատախազությունը։
«Հարություն Պետրոսյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար սահմանված 500․000 ՀՀ դրամ գրավը քիչ առաջ վճարվեց և Հարությունն ազատ արձակվեց»։ Այս մասին քիչ առաջ Forrights-ին հայտնեց Հարությունի աղջիկը՝ Սվետլանան։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: