Սարի թաղի գործով ՀՔԾ կասեցված որոշումը բողոքարկվեց

1064

2018թ. նոյեմբերի 17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների դեմ:

Կազմակերպությունը 2018թ.-ի հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացվել է որոշում կազմակերպության կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին: Գլխավոր դատախազությունը իր որոշման մեջ արձանագրել է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, սակայն «հիմնավոր կասկածից վեր» ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և հնարավոր չի եղել պարզել գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա մյուս անձին կամ անձանց, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:

Կազմակերպությունը դատարան ներկայացված բողոքում պնդել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է ութ քաղաքացիական անձանց ինքնությունը, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և կատարել են խուլիգանություն:

Ըստ քննիչի ու դատախազի՝ հիշյալ անձինք գործի քննության ընթացքում տված ցուցմունքներով որևէ տեղեկություն չեն հայտնել ոստիկանության ծառայողների կամ այլ անձանց կողմից ուղղորդված լինելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ գործում առկա են եղել տեղեկություններ և ապացույցներ, որ ոստիկանների ուղղությամբ քարերով զինված և վազող քաղաքացիական հագուստով անձինք անհետացել են ոստիկանական ուժերի թիկունքում, սակայն նրանց նկատմամբ ոստիկանության ներկայացուցիչների կողմից որևէ քայլ չեն ձեռնարկվել:

Կազմակերպությունն իր բողոքում պնդել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական գնահատական չի տվել 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում և Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողների կողմից օրենքով չնախատեսված կիրառված հատուկ միջոցների օրինականության, համաչափության և անհրաժեշտության հարցին:

Ըստ ականատեսների վկայությունների, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից հրապարակված բազմաթիվ տեսանյութերի՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության կողմից, առանց պատշաճ նախազգուշացման, հատուկ միջոցներ կիրառվել են ոչ թե այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են սադրել հավաքի խաղաղ մասնակիցներին, այլ հավաքի խաղաղ մասնակիցների և լրագրողների նկատմամբ:

Կազմակերպությունը իր կողմից դատարան ներկայացված բողոքում պահանջել է վերացնել թիվ 61205016 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին հատուկ քննչական ծառայության 18.09.2018թ. և գլխավոր դատախազության 16.10.2018թ. որոշումները և վերսկսել թիվ 61205016 քրեական գործով վարույթը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված որոշման համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

Գրություն Գլխավոր դատախազություն հոկտեմբերի 16, 2018թ.
Գրություն Հատուկ քննչական ծառայություն սեպտեմբերի 18, 2018թ.